«Այս պահին Հայաստանի նկատմամբ ռազմական սպառնալիքները շատ ցածր են՝ համեմատած մի քանի ամսվա կամ մեկ տարի առաջվա հետ»,- այսօր «Համապարփակ անվտանգություն եւ դիմակայունություն-2025» միջազգային համաժողովի շրջանակներում լրագրողներին ասաց Արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը։
Նա նշեց, որ մեծամասամբ դրան նպաստել են օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները։ «Բայց չպետք է մեր հաշվարկից հանել կամ մոռանալ նախորդ շրջանի, այդ թվում՝ սահմանազատման շրջանակներում կատարված աշխատանքը, որը ստեղծել է այդ հիմքը եւ հնարավորությունները։ Մենք քարը քարի վրա կառուցել ենք, բայց նաեւ ասենք, որ դեռ շատ բան ունենք անելու»,- ասաց նա։
Գրիգորյանի խոսքով՝ ժամանակակից անվտանգության հայեցակարգերն արդեն քանի տարի է՝ ապացուցում են, որ անվտանգության հայեցակարգն ընդլայնվել է ոչ միայն փոքր պետությունների, այլ նաեւ մեծ պետությունների համար։ Բայց դա շատ ուղիղ կապ ունի պետությունների՝ իրենց միկրոռեգիոններում անվտանգության, կայունության, փոխընկալման, հաշտեցման եւ բարօրության կառուցման հետ։
«Եվ այս առումով ՀՀ-ն եւ հարեւանները բացառություն չեն։ Այստեղ թիմային աշխատանք ունենք անելու, եւ պիտի կողմերը, պետությունները, դերակատարները յուրաքանչյուրը շատ ուշադիր լինեն այն քայլին, որն անում են եւ այն խոսքին, որն ասում են, որպեսզի որեւէ ձեւով չվնասենք փխրուն կայուն հիմքը, որն ստեղծել ենք այս առումով»,- հավելեց նա։
Կարդացեք նաև
Հարցին, թե Հայաստանի համար անվտանգային տեսանկյունից սպառնալիքներ կա՞ն, Քրիստիննե Գրիգորյանը պատասխանեց․ «Այս պահին սպառնալիքներ կան բնականաբար։ Զուտ ռազմական սպառնալիքները շատ ցածր են համեմատաբար, մի քանի ամիսների համեմատ կարող ենք ասել՝ շատ ցածր են։ Բայց սպառնալիքներ կան մեր ժողովրդավարության նկատմամբ, այսինքն՝ դրանք չպետք է թերագնահատել, որովհետեւ ժողովրդավարությունը մեր շարժման տեմպը, ռեժիմն է ու մեր շարժման գաղափարախոսությունն է։ Եթե դա վտանգվի, դրա նկատմամբ սպառնալիքները մենք չգնահատենք, որոնք մեծամասամբ հիբրիդային սպառնալիքներ են․․․ Պիտի այդ սպառնալիքները տեսնենք եւ հասցեագրենք մեր ամենօրյա աշխատանքում»։
Հարցին, թե որ երկրից են գալիս ՀՀ ժողովրդավարության նկատմամբ սպառնալիքները, նա պատասխանեց․ «Ժողովրդավարության նկատմամբ սպառնալիքները չեն գալիս մեկ պետությունից կամ մեկ դերակատարից, դրանք գալիս են համակցված, գալիս են առանձին-առանձին։ Բայց ես ձեզ կարող եմ վստահ պնդել, որ չկա որեւէ պետություն, որի ժողովրդավարության, կամ կառավարման կարգի նկատմամբ, կամ անվտանգության սպառնալիքները գալիս են մեկ դերակատարից ու պետությունից։ Եվ Հայաստանը բացառություն չէ»։
«Անվտանգության սպառնալիքները երբեք չեն վերանալու, մենք՝ որպես մարդկային տեսակներ, պիտի հաշտ լինենք դրա հետ։ Սպառնալիքների հասցեագրման աշխատանքում մենք պիտի կարողանանք մեծ պատկերը բաց չթողնել։ Այսինքն՝ ոչ թե աշխարհին նայենք մի փոքր դիտանկյունից, որը շատ փոքր է եւ ցույց չի տալիս ամբողջ համապատկերը, այլ փորձենք ամեն պատկերում եւ շատ արագ փոփոխության մեջ, որովհետեւ աշխարհը շատ արագ է փոխվում, կարողություն ունենանք տեսնելու այդ ռիսկերը եւ գտնելու ստեղձագործ լուծումներ, որը բնականաբար, հիմնված է այն լեգիտիմության վրա, որի մասին խոսեցինք»,- հավելեց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ