«Որմիզդի որդի Շապուհը դարձյալ Պարսկաստանի, Արյաց աշխարհի, այսինքն՝ Խորաստանի զորքի ամբողջ բազմության զորահավաք կատարեց, գնաց պատերազմելու Բաղաբերդի դեմ․ բայց տեղի ամրության պատճառով ոչինչ չկարողացավ անել, որովհետև բերդից զառիվայր քարեր գլորելով՝ բոլորին առհասարակ ոչնչացնում էին»։ Ստեփանոս Օրբելյան․ «Սյունիքի պատմություն»
Լինելով ասպատակությունների խաչմերուկում՝ Հայոց երկիրը պետք է պաշտպանվեր։ Ու հազարամյակների ընթացքում բազում ամրոցներ ենք կառուցել մեր աշխարհի անմատչելի լեռնագագաթներին, ձորերում, հարթավայրերում և այլ ուր։ Երբեմն մեզ մեղադրում ենք՝ ավելի շատ եկեղեցի ենք կառուցել, քան ամրոց։ Բայց իրականում այդպես չէ։ Չնայած շատ վանական համալիրներ, եկեղեցիներ ժամանակին ծառայել են նաև որպես ամրոց։ Շատ ամրոցներ, թե երբ եբ գոյատևել, ինչպես են կոչվել, չգիտենք, բայց կան հայտնիները, որ դարերով եղել են Հայոց տան պաշտպանը։ Դրանց թվում է Սյունիքի հզոր Բաղաբերդը, որը գտնվում է Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքից դեպի արևմուտք` Քաջարան տանող մայրուղու վրա, Ողջի և Գեղի գետերի միախառնման տեղից ոչ հեռու՝ Ողջի գետի ձախ ափին:
Կարդացեք նաև
Ամրոցի տարածքում վերջերս տեղի էին ունենում հնագիտական ուսումնասիրություններ ու պեղումներ։ Այս կարևոր գիտական աշխատանքները կատարվում են ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագիտական արշավախմբի կողմից՝ պ․ գ․ թ․ Ավետիս Գրիգորյանի ղեկավարությամբ։
Կատարվող աշխատանքներին ծանոթանալու նպատակով պեղումների վերջին օրերին վերականգնող ճարտարապետ Լևոն Վասիլյանի և հնագետ Գագիկ Սարգսյանի ուղեկցությամբ եղա Բաղաբերդում։
Գրեթե ժայռեղեն բլրի վրա կառուցված ամրոցի պատմությունը գնում է դարերի խորքեր։ Ինչ խոսք, եթե Սյունիք է, ուրեմն պետք է նախ դիմենք Սյունիքի պատմիչին՝ պատմագիր, աստվածաբան, բանաստեղծ, կրոնական և քաղաքական գործիչ, արքեպիսկոպոս, Սյունիքի մետրոպոլիտ (1287-1303) Ստեփանոս Օրբելյանին (մոտ 1250 – 1303)։
«Սյունյաց աշխարհի սահմանների ցուցադրումը նաև թե մարդկանց պետքերի համար ինչ հարստություն ունի, որքան են գավառներն ու անառիկ բերդերը» Գ գլխում պատմիչը գրում է․ «Տասներորդը՝ Ձորք գավառը, որ ունի Բաղաբերդ անմատչելի ամրոցը, և այժմ կոչվում է Կապան․․․ Իսկ այստեղ գտնվող անառիկ ամրոցները, որ անհասանելի են մարդկանց մուտքին, և միայն տերը կարող է մատչելի դարձնել, հետևյալներն են՝ Բաղաբերդ․ դա այն է, որ Սիսակի սերունդներից մի մարդ՝ Բաղակ անունով, այս գավառը ստանալով ժառանգության բաժին, Բաղակի ապառաժը շինում է ամրոց, որ կոչվում է Բաղակի քար, բերդն ամրացնում է և անվանում Բաղաբերդ․ և գավառն էլ իր անունով կոչվեց Բաղաց գավառ»։ Ստեփանոս Օրբելյան «Սյունիքի պատմություն», Էջ՝ 70․ 1986թ․ Երևան «Սովետական գրող» հրատարակչություն։
Այն, որ այս ամրոցը մեծ դեր է խաղացել Հայոց կյանքում, հատկապես Սյունիքի համար, հիշատակություններ են թողել միջնադարյան այլ պատմիչներ ևս՝ այն համարելով անառիկ։
Արաբ զորավար Բուղայի ասպատակությունների հետ կապված՝ Հայոց կաթողիկոս, պատմիչ և գրող, Մաշտոց Ա Եղվարդեցի (897 – 898) կաթողիկոսի ազգական և աշակերտ Հովհաննես Դրասխանակերտցին (840-925) գրում է․ «Բայց բռնաւորն Բուխայ իբրև ետես զամենայն ինչ աջողեալ ըստ իւրոց կամացն՝ ապա հրոսակս առաքէ Վասակայ Սիսական իշխանի և եղբօր նորա Աշոտոյ և այլոց ևս տերանց աշխարհի նոցա, զի ըմբռնեալ առ ինքն վաղվաղակի հասուսցեն զնոսա։ Բայց յոլովք ի տերանցն կուսակալաց յանառիկ ամրոցն Բագաց դիմեալ հաւաքեալ փրծանէին ի ձեռացն նեղչացն» (Հովհաննես Դրասխանակերտցի․ «Հայոց պատմություն», էջ՝ 128․ Երևան 1996թ․ ԵՊՀ հրատարակչություն)։
10-րդ դարում Սյունյաց Հակոբ եպիսկոպոսը, «ապստամբում» է Անանիա Մոկացի կաթողիկոսի դեմ և ապաստան է գտնում Բաղաբերդում, ուր ապրում է 10 տարի, մինչև մահը։ Այս առթիվ պատմիչ և եկեղեցական գործիչ Կիրակոս Գանձակեցին (1200-1271) գրել է․ «Եվ ինքը՝ Հակոբը, ըմբոստանալով կաթողիկոսի դեմ, aմրանում է Սյունիքի բերդում․ սրան կաթողիկոսը բանադրում է․ գրում Սյունիքի տիկնոջը, որպեսզի նրան իր ձեռքը հանձնի խրատելու համար, գուցե թե զղջա» (Կիրակոս Գանձակեցի «Հայոց պատմություն», Երևան «Սովետական գրող» հրատարակչություն, 1983թ․ էջ՝ 72)։
Ամրոցի մասին հիշատակություններ ունեն նաև Շապուհ Բագրատունին (9-րդ դար), Վարդան Արևելցին (13-րդ դար), Մխիթար Այրիվանեցին (13-րդ դար), Ղևոնդ Ալիշանը(1820-1901), այլք։ Ամրոցը հիշատակվում է դեռևս 4-րդ դարից՝ կապված Սյունյաց հզոր Անոկ իշխանի անվան հետ։ 350-ականներին Անդոկ իշխանը, ամրանալով Բաղաբերդում, կարողանում է հաջողությամբ հետ մղել պարսից Շապուհ արքայի զորքերի երեք գրոհները, ոչնչացնել մեծ քանակությամբ թշնամի և հետագայում հեռանալ անառիկ ամրոցից։ Երբ Շապուհը որոշում է չորրորդ անգամ գրոհել ամրոցի վրա․ «Այդ ժամանակ մեծամեծ իշխաններն ու նախարարները, պարսից Շապուհ արքայի առաջ ծնկի իջնելով, աղաչեցին՝ էլ չպատերազմել Բաղաբերդ անառիկ ամրոցի դեմ և արյաց զորքերը կոտորել չտալ» (Ստ․ Օրբելյան․ էջ՝ 86)։
Ըստ տեղի ժողովրդական ավանդության՝ Բաղաբերդում են անցել Անդոկ իշխանի դստեր՝ Հայոց Փառանձեմ թագուհու երիտասարդ տարիները: Փառանձեմը սիրում էր զբոսնել ու վայելել բերդի արևմտյան պարիսպների մոտ հոսող աղբյուրի ջուրը։ Այժմ այդ աղբյուրը չկա, բայց ժողովրդի հիշողության մեջ պահպանվել է։
Բաղաբերդից մի քանի կմ արևելքում է գտնվում Սյունյաց թագավորության երբեմնի մայրաքաղաք Կապանը՝ միջնաբերդով։ Տարածքի մի քանի ամրոցներ եղել են մայրաքաղաքի անվտանգությունն ապահովողները։ Օգտվելով Ստեփանոս Օրբելյանից՝ Ղևոնդ Ալիշանը Կապան քաղաքի և ամրոցի կործանման մասին տեղեկացնում է․ «…552(1103) թուին՝ որ մի յանկարծակի մինչ կային յանհոգութեան քաղաքացիքն, մատնեց Տէր զանառիկն ի մարդկանէ զԿապան քաղաք. և անիծեալ Չորթման վասն քինուն իւր ֊յեղակարծում ժամու հեղաւ ի վերայ քաղաքին…» (Ղ. Ալիշան, Սիսական, էջ 333—335)։
Կապանի՝ Չորթմանի զորքի կողմից հարձակման մասին Ստ․ Օրբելյանը գրում է․ «Նախ բազմաթիվ հետևակ ծերպամուտ ու քարագնաց զորականներ բարձրացան ապառաժոտ լեռան գլուխը և հեղեղատի մեծ հունով իջան քաղաք, քանի որ այդ տեղը պարսպափակված չէր՝ մարդկանց մուտքի համար անհնարին լինելու պատճառով։ Սկսեցին կոտորել Ջհտաթաղի կողմից։ Նրանք բացեցին քաղաքի դարպասը, որ նայում էր Խնձորոգլխին» (էջ՝ 278)։
Այդ ժամանակ քաղաքի բնակչությանը կոտորել են, բայց ամրոցը թշնամին չի կարողացել գրավել։ Կապանը վերջնական գրավվել է թշնամու կողմից ու ավերվել Հայոց հինգ հարյուր յոթանասունհինգ թվականին(1126թ․)։ «․․․եկավ ամիր Հարոնը և բնաջնջեց Կապանի տունն ու Արևիք գավառը, գրավեց Կաքավաբերդն ու Բաղակաքարը․ վերջին վանքն էր, որտեղ հավաքված կային բազմաթիվ սրբություններ․․․»(էջ՝ 279)։
Կապանի անկումից հետո մայրաքաղաք՝ գահանիստ կենտրոն է դառնում Բաղաբերդը, որտեղ պահում էին Տաթևի վանքի և թագավորության մեծաթիվ հարստություններն ու ձեռագրերը։ Գրեթե 1000 տարի Բաղաբերդը գոյատևել է և եղել մշտապես անառիկ, մինչև, ինչպես ասում են․ «Գողը, որ տնից եղավ, եզը երդիկից կտանեն»։ Դավաճանություն․․․
Մինչև 1170 թվականը թշնամուն դիմակայել է հզոր ու անառիկ Բաղաբերդը։ Սակայն Օրբելյանը գրում է․ «619 թվականին (1170թ) Աստված կրկին բարկացավ մեր Բաղաց աշխարհի ու Սյունյաց նահանգի վրա և բոլորի ապավեն ու ապաստարան անառիկ Բաղաբերդ ամրոցը մատնեց Իսմայելի՝ անիծյալ ու գիշակեր մարդու ձեռքը, որը բազմաքանակ զորքով եկավ, բայց չկարողացավ ոչինչ անել։ Այնուհետև խաբեական խոսքերով խաբեց աչաղվացի պարզամիտ քրիստոնյա մարդկանց ու նրանց միջոցով նախ գրավեց Կկոց քարը, ապա գիշերը նույն մարդկանց միջոցով հափշտակեց Բաղաբերդը․․․» (էջ՝ 279)։
Աչաղու գյուղը՝ Ներկայիս Համլետավանը, գտնվում է Ողջի գետի ձախակողմյան լանջի վրա՝ Բաղաբերդից մոտ 5 կմ հյուսիս։ Հավանաբար այս գյուղի բնակիչներն են, ինչպես գրում է պատմիչը՝ խաբվել են թշնամուց և օգնել՝ գրավելու անառիկ Բաղաբերդը։ Բարկուշատի լեռնաշղթայի գրեթե ժայռեղեն լեռնաբազումներից մեկի վրա է Բաղաբերդը։ Ամրոցի արևելյան կողմում Ողջին է, հյուսիսարևմտյան կողմում Գիրաթաղը։ Սարալանջի բարձրաբերձ և ուղղաձիգ ժայռերը, բնական ամրություններ են։ Իսկ թույլ տեղերում հզոր պարիսպներն էին, որոնց հիմնական մասը մինչ օրս կանգուն են։
2024 թվականի գարնանից Բաղաբերդում սկսվել են հնագիտական ուսումնասիրություններ ու պեղումներ։ 2025թ․ օգոստոսի վերջերին ժամանակավոր ավարտվեցին աշխատանքները։ Արշավախմբի ղեկավար Ա․ Գրիգորյանը տեղեկացրեց՝ աշխատանքները հիմնականում կատարվում են միջնաբերդում, որը մոտ 6 հա տարածք է գրավում։
Արդեն նշել ենք՝ Բաղաբերդը դարերի պատմություն ունի, սակայն պեղումների արդյունքում առայժմ գտնված նյութերը, բացված շինություններն ամրոցի գոյության վերջին շրջանին են պատկանում։ Զրույցի ընթացքում արշավախմբի ղեկավարն ասաց․ «Պեղումների նպատակն է՝ բացել հողի շերտում թաքնված հուշարձանները՝ վերականգնելու նպատակով։ Արդեն երրորդ շաբաթն է՝ մեր արշավախումբն աշխատում է Բաղաբերդում։ Պեղումները կատարվում էին ամրոցի միջնաբերդում՝ վերին և ներքին հատվածներում։ Ներքին հատվածում պեղվում է հյուսիսային աշտարակը, որտեղ բացվել է մի շատ հետաքրքիր կառույց՝ տեղակայված աշտարակում։ Խոսքը հավանաբար 12-13-րդ դարերում գոյություն ունեցած խոհանոցային սենյակի մասին է։ Իսկ վերին հատվածում իրականացվում են պեղումներ մոնումենտալ կառույցի տարածքում։ Բացվածը մի շատ հետաքրքիր կառույց է՝ սրբատաշ տրավերտինե հիմքերով՝ ներքուստ թրծած աղյուսով պատված։ Այն ամենայն հավանականությամբ վերաբերում է 11-12-րդ դարերի, եղել է Սյունյաց իշխանների պալատական համալիրը։ Այժմ պեղվում է մի մեծ սրահ, որի հարավային և արևելյան կողմերում կան 2 փոքր սենյակ՝ հատակից բարձր մակարդակում։ Պեղումները շարունակվում են, և դեռ հետաքրքիր բացահայտումներ կլինեն։
Գտնված հնագիտական նյութերն առատ չեն, բայց նշում են ժամանակը՝ 11-14-րդ դարեր։ Հայտնաբերվել են օջախ, 3 թոնիր, կարասներ, որոնցից մեկը կոտրված էր, և թափված էին կիսով չափ այրված ցորենի հատիկներ։ Գտնվել են նաև կուժ ու կճուճներ, հախճապակու և ջնարակապատ ամանների բեկորներ, մետաղյա գտածոներ, գամեր, դանակ և այլն։ Գտնվել են նաև ջնարակված սալիկների բեկորներ, որոնցով հավանաբար արտաքուստ սալապատել են վերին հատվածում բացված կառույցը։ Կան նաև քանդակազարդ քարերի բեկորներ, որոնք նույնպես պատկանել են ինչ-որ մոնումենտալ կառույցի»։
Բացված պալատական համալիրից պահպանվել են 2 պատ՝ կիսավեր վիճակում, հիմքերը։ Քանի որ կառույցը հիմնվել է լանջի վրա, արևմտյան կողմի հիմքերը չեն պահպանվել։ Այս տարածքում բազում երկրաշարժեր են տեղի ունեցել դարերի ընթացքում և իրենց սև հետքն են թողել նաև ամրոցի վրա։ Վերջինը, որի էպիկենտրոնը եղել է Բաղաբերդին շատ մոտ, տեղի է ունեցել 1968 թվականին և զգալի վնաս հասցրել հնավայրին։
Այնուամենայնիվ, նշեց Ա․ Գրիգորյանը, պահպանվել են հարյուրավոր մետր երկարությամբ պարիսպներ, 5-6 աշտարակ։
Հնագետների հետ աշխատում են հիմնականում երիտասարդներ՝ Կապանից ու Քաջարանից։ Բացի աշխատանք ունենալուց, կարևոր է նրանց ներկայությունը նաև այն առումով, որ առավել են ճանաչում իրենց հայրենի երկրամասը, արդեն կլինեն նաև հուշարձանի պահապանը։
Ա․ Գրիգորյանը հավելեց նաև՝ պեղումները, իրականացնելով վերականգնման աշխատանքներին զուգահեռ, ունենալու են շարունակություն՝ տարբեր փուլերով։
Ընթացքում շրջեցի ամրոցի տարածքում՝ անցնելով պարիսպների տակով։ Ներքևից առավել ցայտուն են երևում պարիսպները, հատկապես՝ աշտարակները։ Ամրոցը պահող սարալանջի հարավարևելյան կողմում՝ ավելի ցածր հատվածում ուղղաձիգ ու բավականին բարձր ժայռեր են, որոնցից մեկը խորանաձև է՝ վերին հատվածում բացվածքով։ Լանջի հյուսիսարևելյան կողմում ամրոցից մի պարսպապատ է իջնում դեպի Գիրաթաղ գետի ձախ ափ։
Խոսելով ամրոցի վերականգնողական աշխատանքների մասին՝ վերականգնող ճարտարապետ Լևոն Վասիլյանն ասաց՝ տարեվերջին կավարտվի վերականգնման նախագծի մշակումը, որից հետո մրցույթ կհայտարարվի։ Հնագիտական ուսումնասիրություններից ու պեղումներից բացի պետք է կատարվի ամրոցի պատմական, մշակութային շերտերի վերականգնման նախագծի մշակում։
Ամրոցը պետք է դառնա նաև զբոսաշրջության կարևոր կենտրոն, այդ առումով Լ․ Վասիլյանն ասաց․ «Աշտարակները, պարիսպները մի քիչ կլրացնենք, որ ավելի ներկայացուցչական տեսք ունենա, նաև ճանապարհից երևան։ Արահետներ, աստիճաններ կկառուցենք»։
Ցույց տալով ամրոցից դեպի գետ իջնող պարսպապատը՝ Լ․ Վասիլյանը նշեց՝ գետի վրա կամուրջ կկառուցվի և աստիճանները կբարձրանան վեր, որ զբոսաշրջիկները կարողանան վեր ելնել։
Բաղաբերդին զուգահեռ՝ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը, հնագետ Գագիկ Սարգսյանի ղեկավարությամբ, պեղումներ է իրականացնում Սյունիքի երբեմնի մայրաքաղաք պատմական Կապանի թագավորական պալատում։ Մոտ օրերս նույն արշավախումբը պեղումներ կսկսի տարածքում հայտնի Վանանդաբերդում։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ