Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք առաջարկում ենք խաղաղության միակ իրական և իրատեսական պլանը ի տարբերություն Փաշինյանի կողմից «խաղաղության» անվան տակ ներկայացվող մեծ նախընտրական խաբեությանը. Լևոն Զուրաբյան

Սեպտեմբեր 15,2025 20:11

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրում է.

«Այն, ինչ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է որպես ձեռք բերված խաղաղություն, իրականում` խաղաղության հաստատման հետ որևէ կապ չունեցող մեծ նախընտրական խաբեություն է և չի կարող անգամ դիտարկվել որպես խաղաղությանը հասնելու պլան` երեք հիմնարար պատճառով:

  1. Խաղաղության պայմանագիր ստորագրված չէ, Ադրբեջանը շարունակում է հրաժարվել այն ստորագրելուց հակառակ Հայաստանի կողմից արդեն իսկ կատարված հսկայական զիջումների: Թուրքիան չի բացում սահմանը, Ադրբեջանը շարունակում է խոշտանգել Արցախի ղեկավարներին և հայ ռազմագերիներին իր բանտերում և կառուցել քրեական մեղադրանքներ Հայաստանի դեմ:
  2. Վաշինգտոնյան պայմանավորվածությունները կրում են միակողմանի բնույթ, հաշվի չեն առնում աշխարհաքաղաքական օրեցօր հզորացող միավորման` ԲՌԻՔՍ-ի, այդ թվում մեր ռազմավարական դաշնակիցներ Ռուսաստանի ու Հնդկաստանի և ռազմավարական գործընկերներ Չինաստանի ու Իրանի շահերը: Նման միակողմանի կարգավորումը աշխարհաքաղաքական ռումբ է դնում խաղաղության հաստատման գործընթացի տակ` էապես բարձրացնելով Հայաստանի պրոքսի պատերազմի թատերաբեմ դառնալու վտանգները:
  3. Հայաստանի ղեկավարության կողմից կատարված զիջումները սպառնում են հայկական պետության ինքնության առանցքին: Ադրբեջանի ճնշման ներքո Անկախության հռչակագրից հրաժարումը և մեր պետական խորհրդանիշներից պատմական ինքնությանը վերաբերող բաղադրիչների հեռացումը հավասարազոր է սեփական պատմության և ազգային ինքնության ուրացմանը, ինչն ունի հայկական պետության թուլացման և ամլացման հեռահար նպատակներ:

Մեր խաղաղության պլանը նախատեսում է Զանգեզուրյան տրանսպորտային հանգույցի ստեղծում, աշխարհաքաղաքական գլխավոր խաղացողների հետ «Հայաստանյան դարի գործարքի» կնքում և նրանց մասնակցությամբ միջազգային կոնսորցիումի ստեղծում, որն ի լրումն և զուգահեռ TRIPP ծրագրով նախատեսված երկաթուղու, պետք է կառուցի և շահագործի Հյուսիս-Արևելք երկաթուղի, ավտոմայրուղի և օպտիկական մալուխով լայնաշերտ կապուղի:

Այս պլանը ունի հետևյալ առավելությունները.

  1. Նրա իրագործումը կբարելավի բալանսը տարածաշրջանում և կստիպի Ադրբեջանին հրաժարվել Հայաստանի վրա անվերջ ճնշումների և պահանջների քաղաքականությունից ու կբերի նրան խաղաղության պայմանագիրը ստորագրելու դաշտ:
  2. Հայաստանը աշխարհաքաղաքական առճակատման գոտուց կվերափոխի համագործակցության և զարգացման գոտի, ինչը կստեղծի կայուն ու տևական խաղաղության հեռանկարներ:
  3. Հայաստանը դուրս կգա փաստացի շրջափակումից և տնտեսական կույրաղիքի կարգավիճակից դուրս գալով, կդառնա համաշխարհային տնտեսության արագ զարգացող հաբերից մեկը ` ինչպես նաև բարձրացնելով իր կշիռը միջազգային քաղաքականության մեջ:
  4. Հայաստանը ստիպված չի լինի գնալ մեր ազգային ինքնությանը սպառնացող նվաստացուցիչ զիջումների, որոնք սպառնում են հայկական պետականության գոյությանը:

Այսպիսով, մենք առաջարկում ենք խաղաղության միակ իրական և իրատեսական պլանը ի տարբերություն Փաշինյանի կողմից «խաղաղության» անվան տակ ներկայացվող մեծ նախընտրական խաբեությանը»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930