«Թրամփի ուղուն» ազդելու հնարավորություններից Հայաստանին առավելագույնս մեկուսացնելու ռազմավարություն արդեն կիրառվել է։ Չինաստանում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) ֆորումի՝ իր ելույթներից մեկում Ալիեւն ակնարկել է, որ Զանգեզուրի միջանցքը կլինի ոչ միայն Արեւմուտք-Արեւելք, այլեւ Հյուսիս-Հարավ միջանցքի, այսինքն՝ Իրան-Նախիջեւան-Մեղրի-Բաքու-Ռուսաստան երթուղու մաս։ Ալիեւի՝ երթուղու այլ փոխդասավորության առաջարկից հայտնի է դառնում, որ Հայաստանը չպետք է հույսը դնի այն բանի վրա, որ Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան երթուղին նույնպես կանցնի Մեղրիի միջանցքով։ Միաժամանակ՝ Ռուսաստանին եւ Իրանին առաջարկվեց բարեկամանալ Ադրբեջանի հետ եւ չհակադրվել Զանգեզուրի միջանցքի բացմանը։
Եթե հաշվի առնենք նաեւ այն փաստը, որ Թուրքիան սկսել է Կարսից մինչեւ Նախիջեւան Արաքս գետի երկայնքով երկաթուղու կառուցումը, ապա ակնհայտ է դառնում թուրքերի եւ ադրբեջանցիների ցանկությունը՝ հեռացնել Հայաստանին Բաքվից մինչեւ Կարս ապագա Արեւելք-Արեւմուտք երթուղուց։ Թուրքիայի եւ Ադրբեջանի ծրագրերում անտեսվում է Նախիջեւանից մինչեւ Շիրակ գործող երկաթուղու առկայության գործոնը։ Այսինքն՝ «Թրամփի ուղու» շահառուներն այս հարցում Հայաստանի հետ համագործակցելու ցանկություն չեն հայտնում։ Իրականում խաղաղության կառուցվածքից բացակայում է բարի մտադրությունների ամենակարեւոր տարրը, ինչն այդ խաղաղությունը դարձնում է շատ փխրուն։
«Խաղաղության կառուցվածքի» թուլությունը դրսեւորվում է վերջին հանգամանքում։ Ոչ ոք չի կարող ենթադրել, թե որքան ժամանակ կարող է այս կառուցվածքը գոյատեւել։ Ամեն ինչ կախված է միայն տերություններից։ Մեղրիի հատվածը ԱՄՆ-ի վերահսկողությանը հանձնելով՝ ՀՀ-ն կորցրել է գործընթացների վրա ազդելու ցանկացած հնարավորություն։ Իսկ աշխարհում գործընթացներն արագ զարգանում են։ Ռուսաստանը, որ մի շարք փոխշահավետ հարցերում սիրախաղ է անում Միացյալ Նահանգների հետ, դեռեւս փորձում է ազատվել Թրամփի թելադրանքից։ ՇՀԿ-ի վերջին ֆորումում Չինաստանում դրսեւորվեցին տերությունների նոր խմբավորման կամ նոր աշխարհակարգի կառուցման միտումները։
ԱՄՆ նախագահը կտրուկ արձագանքեց առաջատար տերությունների վարքագծին՝ դրանք որակելով իբրեւ Միացյալ Նահանգների դեմ դավադրության փորձեր։ Այսինքն՝ Ամերիկայի եւ արեւելյան ավտորիտար տերությունների միջեւ նկատվում է աճող առճակատում։ Ինչպե՞ս կարող է սա ազդել Արեւմուտքն ու Արեւելքը կապող ցամաքային կետերից մեկի՝ Մեղրիի հատվածի հաղորդակցությունների իրավիճակի վրա։ Կարծում եմ, որ դա շատ կառուցողական ուղղությամբ չի լինի։ Ամենայն հավանականությամբ՝ դրանք կվերածվեն հակառակորդների ազդեցությունը փոխադարձաբար զսպելու մեխանիզմի։ Այդ դեպքում կպահպանվի՞ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հրադադարը՝ դժվար է ասել:
Կարդացեք նաև
Փոխարենը բավական խոսուն է Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից նախագծված քարտեզը՝ Արեւմուտք-Արեւելք երթուղու պատկերմամբ: Այն հստակ ցույց է տալիս, որ Հայաստանի այս հարեւանները ցանկություն չունեն իրենց ծրագրերը կապել ՀՀ տարածքի հետ՝ բացի «Թրամփի ուղու» այն հատվածից, որի վերահսկողության կարգավիճակն անորոշ է: Այստեղ գլխավոր հետաքրքրությունն այն է, որ այս մոտեցմամբ Հայաստանի կողմից առաջարկվող «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հեռանկարները լիովին անորոշ են։ Ի վերջո, նման նախագիծը իմաստ ունի միայն Իրանից դեպի Հայաստան Նախիջեւանով երկաթուղային երթուղու բացման դեպքում։ Իրանը, հավանաբար, չի ցանկանա ընդունել Ադրբեջանի առաջարկած երթուղին՝ Հարավային Կովկասի տարածք մուտք գործել ԱՄՆ-ի կողմից վերահսկվող «Թրամփի ուղու» հատվածով։
Սակայն հարցը մնում է հետեւյալը. արդյոք Ադրբեջանն ու Միացյալ Նահանգները թույլ կտա՞ն Իրանին՝ Նախիջեւանի տարածքի Ջուլֆա-Երասխ հատվածով մուտք գործել Հայաստան։ Եթե ոչ, ապա «Խաղաղության խաչմերուկ» գաղափարը կդառնա պատրանք:
Իրավիճակն ավելի է լրջանում այն բանի շնորհիվ, որ Ռուսաստանը, ըստ երեւույթին, միանում է Ադրբեջանի ու Թուրքիայի նախագծին։ Ադրբեջանի եւ «Թրամփի ուղի» հատվածի միջոցով Իրան մուտք գործելը բավականին հարմար է նրան։ Սա հաստատվում է ՏԱՍՍ-ի գործակալությանը ՌԴ փոխվարչապետ Օվերչուկի տված հարցազրույցով: Նա ասել է. «Մենք ունենք պատկերացում, թե ինչպես է դա տեղի ունենալու. այդ ճանապարհի կառուցումը կնպաստի Եվրասիայի համար ընդհանուր տրանսպորտային շրջանակի ձեւավորմանը։ Եվ եթե նման ճանապարհ հայտնվի, այն, ի թիվս այլոց, կնպաստի ՌԴ-ի հետ Հայաստանի կապին։ Մեր գնահատականներով՝ սա, հավանաբար, կլինի մեր երկրների միջեւ ապրանքափոխադրումների հիմնական ճանապարհը»։
Իհարկե, կա մեկ ուժեղ տարբերակ տարածաշրջանային հաղորդակցությունների գծով՝ Հայաստանի եւ Վրաստանի համատեղ ռազմավարությունը։ Այն թույլ կտա քաղաքական շրջանառության մեջ մտցնել ծանրակշիռ խաղաքարտ։ Տեսեք՝ Վրաստանը գտնվում է շատ մեկուսացված իրավիճակում, եւ նման նոր ռազմավարությունը թույլ տալ նրան խզել քաղաքական մեկուսացման կապանքները։ Չմոռանանք, որ Հարավային Կովկասից Եվրոպա ցանկացած ելք հնարավոր է միայն Հայաստանի եւ Վրաստանի տարածքով։ Նույն մեկուսացման իրավիճակին մոտեցող Հայաստանը կարող է Վրաստանին առաջարկել համատեղ գործողությունների նախաձեռնություն։
Այդ դեպքում այս երկրները նույնպես իրենց հարեւաններին առաջարկելու ինչ-որ բան կունենան։ Եվ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է իրականություն դառնալ։ Այն ոչ պակաս արժեքավոր է Վրաստանի, քան Հայաստանի համար:
Մանվել ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում