Ի՞նչ տեղի ունեցավ Կիրանցում` սահմանազատման գործընթացից հետո: Կիրանցի հողերի հանձնումից հետո նվազեցին գյուղի արոտավայրերը, որի հետեւանքով Կիրանցում պահվող խոշոր եղջերավոր անասունների թիվը որոշակիորեն կրճատվեց։ Բազմակի անգամ նվազեց հացահատիկի մշակությունը․ 2024-ին Կիրանցում հնձվել է 38 հեկտար աշնանացան, այս տարի՝ ընդամենը 6,8 հեկտար։ 2025 թվականին, բացի գյուղի տնամերձ հողամասերը, Կիրանցում գարնանացան չի արվել։
Անցյալ տարի տարբեր պաշտոնյաներ խոստանում էին, որ սահմանազատումից հետո Կիրանցի սահմանագոտում կականազերծվի մոտ 20-25 հեկտար տարածք, գյուղի բնակիչներն այդ հողերը կմշակեն, սակայն այդ խոստումը չիրականացվեց։
Կիրանցի հիմնական դպրոցը 2023-2024 ուսումնական տարում ուներ 42, 2024-2025 ուստարում՝ 34 աշակերտ։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին գրավոր հարցում եմ ուղարկել․ «Ներկայում քանի՞ աշակերտ ունի Կիրանցի դպրոցը, այն ե՞րբ է միջնակարգի կարգավիճակ ստանալու։ Կիրանցի բնակիչ 10-12-րդ դասարանցի քանի՞ աշակերտ կա, նրանք Իջեւան համայնքի ո՞ր դպրոցներում են սովորում, պետական բյուջեից 2025 թվականի համար որքա՞ն գումար է նախատեսված նրանց այլ բնակավայրի դպրոց տեղափոխման եւ վերադարձի համար»։
Մարզպետարանից պատասխանել են․ «Ներկայում Կիրանցի դպրոցն ունի 42 աշակերտ: Կիրանցի բնակիչ 10-12-րդ դասարանցի 9 աշակերտ կա, նրանցից 8-ը սովորում է Ներքին Ծաղկավանի միջն. դպրոցում, 1-ը՝ Սարիգյուղի միջնակարգ դպրոցում: Յուրաքանչյուր ամսվա վերջում դասղեկը հաշվապահին է ներկայացնում տվյալ աշակերտի հաճախումների թիվը, ըստ որի՝ յուրաքանչյուր օրվա համար տեղափոխման եւ վերադարձի համար աշակերտին տրվում է 200 դրամ»:
Կարդացեք նաև
Մինչդեռ տարբեր իշխանավորներ ոչ պաշտոնապես հայտարարում էին, որ Կիրանցի դպրոցի նոր շենքի գործարկումից հետո դպրոցը ստանալու է միջնակարգի կարգավիճակ, ու գյուղի բարձր դասարանցիներն ուսման համար չեն հասնելու Ներքին Ծաղկավանի ու Սարիգյուղի դպրոցներ։
Սահմանազատումից հետո Կիրանցի բնակիչների կենցաղն էլ չի բարելավվել: 2024-ի դեկտեմբերին Կիրանց բնական գազ է մտել, սակայն գյուղի տներ գազատարի ճյուղավորումներ չեն տարվել, առանձնատները գազիֆիկացված չեն, բնակիչները գազի բաժանորդ չեն դարձել։
2024 թվականին հայտարարվեց Կիրանցում կամ հարակից տարածքներում մարզաբազայի եւ համայնքային բիզնես-ինկուբատորի ստեղծման ծրագրերի մասին։ Մեկ տարի անց այդ ուղղությամբ ոչինչ չի արվել։ Մարզպետարանից այդ կապակցությամբ էլ հայտնել են․ «Կիրանց բնակավայրի եւ հարակից տարածքների զարգացման հետ կապված, որպես առաջին փուլի գործողությունների շարք, մշակվել է զարգացման ագրոզբոսաշրջության ծրագիր Տավուշի մարզի գործընկեր Ֆրանսիական Օ՝ Դը Սեն տարածաշրջանի վարչակազմի հետ միասին: Ծրագիրն արդեն ներկայացվել է քննարկման ֆրանսիական գործընկերների մոտ, որի շրջանակում առաջարկել ենք համալիր գործողությունների իրականացում՝ թիրախային տարածքում գյուղատնտեսական եւ զբոսաշրջային ներուժի համախմբման նպատակով»։
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում