Երգիչ Հարութ Փամբուկչյանը գեղեցիկ, համով-հոտով համերգ է խոստանում պետության կողմից ֆինանսավորվող «Ֆեստիվառ» երաժշտական նախագծի շրջանակներում։ Առաջին հայացքից ոչ մի խնդիր, եթե չնայենք համերգի ամսաթվին՝ սեպտեմբերի 13։
2022-ին հենց այդ օրը ադրբեջանական զինուժը Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի ուղղությամբ հարձակվեց Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա։ Հայկական կողմը, ըստ պաշտոնական տվյալների, 224 զոհ տվեց, օկուպացվեցին ինքնիշխան տարածքներ։ Արյունալի մարտերից ուղիղ երեք տարի անց պետական մակարդակով և պետբյուջեի ֆինանսավորմամբ «Ֆեստիվառ» է կազմակերպվում Հրազդանում։
«Օրվա ընտրությունը մեզ համար շատ վիրավորական է»,- ասում է զոհերից Նշան Պետրոսյանի քույրը։ Անհարգալից վերաբերմունք են համարում 2022 թվականի սեպտեմբերի 13-ի զոհերի հարազատները տարելիցի օրը տոնակատարություն կազմակերպելը։ Զոհված ժամկետային զինծառայող Նշան Պետրոսյանի քույրը՝ Աննա Պետրոսյանը, Factor TV-ի հետ զրույցում նշում է՝ այդ օրը պետք է զոհերի հիշատակը ոգեշնչող միջոցառումներ կազմակերպվեին, ոչ թե տոնական համերգներ։ Այս տարվա երեք համերգի համար պետբյուջեից միջոցառման կազմակերպիչ Հանրային ՀԸ-ին 211 մլն դրամ է հատկացվել։
Միջոցառումն անցկացվում է Ժաննա Անդրեասյանի ղեկավարած ԿԳՄՍ-ի վերահսկողությամբ։ Ինչու է պետական մակարդակով ֆինանսավորվող միջոցառումը, որին երբեմն ներկա է լինում նաև Նիկոլ Փաշինյանը, անցկացվում ռազմական գործողությունների տարելիցի օրը։ ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ ոլորտային հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի ձևակերպմամբ՝ պետությունը կազմակերպչական մանր հարցերին չի միջամտել։
Կարդացեք նաև
Նարեկ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում