Աշխարհում բազմաթիվ օրինակներ կան, երբ պետությունները իրենց պետական զինանշաններում, դրոշներում կամ պաշտոնական փաստաթղթերում օգտագործում են խորհրդանշաններ, որոնք վերաբերում են նրանց պատմական կամ մշակութային տարածքներին, որոնք ներկայում չեն գտնվում տվյալ պետության սուվերեն տարածքում։
1. Շվեյցարիան իր անձնագրում օգտագործում է Ալպերի լանդշաֆտների պատկերներ, սակայն շատ կարոր է դիտարկել, որ Ալպերը ամբողջությամբ չեն գտնվում Շվեյցարիայի տարածքում, Ալպյան լեռները (The Alps) տարածվում են հետեւյալ պետությունների տարածքներում՝ Իտալիա, Ավստրիա, Ֆրանսիա, Գերմանիա, Սլովենիա, բայց այդ պատկերների օգտագործումը չի համարվում տարածքային պահանջ վերոնշյալ երկրների նկատմամբ։ Ո՛չ կառավարությունը, ո՛չ պաշտոնական աղբյուրները չեն հնչեցրել կամ ակնարկել, որ այս պատկերները ներկայացնում են տարածքային հավակնություններ այլ պետությունների տարածքների նկատմամբ, նույնիսկ եթե այդ լեռները գտնվում են նաեւ Իտալիայում, Ֆրանսիայում եւ այլն։ Պատկերները ներկայացվում են որպես բնության, պատմության եւ մշակույթի խորհրդանիշներ:
2. Իռլանդիան ունի իր խորհրդանիշները, որոնք ներկայացնում են երկրի պատմական շրջանում գոյություն ունեցած տարածքները՝ չնայած դրանց մի մասը այսօր գտնվում է Հյուսիսային Իռլանդիայում, որը գտնվում է Մեծ Բրիտանիայի իշխանության տակ։ Օրինակ՝ Ուլսթեր շրջանի կարմիր ձեռքը օգտագործվում է իռլանդական պետական խորհրդանիշներում, սակայն սա չի նշանակում, որ Իռլանդիան տարածքային պահանջներ է ներկայացնում Մեծ Բրիտանիայի նկատմամբ։ Խորհրդանիշը ներկայացնում է պատմական եւ մշակութային ժառանգություն։ Իռլանդիայի սահմանադրությունը չի պարունակում Հյուսիսային Իռլանդիայի նկատմամբ տարածքային պահանջներ։ Չնայած նշում է երկրի ապագայում միավորման ցանկությունը, սակայն խորհրդանիշների օգտագործումը՝ որպես ազգային ինքնության մաս, չի համարվում իրավական կամ քաղաքական պահանջ։
3. Հունաստանի պետական խորհրդանիշերում օգտագործվում է Բյուզանդական երկգլուխ արծիվը:
Կարդացեք նաև
Բյուզանդական կայսրությունից վերցրած երկգլուխ արծիվը կարելի է տեսնել հունական ուղղափառ եկեղեցական զինանշաններում, զինվորական նշաններում եւ նույնիսկ որոշ քաղաքային զինանշաններում:
Այն պատմականորեն խորհրդանշում է Բյուզանդական մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը (այժմ՝ Ստամբուլ) եւ կայսրության իշխանությունը Անատոլիայի եւ Բալկանների նկատմամբ:
Ժամանակակից հունական քաղաքականությունը չունի պաշտոնական տարածքային հավակնություն Ստամբուլի կամ Արեւելյան Թրակիայի նկատմամբ: Բյուզանդական խորհրդանիշների օգտագործումը մշակութային եւ պատմական նշանակություն ունի, այլ ոչ թե քաղաքական:
Ի վերջո՝ ամփոփելով կարող ենք նշել, որ Հայաստանի զինանշանում, անցակետների կնիքներում, պետական այլ խորհրդանիշներում պատկերված Արարատ լեռը ունի պատմական, մշակութային եւ կրոնական նշանակություն հայ ժողովրդի համար։
Ճիշտ այնպես, ինչպես շվեյցարական անձնագրում պատկերված լեռները, որոնք Շվեյցարիայի տարածքում չեն գտնվում, բայց այդ փաստը չի համարվում տարածքային պահանջ, նույն կերպ Հայաստանը կարող է օգտագործել Արարատը՝ որպես մշակութային եւ պատմական խորհրդանիշ՝ անկախ նրա ներկայիս աշխարհագրական տեղավայրից:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։