«Եթե առաջ պայքարում էինք, նույնիսկ մեզ ինքնավնասում էինք, որ տանեն ՑԵԲԵ («Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-հեղ․), հիմա պիտի նենց անենք` տեղափոխենք «Արմավիր»-ի բուժմաս»,-մեզ հետ զրույցում նշեց «Սեւան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներից մեկը։
Օրերս շահագործման հանձնվեց առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Արմավիր» ստորաբաժանումը։ Այստեղ կարող է բուժում ստանալ 95 պատիժ կրող անձ, սակայն «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի տնօրեն Կամո Մանուկյանի խոսքով՝ ստացիոնար բուժում դեռ չի իրականացվում, այն կսկսվի որոշ ժամանակ հետո։
Նորագույն բուժսարքավորումներով, այդ թվում` լաբորատոր-ախտորոշիչ, ռենտգեն սարքավորումներով, դեղատնով համալրված կենտրոնի բացմանը ներկա էին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, Ազգային ժողովի պատգամավորներ, ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչներ եւ այլ պատկան մարմինների ներկայացուցիչներ։
Կարդացեք նաև
«Անկախ նրանից, թե անձը որտեղ է գտնվում, նրա առողջության համար հոգ տանելը պետք է լինի մեր առաջնահերթությունը. ուրախ եմ, որ երկու գերատեսչությունների` առողջապահության եւ արդարադատության նախարարությունների համատեղ աշխատանքի շնորհիվ ազատազրկված քաղաքացիներին այժմ պատշաճ բուժծառայությունները հասանելի են հենց քրեակատարողական հիմնարկներում»,- նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Բուժմասի նորոգման աշխատանքները մեկնարկել են 2019թ-ին։ Այն իրականացվել է կառավարության ֆինանսավորմամբ։ Ըստ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկանքի՝ վերանորոգման ու վերազինման նպատակով տարբեր դրամաշնորհի պայմանագրերով հատկացվել է մոտ 237 մլն դրամ։
«Հերթագրվել եմ ՄՌՏ-ի համար, որ պիտի տանեն, հույս ունեի՝ որ բուժմասը սկսի աշխատել, ՄՌՏ կունենան, բայց պարզվեց` չկա։ Հա, սիրուն է, բայց ասա՝ կարան աշխատեն։ Ասենք, ես ունեմ ոսկերչության գործիքներ՝ ամենավերջին արտադրանքի, բայց որ մասնագետ չեմ, ի՞նչ անեմ գործիքները։ Հիմա բերել լցրել են տարբեր սարքավորումներ ու գործիքներ, որ մասնագետ չի լինելու՞, մեզ պե՞տք էր, մի բան լինի, էլի տանելու են քաղաքացիական հիվանդանոց։ Էլի մարդ վատանա՝ մահանա, չեն կարալու փրկեն»,-մեզ հետ զրույցում նշեց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ։
Առողջապահության նախարարությունից հակադարձում են՝ այս պահին «Արմավիր» ստորաբաժանումով 43 աշխատակից կա, 20-ն էլ նախատեսվում է ավելացնել կապված ստացիոնար բուժօգնություն տրամադրելու հետ, համապատասխան բժիշկներով ստորաբաժանումն ապահովված է։ Ինչ վերաբերում է հոգեկան առողջություն ունեցող պատիժ կրող անձանց, ապա նրանց բուժումը իրականացվելու է «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» մասնագիտական կենտրոնում:
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդգծել է անազատության մեջ գտնվող անձանց համար նոր բժշկական հաստատության ստեղծման կարեւորությունն ու անհրաժեշտությունը, նոր բժշկական հաստատության ստեղծումն արդարադատության նախարարության ռազմավարական խնդիրներից մեկի լուծումն է։ «Այս բժշկական հաստատությունը նոր հնարավորություն է նոր որակի բժշկական ծառայություններ մատուցելու անազատության մեջ գտնվող անձանց համար»-նշել է նա:
Ի դեպ, հաջորդը նախատեսվում է արդիականացնել «Սեւան» ՔԿՀ-ի բուժմասը։ Այս մասին, երկու օր առաջ նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ Ամփոփելով իրականացված բարեփոխումների ծրագիրը, նախարարը նշել է, որ ներդրվել է հեռաբժշկության հնարավորություն՝ առաջատար կլինիկաների մասնագետների ներգրավմամբ, բուժանձնակազմը ապահովվել է պատշաճ մակնշված արտահագուստով եւ կապի միջոցներով, հստակեցվել եւ կանոնակարգվել են նրանց գործառույթները պաշտոնի անձնագրերով, ինչպես նաեւ 10 % -ով բարձրացվել է աշխատակիցների միջին աշխատավարձը:
Ըստ Անահիտ Ավանեսյանի՝ քրեակատարողական հիմնարկներում բարեհաջող իրականացվել է «Հեպատիտ Ց» -ի էլիմինացման ծրագիրը, տուբերկուլոզի սքրինինգային ծրագիրը։ Կանոնակարգվել է քաղաքացիական հիվանդանոցներում նեղ մասնագիտական բժշկական օգնության տրամադրման ցուցումները եւ ուղեգրման կարգը։
Չնայած պատկան կառույցները պարբերաբար ներկայացնում են քրեակատարողական հիմնարկներում իրականացված բարեփոխումները, այնուամենայնիվ անազատության մեջ գտնվողները, ըստ մեր հարցախույզի, շարունակում են դժգոհել բանտային բուժծառայությունից։ Հարցախույզն ամփոփ՝ կներկայացնենք առաջիկայում։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ
Լուսանկարները՝ քրեակատարողական ծառայության կայքից