Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի գործողությունները կրում են ենթադրյալ հանցագործության հատկանիշներ`պաշտոնեական լիազորությունների չարաշահում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց անազատության մեջ գտնվող բարերար Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհրդի անդամ, փաստաբան Արմեն Ֆերոյանը:
-Մեր փաստաբանական թիմը խորը ուսումնասիրության է ենթարկում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի գործողությունները ՝ քրեաիրավական ասպեկտում: Այս պահին մեր ձեռքի տակ եղած փաստաթղթերն ու ապացույցները բավարար հիմք են տալիս՝ գալու այն եզրահանգման , որ հանձնաժողովի նախագահի գործողությունները կրում են ենթադրյալ հանցագործության հատկանիշներ: Երբ հանրահայտ արբիտրաժային դատարանի ակտը հրապարակվեց ու հասու դարձավ հանձնաժողովի նախագահին, նա գրություն հասցեագրեց կառավարությանը՝ խնդրելով պարզաբանում այդ ակտի կատարման հետ կապված կառավարության դիրքորոշում: Այնտեղից այդ գրությունը մակագրվում է միջազգային հարցերով մասնագետին, ղեկավար անձնակազմին, ով պատասխանում է՝ արբիտրաժային դատարանի որոշման կատարումը պարտադիր բնույթ է կրում, այս դեպքում պետք է կասեցվի կառավարչի լիազորությունները,- ասաց Ֆերոյանը:
Նա նկատեց, որ այդպես էլ հանձնաժողովի նախագահը չկատարեց կառավարության դիրքորոշումը, որը արտահայտվեց ի դեմս միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի:
Կարդացեք նաև
Փաստաբանը կոչ արեց բոլորին ձեռնպահ մնալ օրենք խախտելուց, քանի որ, ըստ նրա, դրա համար ուշ, թե շուտ պատասխան են տալու:
Պարոն Ֆերոյանը նաեւ նկատեց, որ արբիտրաժային դատարանի ակտի պահանջի չկատարման համար, պետությունը ծախսում է 3,2 միլիոն դոլար:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ