-Գլուխ են գովում, որ աուդիտ են անցկացնելու… մենք երկու ձեռքով կողմ ենք միջազգային, ամենալավ, ամենաճիշտ աուդիտի անցկացմանը, որի արդյունքներից մենք հետո կխոսենք,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության նախկին գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը:
Դավիթ Ղազինյանն այսօր մեկ առ մեկ մեկնաբանեց իրենց ղեկավարության ընթացքում իրենց վերագրվող բացթողումների մասին մեղադրանքները. «Գնումներ բացառապես մեկ ընկերությունից: Չկա նման բան: Կա մեկ մրցույթ, որին մասնակցել են երեք, թե չորս ընկերություն, հաղթել է մեկը, նախագծման մրցույթն է, որը ենթադրում է շատ մեծ ծավալի աշխատանք: Այն ժամանակ ՀԷՑ-ը որոշում էր կայացրել դա չպատվիրակել մի քանի ընկերության, որ հսկողությունն ավելի հեշտ լինի: Մի քանի հազար ուշացում կապված նոր միացումների հետ, որոնցից 300-ը հենց քաղաքապետարանի թույլտվությունների հետեւանքով է, թույլտվություններ չենք ունեցել, չենք կարողացել նոր միացումներ անել»:
Դավիթ Ղազինյանը անդրադարձավ նաեւ մեղադրանքներին, թե ՀԷՑ-ի ղեկավարությունը թույլ չի տվել, որ արեւային կայանները զարգանան: Նրա խոսքով, ժամանակին սեփական կարիքների համար ՀԷՑ-ը կարող էր 500 կիլովատտ թույլտվություն տալ, հետո հանձնաժողովը կարգը փոխեց սարքեց 150 կիլովատտ. «Իրենք են իջեցրել սահմանաչափերը եւ էլեկտրոտնտեսությունը չի կարողանում պարտադրանքը տեղայնացնել: Շատ երկար տարիներ, համենայնդեպս իրենց 7 տարվա ընթացքում չկարողացան մի գիծ սարքել՝ խոսքը գնում է Իրան-Հայաստան 400 կիլովատտ գծի մասին: Ինչի արդյունքում արտադրանքը լինում է ավելի շատ, քան՝ սպառումը: Որը կարող է առաջացնել ուղղակի կոլլապս: Հիմա ստացվում է, թե ՀԷՑ-ի ղեկավարությունը թույլ չի տվել, որ արեւային կայանները զարգանան»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է շրջանառվող աստղաբաշխական աշխատավարձերի չափերին, ՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն ասաց. «Բացի հանձնաժողովի տված ֆոնդից, ամսական մոտ 150 միլիոն դրամ տալիս է սեփականատերն իր գրպանից…. մի խելոք դեմքով մարդ էլ, որը նախկինների նախկինն է, խոսում էր ինչ-որ վարկեր ներգրավելու եւ աշխատավարձեր տալու մասին: Ուզում եմ տեղեկացնել, որ ՀԷՑ-ի կողմից որեւէ ներգրավված վարկի տոկոս ժողովուրդը չի վճարել: Բոլոր ներգրավված վարկային տոկոսները վճարել է սեփականատերն իր շահույթի հաշվին»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ