Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրությունն ունի տրամաբանական առաջնորդության կարիք՝ պետության քայքայման գործընթացը կասեցնելու համար. Տաթևիկ Հայրապետյան

Սեպտեմբեր 16,2025 11:15

«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Վերջերս մի գրառում էի արել Փաշինյանի ստեղծած «կեղծապետության» մասին՝ հերթով նշելով, թե որքան կեղծ է նա իր բոլոր հայտարարություններում ու օրակարգերում։ Օրերս հասկացա, որ նա նաև կեղծ է իր իսկ հռչակած «իրական Հայաստանի» ջատագովության ու քարոզման մեջ։ Երբ սեպտեմբերի 13-14-ին լրանում էր «իրական» Հայաստանի՝ 29,743 քառակուսի կիլոմետրի դեմ իրագործված ադրբեջանական հարձակման տարելիցի երեք տարին, ոչ գերագույն գլխավոր «ստատուսագիրը», ոչ նրան ենթակա այլ «ստատուսագիրներ» հարկ չհամարեցին խոսել ու հիշատակի խոսք ասել մեր 224 զոհերի ընտանիքներին։

224-ը վիճակագրություն չի, դա մարդիկ են։ Ամեն մարդու հետևում կանգնած են նրա ընտանիքի անդամները, նրա հարազատները, նրան սիրող, նրանով ապրող երեխաներ ու սիրելի մարդիկ։ «Իրական» Հայաստանի քարոզիչը ասելիք չունի, երախտիքի խոսք չունի ասելու մեր պետության պաշտպանության համար զոհվածների ընտանիքներին։ Նա գերադասում է «փարթի» կազմակերպել, ուրախանալ, մոռանալ։ Բայց ո՞նց մոռանաս չմոռացվողը։ Ինչպե՞ս մոռանաս մեր զոհերին, այդ օրերին ադրբեջանական կողմի իրականացրած դաժանությունները, ընդհուպ մինչև կին զինծառայողի անդամահատման սարսափելի դրվագը։ Դրան զուգահեռ՝ ինչպե՞ս մոռանաս, որ ադրբեջանական զորքերը նստած են մեր ստրատեգիական բարձունքներում, որոնք ամբողջությամբ տեղավորվում են «իրական» Հայաստանի մեջ․․․

Իր լուռ անտարբերությամբ Փաշինյանը շատ ակնհայտ ուղերձ է հղում հայոց բանակին, հայ զինծառայողին։ Ցավոք, այդ ուղերձը հետևյալն է՝ քո զոհողությունը ոչ ոք չի հիշելու, հակառակը՝ պետության ղեկավարությունը այդ օրը տոնախմբություն է կազմակերպելու, քո ընտանիքի անդամին ոչ ոք չի ցավակցելու, նրան երբեք շնորհակալություն չեն հայտնելու։ Սա երկիրը անպաշտպանության մատնելու, զինվորի, հայ զինծառայողի նվիրումը արժեզրկելու, նսեմացնելու հստակ քաղաքականություն է։

Մեզ ուղղված անվտանգային սպառնալիքների համատեքստում պետության ղեկավարությունը իր «կեղծապետության» կառուցման քաղաքականությամբ կազմաքանդում ու գաղափարազուրկ է դարձնում հայոց պետությունը։ Դա հնարավոր է կանխել։ Դրա լուծումը քաղաքական է։ Դրա լուծումը բովանդակային ու քաղաքակրթական տիրույթում դիսկուրսների ծավալումն է։ Հանրությունը շատ ավելի ուժեղ է, քան իրեն թվում է։ Հանրությունը ունի տրամաբանական առաջնորդության կարիք՝ պետության քայքայման գործընթացը կասեցնելու համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930