Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ր չափով է պետք «զբաղվել քաղաքականությամբ»

Սեպտեմբեր 17,2025 10:00

Փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր բարեխղճորեն անում են իրենց գործը՝ լինեն նրանք մեքենա նորոգող, փողոց ավլող, գրող, թե դերասան, եւ ասում են, որ իրենք քաղաքականությամբ չեն զբաղվում: Այսինքն՝ ոչ միայն չեն հավակնում որեւէ պաշտոնի կամ մանդատի, այլեւ առանձնապես չեն էլ հետեւում այդ պաշտոնների եւ մանդատների համար կռվին: Ես էլ «չեմ զբաղվում»՝ այն իմաստով, որ չեմ հավակնում, իսկ եթե հետեւում եմ, ապա՝ միայն ի պաշտոնե, եւ ոչ այն պատճառով, որ դա ինձ առանձնապես հետաքրքիր է:

Բայց՝ եթե դուք, ենթադրենք, տեսնում եք, որ Երեւանի փողոցում տասը յենիչերիներ (կամ «Յաշմայի» հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչներ) ծեծում են աղջիկ ցուցարարի, դուք իրավունք ունե՞ք, ասելու, որ քաղաքականությամբ չեք զբաղվում: Կարծում եմ՝ ոչ, որովհետեւ քաղաքականությունն այստեղ կապ չունի՝ դուք դրսեւորվում եք կա՛մ որպես մարդ, կա՛մ՝ որպես բույս: Ձեզնից չի պահանջվում բացականչել՝ «կեցցեն սրանք, կորչեն նրանք», բայց սահմանագիծը, հավանաբար, պարզ է, թե որտեղ են վերջանում «քաղաքական դրսեւորումները», ու որտեղ է սկսվում գլուխն ավազի մեջ թաղելը:

Իսկ եթե մարդկանց ամիսներով պահում են բանտում՝ երկրի ղեկավարի ինչ-որ կապրիզի պատճառով կամ քաղաքական նկատառումներո՞վ: Իհարկե, միշտ կա այն պատճառաբանությունը, թե «մենք չգիտենք, այդ մարդիկ ինչ են արել, թող իրավապահները պարզեն, գուցե ինչ-որ մի բան արած լինեն, հենց այնպես մարդկանց չեն ազատազրկում»: Ստալինի ժամանակ մարդիկ ճիշտ այդպես էին «արդարացնում» իրենց լռությունը: Հաճախ դրանից հետո գալիս էին այդ՝ «ինչ-որ մի բան արած կլինի» ասողների հետեւից:

Գեղարվեստական ստեղծագործություններում արդյոք պե՞տք է արտացոլում գտնի այս վիճակը: Անուղղակի, վերացարկված վիճակով՝ «այո»: Նույնիսկ տոտալիտարիզմի եւ գրաքննության պայմաններում արվեստագետները հնարավորություն գտնում էին իրենց բողոքն արտահայտելու: Հիշենք, օրինակ, Եվգենի Շվարցի եւ Գրիգորի Գորինի պիեսները:

Առավել եւս հիմա իշխանության ստորություններին արձագանքելու համար ոչ մի հերոսություն պետք չէ:

…Եթե որեւէ երաժշտի կամ դերասանի համար Նիկոլ Փաշինյանի առաջ ելույթ ունենալը OK է, ուրեմն խնդիր չկա:

 

Արամ Աբրահամյան

Լուսանկարում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀանդԱրտ մշակութային այգում 14.09.2025-ին ներկա է «Ցանկապատ» բացօթյա ներկայացմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Իմ կարծիքով, պատերազմներ չեն լինում են այն ժողովուրդների տարածքներում, ում մոտ կա հասուն զարգացած ժողովրդավարություն, իսկ հասուն զարգացած ժողովրդավարություն լինում է միայն հասուն զարգացած քաղհասարակության դեպքում: Երբ քաղաքացու անձնագիր ստացած քաղաքացին հրաժարվում է մասնակցել իր երկրի քաղաքականությանը, նա դուրս է մնում քաղհասարակությունից եւ դրանով թուլացնում իր ազգի ժողովրդավարությունը եւ մեծացնում պատերազմի հավանականությունն իր տարածքում, նույնն է թե եթե զինվորական գրքույկ ստացած զինվորականը հրաժարվի մասնակցել պատերազմներին, նա դրանով կթուլացնի բանակը եւ թշնամուն կսադրի պատերազմի: Եթե ես լինեի իշխանություն, քաղհասարակությունը կդարձնեի քաղաքացիների քաղացիական պարտադիր ծառայություն՝ քաղաքացիական բանակ՝ կոչումներով ու պաշտոններով, շքանշաններով ու մեդալներով: Մեր խաղաղություն սիրող ու պատերազմ մերժող ընտրողներին. ինչքան շատ մասնակցենք մեր երկրի քաղաքական կյանքին ու պայքարենք խաղաղության պայմաններում, այնքան քիչ ստիպված կլինեք պայքարել պատերազմի պայմաններում:
    .. Մի մեծ հյուսիսային երկրում վերջերս ընտրություններում վերընտրվեցին ներկանախկինները, ոչ մի նոր թարմ ուժ, դրա համար էլ ապագայում բացի դեգռադացիայից ու պատերազմներից ոչ մի լավ բան չի սպասվում: Մենք ավելի բարվոք վիճակում ենք, մենք թույլ չենք տա ներկանախկինների վերընտրություններ, հակառակ դեպքում մի հյուսիսային կիպրոս էլ մենք կունենանք մեր երկրի հարավում:
    .. Եթե մենք հասնենք նրան, որ մեր տված խոսքը դրամի, դոլարի, ոսկու ու կյանքի գնից էլ բարձր լինի, կդառնանք ամենահզոր ազգը: Կեցցէ՛ մեր ազնվական ազգը:

Պատասխանել Լավատես

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930