Մինչ Հայաստանը հայտարարել է՝ ռազմական ծախսերը կրճատելու մասին, Ադրբեջանը ավելացնում է պաշտպանության և անվտանգության ծախսերը: Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը Հայաստանի պաշտոնական այս որոշումը պայմանավորում է Հայաստանում Ադրբեջանի շահերը սպասարկող վարչակազմով. «Ըստ էության օկուպացիոն վարչակազմով»:
Մեր հարցին՝ ի՞նչ ռազմավարական նպատակներ է հետապնդում Ադրբեջանը՝ պաշտպանական բյուջեն ավելացնելով, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ադրբեջանը հետապնդում է այն ռազմավարական նպատակը, որ ինչ-որ մի օր, երբ աշխարհաքաղաքական հարմար պահ լինի, ընդհանրապես այս տարածաշրջանում հայերի ներկայությունը վերացնի: Դա, ըստ էության, չեն էլ թաքցնում: Սա Թուրքիայի ու Ադրբեջանի վաղուցվա երազանք է, ինչը այսօր Նիկոլ Փաշինյանի շնորհիվ իրականացնելու հնարավորություն են ստացել»:
Մեր հաջորդ հարցին՝ ՀՀ ռազմական ծախսերի կրճատումը համահո՞ւնչ է ՀՀ եւ տարածաշրջանի անվտանգային մարտահրավերներին, պարոն Վրթանեսյանը պատասխանեց. «Այս ռեժիմի պարագայում նույնիսկ, եթե ծախսերն ավելացնեին էլ, վստահ եմ, որ ՀՀ-ն դրանից ոչինչ չէր շահի: Հիշենք մեծ աղմուկով 2018, 2019 թթ սպառազինության գնումները , որ ասում էին՝ երբեք մեր բանակն այդպես չի զինվել, այդ գովազդից հետո օրինակ ՍՈՒ 30 կործանիչներն ընդհանրապես չօգտագործվեցին պատերազմի ժամանակ: Այսինքն՝ այդ մարդիկ գնում են սպառազինություն, բայց որեւէ երաշխիք չկա, որ այդ սպառազինությունը մարտի դաշտում աշխատելու է, այլ ոչ թե ստորագրությամբ կամ առանց ստորագրության Հայաստանը հանձնելու են Ադրբեջանին»:
Մեր զրուցակցի խոսքով, հարցը պաշտպանական բյուջեն չէ, այլ թե ովքեր են այդ բյուջեն օգտագործում ու ինչի համար. «Որեւէ հիմք չկա ներկայիս վարչակազմին վստահելու, որ գործում են ՀՀ շահերից, այլ ոչ թե Ադրբեջանի շահերից: Ըստ այդմ՝ ինչքան գումար կնկարեն ու ինչքան, ինչը կծախսեն, դա էական չէ»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ