Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս իշխանությունը չի մարսում Գյումրու ընտրությունների արդյունքները». Գառնիկ Դանիելյանը` Վարդան Ղուկասյանի որդու ձերբակալության մասին

Սեպտեմբեր 12,2025 21:12

ՀՀ ԱԺ «Հայաստան» դաշինքի ՀՅԴ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն ձերբակալելուն՝ ասաց. «Որ այս իշխանությունը չի մարսում Գյումրու ընտրությունների արդյունքները, ակնհայտ էր ընտրություններից արդեն մի քանի ժամ հետո: Իրենց հայտարարությունները, ինչ խոսույթով հանդես էին գալիս նախընտրական եւ հետընտրական շրջանում, այն վայնասունը, որ դրվել էր եվրոդաշինքի կողմից, որոնք, գաղտնիք չէ, իշխանության պրոքսի ուժերն են, դա էին վկայում: Բայց ի՞նչ է իրականում տեղի ունեցել:

Սրանով փորձում են հարված հասցնել Վարդան Ղուկասյանին: Այսինքն, անցել են Վարդան Ղուկասյանի ընտանիքին: Սա ճնշում է, որպեսզի կարողանան հերթական համայնքը զավթեն, գրավեն: Գյումրիի ընտրությունները ցույց են տալիս, որ սրանք արդեն ոչ մի տեղ մեծամասնություն կազմելու ունակություն չունեն, որովհետեւ ժողովրդի կողմից մերժված են: Եվ փորձում են այս մեթոդներով ազդել Վարդան Ղուկասյանի վրա: Վարդան Ղուկասյանն էլ իր ելույթում ասաց, որ ինքը շատ ավելի ռադիկալ ու հետեւողական է լինելու:

Այսինքն, ճնշելու, լռեցնելու սրիկայական մեթոդների կիրառումը մանկապարտեզի առջեւ, մանկահասակ երեխայի ներկայությամբ, ցույց է տալիս սրանց պրիմիտիվությունը: Ես հույս ունեմ, որ այս ճնշումները ավելի վատ են լինելու իրենց համար, որ մարդկանց ավելի շատ են տրամադրում իրենց դեմ»:

Խոսելով հանրապետությունում հանցագործությունների, այդ թվում սպանությունների աճի մասին՝ պատգամավորը ասաց. «Ուշադրություն դարձրեք, թե ոստիկանական զորքերը որտեղ են հարյուրներով, հազարներով արեւի, ձյան, անձրեւի, կարկուտի տակ կանգնում: Ամառանոցում, որտեղ օրական $ 4200-5000 ծախս են անում, կառավարության շենքի, դատարանների շենքերի մոտ են ոստիկանական զորքերը շարում: Երեւանից մինչեւ սահմանամերձ մարզեր, Տավուշից մինչեւ Սյունիքի մարզ, հյուսիսից հարավ ամբողջ ճանապարհին ամեն մետրի վրա մեկ ոստիկան են կանգնացնում ու փրկարար ծառայության մի աշխատող, ինչ է թե մեծապատիվներին պատվի արժանացնեն: Ոստիկանները զբաղված են այդ գործով:

Նախարարի տեղակալին եմ ասել. խելքներդ գլուխներդ հավաքեք: Այդ ոստիկաններին ուղարկեք բակեր, թող գիշերային հերթապահություն անեն: Ուզում եք հանցագործներին գտնել ու չեք կարողանո՞ւմ: Քաղաքում ամեն մետրի վրա մի տեսախցիկ է դրած: Իմ գործով ես ութ տեսախցիկի տեսաձայնագրություններն եմ տարել, քննչական մարմիններին տվել: Բայց մի ընդդիմադիր մի բան ասի, թե ինչ է կատարվում Հայաստանում, այդ տեսանյութերը սիրուն կհանեն, կկտրտեն, դեռ խոսքը չավարտած, այդ մարդու մեղադրանքը, քրեական գործը կախում են»:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930