Երկիրը հրաժարվում է իր ազգային սիմվոլներից, որովհետեւ որոշել է հարեւանների հետ հարաբերություններ կարգավորել:
Թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը համոզված է՝ եթե կնիքից հանվում է Արարատ լեռան պատկերը, այս իշխանությունն անպայման հասնելու է Հայաստանի զինանշանին, ու եթե նրան հաջողվի 2026-ին վերարտադրվել, հաջորդ քայլը դա է լինելու: «Արարատ լեռը՝ որպես հայության հավաքական սիմվոլ, քաղաքական առումով միշտ մտահոգել է Թուրքիային եւ առաջացրել քաղաքական բարդույթ: Պատմական Հայաստանի տարածքների վերադարձի հետ կապված աբբողջ բարդույթը կենտրոնացել է Արարատի շուրջ»,- բացատրում է թուրքագետն ու ընդգծում՝ Սովետական Հայաստանից մինչեւ 90-ականներ՝ անկախ Հայաստան, Թուրքիան մշտապես պայքարել է Արարատ լեռը Հայաստանի սիմվոլիկայից դուրս բերելու համար, եւ դա այդ պետության ու հասարակության բարդույթն է, որը տեղ է գտել նրանց արտաքին քաղաքականության մեջ:
«Հայաստանի որեւէ իշխանություն՝ ո՛չ սովետական, ո՛չ անկախ Հայաստանի, երբեւէ չի մտել այդ բանավեճի դաշտ, եւ երբեւէ որեւէ բանակցությունում այդ հարցը չի եղել օրակարգում: Մշտապես ֆիքսվել է, որ դա հողային պահանջ չէ, այլ ազգային խորհրդանիշ է: Արարատ լեռը եղել է մեր խորհրդանիշը եւ այն ժամանակահատվածներում, երբ մենք պետականություն ենք ունեցել եւ չենք ունեցել: Նույնիսկ մեր թվարկությունից առաջ Արտաշեսյան դինաստիայի ոչ ամենաուժեղ թագավորի՝ Տիգրան 4-րդի թողարկած դրամի վրա է եղել Արարատ լեռը: Հիմա պարտված իշխանությունը թուրքերենով թելադրանքը հայերենով քարոզում է մեր հասարակությանը՝ կեղծ հիմնավորումներ բերելով, թե մեր ինքնիշխանության համար է, «իրական Հայաստանի» համար է, ցանկապատի համար է…»,- «Հրապարակ»-ի հետ զրույցում ասում է պատմաբանը:
Մեր զրուցակիցը հեգնում է՝ նույն տրամաբանությամբ, էպոսի անունից պետք է հանվի «Սասունցի»-ն ու փոխարենը գրվի, օրինակ, «Իջեւանցի», պետք է հանվի Սասունցի Դավիթի արձանը, ու այդպես՝ մինչեւ անգամ անձնանուններ:
Կարդացեք նաև
Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: