Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրական դատարանը մերժեց Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դիմումը

Սեպտեմբեր 17,2025 12:30

Դիմողի կողմից ՍԴ դիմելու համար անհրաժեշտ պայման հանդիսացող հիմնավոր կասկածի առկայության շեմը հաղթահարված չէր

Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 5-ին 11 աշխատակարգային որոշում է կայացրել: Դիմողներից 2-ը Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն էր, մեկը`Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի գործով էր…

2025 թ. օգոստոսի 8-ից Սահմանադրական դատարանում էր Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դիմումը: Դիմող դատարանը բարձրացրել էր ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի հակասահմանադրականության հարցը, գտնելով, որ այն չի ապահովում գույքն իր կամքից անկախ կորցրած սեփականատիրոջ եւ բարեխիղճ ձեռք բերող համարվող տիտղոսային սեփականատիրոջ սեփականության իրավունքների պաշտպանության արդարացի եւ ողջամիտ հավասարակշռությունը, չի նախատեսված որոշակի պայմանների առկայության դեպքում գույքը սեփականատիրոջը վերադարձնելու պայմաններ:

Ըստ դիմող դատարանի` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածը չունի որեւէ երկիմաստություն. «Գործող իրավակարգավորումներով ամրագրված չեն բարեխիղճ ձեռքբերողի համար սահմանադրական երաշխիքների ապահովման կառուցակարգեր, որպիսիք հիմք կընդունեն ՄԻԵԴ դատական պրակտիկայից բխող այնպիսի չափանիշներ, ինչպիսիք են՝ գույքի առաջնային սեփականատեր պետության դերը, պետության կողմից հանրային շահից բխող գործողությունների իրականացման ժամկետները, բարեխիղճ ձեռքբերողի ուշադրության արժանի շահերը, հետապնդվող հանրային շահի բնույթի հաշվառումը»:

Դիմողն ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ խնդիրը վերանայվող դատական ակտով նորմի կիրառելիությունը դատական պրակտիկային հակասելու, առերեւույթ օրենքի նոր պայման սահմանելու եւ բողոքի հիմքերի ու հիմնավորումներում այնպիսի նորմի խախտման մասին փաստարկումն է, որպիսի հարցի օրինական, իրավացի եւ սահմանադրաիրավական լուծումը դատական իշխանության իրավազորության տիրույթից դուրս է:

Հղում էր կատարվել Վերաքննիչ դատարանի որոշմանը, համաձայն որի` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի պայմանները սահմանելով որպես օրինաչափություն՝ օրենսդիր մարմինը հաշվի չի առել պետական շահերի պաշտպանության հայցերով պետության՝ որպես գույքի առաջնային սեփականատիրոջ իրավունքների պաշտպանության եւ բարեխիղճ ձեռքբերող՝ որպես ներկա սեփականատիրոջ սեփականության իրավունքների պաշտպանության միջեւ ողջամիտ հավասարակշռության համար էական պայմաններ նախատեսելու անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով, որ եթե ոչ պետական սեփականության նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի սահմանադրականության հարցի որոշմամբ անհրաժեշտ է ապահովել նախկին սեփականատիրոջ ու բարեխիղճ ձեռք բերողի սեփականության իրավունքների ողջամիտ հավասարակշռությունը, ապա պետության հակակոռուպցիոն ռազմավարության մշակման պայմաններում պետության կամ համայնքի կամքից անկախ սեփականությունից դուրս եկած գույքի վերադարձի հարցը ունի լրացուցիչ նշանակություն՝ հաշվի առնելով պետություն-քաղաքացի հարաբերությունների առանձնահատկությունները:

ՍԴԱՈ-136 որոշմամբ մերժվեց Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի `ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի քննությունը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.09.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930