Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրում՝ դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ այսօր շարունակվեց «Հյուսիսային տերեւաթափի» գործի քննությունը:
Հարցաքննվեց մեղադրյալներից Սերգեյ Մկրտչյանի ընկեր Սամվել Մուրադյանը: Նա պատմեց, որ Սերգեյին ճանաչում է երիտասարդ տարիներից, նրան գիտի որպես մի քանի պատերազմի մասնակից, հերոս տղա:
Ըստ վկայի՝ Սերգեյ Մկրտչյանին առաջադրված մեղադրանքի շրջանակում ինքը հարցաքննվել է, պատմել, որ Սերգեյի հետ մի անգամ գնացել է Մերգելյան ինստիտուտի մոտ, Սերգեյը մտել է ներս, մարդ է տեսել, հետո դուրս եկել ու հեռացել են այդ տարածքից:
Մի անգամ էլ գնացել են Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի տուն, Սերգեյի վիրահատության համար փող էր պետք, փող ուզելու են գնացել:
Կարդացեք նաև
Վկան պատմեց, որ Մկրտչյանը որոշել էր հասարակական կազմակերպություն (հ/կ) ստեղծել, նախաբանակային պատանի, երիտասարդ տարիքի անձանց նախապատրաստելու ծառայողական գործընթացին:
Հանրային մեղադրողը հետաքրքրվեց՝ Մերգելյան ինստիտուտը ինչով կարող էր օգնել Մկրտչյանին, վկան պատասխանեց՝ այնտեղ Մկրտչյանը ծանոթ ընկերներ ուներ: Հ/կ-ի ստեղծման կամ գործունեությանը վկայի մասնակցության վերաբերյալ դատախազի հարցին վկան պատասխանեց՝ պարզ չէ, թե ինքը ինչ մասնակցություն էր ունենալու:
Իսկ Սերգեյ Մկրտչյանն ունի՞ զինվորական կրթություն հարցին, վկան պատասխանեց՝ նա KGB-ի Ալֆայում է աշխատել, իր մասնագիտությամբ հետախույզ է, մասնագիտացված անձնավորություն է:
Վկայի պատմելով՝ ինքը հեռուստատեսությամբ է տեսել, որ Սերգեյ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել:
Իշխանությունների դեմ կամ նրանց վերացնելու ծրագրերի հետ կապված ինչ է իմացել հարցին՝ վկան պատասխանեց՝ ոչինչ, երբեք չի լսել Սերգեյից: Վերջինիս քաղաքական դիրքորոշման վերաբերյալ դատախազի հարցին էլ պատասխանեց, որ նրա դիրքորոշումը հայրենիքն է, հայրենիքի պաշտպանությունն է, մատաղ սերնդին հայրենասեր դաստիարակելը:
Վազգեն Ոսկանյանի պաշտպանն էլ միջնորդեց, որ տնային կալանքի տակ գտնվող Ոսկանյանին դատարանը թույլատրի ատամնաբուժական կլինիկա այցելել: Դատարանը թույլատրեց:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ