Կարգավորվել են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում տեսալուսանկարահանող սարքերի օգտագործման և ստացված տվյալների պահպանմանն առնչվող հարաբերությունները:
Կարգավորումը նպատակ ունի՝
✅պաշտպանելու բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելիս պացիենտների իրավունքներն ու օրինական շահերը,
✅պահպանելու բժշկական ծառայությունների մատուցման ժամանակ բժշկական գաղտնիքը,
✅բացառելու մարդու իրավունքների խախտումներին վերաբերող խնդիրները:
📍Կարևոր դրույթներ.
✅Տեսալուսանկարահանող սարքերի օգտագործումը կառավարվում է բժշկական կազմակերպությունում այդ սարքերի աշխատանքը ապահովող համակարգի միջոցով, սահմանվել են տեսալուսանկարահանող սարքերի տեղադրմանը և տեսանյութին ներկայացվող որոշ կարգավորումներ, սահմանվել է նաև, որ բժշկական կազմակերպություններում նշանակվում են համակարգի գործունեության համար պատասխանատու աշխատողներ, ինչպես նաև համակարգի գործունեության մշտադիտարկում իրականացնող աշխատողներ:
✅Տեսալուսանկարահանող սարքեր օգտագործելու դեպքում ԲԿ-ի տարածքի տեսանելի հատվածներում իրազեկման ցուցանակներ տեղադրելու պահանջի կատարման նպատակով սահմանվել են այդ իրազեկման ցուցանակներին ներկայացվող պահանջները:
✅Հաշվի առնելով տեսալուսանկարահանող սարքերը ԲԿ-ի որոշ տարածքներում (ֆունկցիոնալ ախտորոշիչ կաբինետներ, միջամտությունների սենյակներ, հիվանդասենյակներ, լոգարաններ, սանհանգույցներ) տեղադրելու արգելքը` սահմանվել են թույլատրելի մի շարք տարածքներ` ԲԿ-ի սպասասրահ, միջանցք, վերելակներ, վճարման կետեր և այլ ընդհանուր օգտագործման տարածքներ, ինչպես նաև վիրահատարանները: Ընդ որում, վիրահատարաններում տեղադրված տեսալուսանկարահանող սարքերը կարող են օգտագործվել (գործարկվել) միայն նախքան վիրահատությունը պացիենտի գրավոր համաձայնությունը ստանալու դեպքում:
✅Տեսանյութերը պահվում են առնվազն մեկ ամիս, բայց ոչ ավելի քան երկու ամիս, իսկ օրենքով նախատեսված դեպքերի համար (խախտում հայտնաբերելու և պացիենտների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությանն աջակցելու դեպքեր)` օրենքով սահմանված ժամկետներում:
Կարգավորումները կնպաստեն նաև պացիենտի կողմից տեսալուսանկարահանող սարքերի օգտագործմամբ ստացված իր անձնական տվյալներին ծանոթանալու, դրանց մասին տեղեկություններ ստանալու իրավունքի և «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով ամրագրված` տվյալների սուբյեկտի այլ իրավունքների իրացմանը:
ℹ️Հարկ է նշել, որ ԲԿ-ում տեսալուսանկարահանող սարքերի տեղադրումը (օգտագործումը) չի համարվում պարտադիր պահանջ: Սակայն այն ԲԿ-ները, որտեղ տեղադրված են (օգտագործվում են) տեսալուսանկարահանող սարքեր կամ, որոնք պլանավորում են դրանց օգտագործումը, պետք է առաջնորդվեն սահմանված կանոններով։
Կարդացեք նաև
Ի կատարումն «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 7.1-ին հոդվածի պահանջների` 2025 թվականի մայիսի 29-ին ընդունվել է Կառավարության N 667-Ն որոշումը, որն ուժի մեջ է մտնում 2025 թվականի նոյեմբերի 30-ից:
Կարգավորումներին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
ՀՀ առողջապահության նախարարություն