«Հայ գերիների ազատ արձակումը խաղաղության գործընթացների մաս չի կազմում: Սա նշանակում է, որ որևէ այլ քաղաքական կամ իրավական նախաձեռնություն չի լինի՝ ուղղված Ալիևի ռեժիմին հայ գերիներին ազատ արձակելու համար։ Սա շատ վտանգավոր է, քանի որ փաստորեն մարդկանց ճակատագրերը ամբողջովին թողնվելու են Ադրբեջանի կառավարության խղճին»,- հայ բանտարկյալների ազատ արձակման հնարավոր ճանապարհները ուրվագծելու նպատակով Կապիտոլ Հիլում անցկացված ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի տնօրեն Սիրանուշ Սահակյանը։
Ճեպազրույցը կազմակերպվեց Ամերիկայի Հայկական Ազգային Կոմիտեի (Armenian National Committee of America) և Հայկական իրավական կենտրոնի կողմից (Armenian Legal Center):
Սիրանուշ Սահակյանը, փաստելով, որ Ադրբեջանը դեռ չի կատարել Եվրոպական դատարանի վճիռները, ասաց․ «Ակնհայտ է, որ Ադրբեջանը չի կատարում իր միջազգային հանձնառությունները։ Ուստի փոխանակ պատվիրակելու միջազգային դատարաններին, մենք պետք է ավելի կոշտ միջոցներ ձեռնարկենք Ադրբեջանի դեմ՝ ցույց տալու, թե որն է անպատժելիության գինը»։
Սիրանուշ Սահակյանը նշեց՝ հենց այս անպատժելիությունն է պատճառը, որ Ադրբեջանը նորանոր հանցագործություններ է կատարում։ Նա հայտնեց՝ այժմ 23 հայեր ապօրինի կերպով պահվում են Ադրբեջանում. նրանցից 5-ը 2020-ին են գերեվարվել, մյուսները՝ 2023-ին ու ասաց․ «Բոլորը Բաքվում կեղծ դատավարությունների են ենթարկվում, և դատավարությունները սերտորեն կապված են հակամարտության հետ, ինքնորոշման իրավունքի իրացման հետ։ Գործողությունները, որոնք պաշտպանվում են միջազգային իրավունքով, Ադրբեջանի դատարանի կողմից որակվում են որպես հանցագործություն»։
Կարդացեք նաև
Սիրանուշ Սահակյանը ահազանգեց՝ Բաքվում հայ ռազմագերիները շարունակում են ենթարկվել կտտանքների․ «Շուրջ 200 հայեր, որոնք գերությունից ազատ են արձակվել, մանրամասնորեն նկարագրել են, թե ինչ կտտանքների են ենթարկվել Բաքվում՝ սկսած բժշկական օգնության բացակայությունից մինչև վատ վերաբերմունքը՝ ֆիզիկական և հոգեբանական բռնությունը։ Խոշտանգումների դիտարկմամբ զբաղվող ոչ մի կազմակերպություն հնարավորություն չի ունեցել այցելել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին։ Միակ կազմակերպությունը Կարմիր խաչի միջազգային կոմիտեն է, սակայն դրա գրասենյակն էլ Ադրբեջանում փակվեց։ Վերջին այցը հայ ռազմագերիներին եղել է հունիսին։ Դրանից հետո ոչ մի տեղեկություն չունենք։ Հայ ռազմագերիներն այժմ գտնվում են ամբողջական մեկուսացման մեջ»։
Փաստմանը՝ խաղաղության համաձայնագրի նախաստորագրված տեքստում դրույթ կա, ըստ որի՝ ՀՀ-ն և Ադրբեջանը պետք է միջազգային դատարաններից հետ վերցնեն միմյանց դեմ ներկայացված հայցերը և հարցին՝ սա ինչպե՞ս կանդրադառնա հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանության վրա, Սիրանուշ Սահակյանն այսպես պատասխանեց․ «22 հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությունը ներկայացված է ՀՀ կառավարության կողմից ընդդեմ Ադրբեջանի հայցում, մեկ ռազմագերու իրավունքները մեր կողմից են ներկայացված։ Սա կփակի իրավական հեռանկարները պաշտպանելու ռազմագերիների իրավունքները։ Դա կնշանակի արդարադատության վերացում, քանի որ ռազմագերիների ազատ արձակումը խաղաղության գործընթացների մաս չի կազմում։ Մենք չենք կարող մեր հույսը դնել Ադրբեջանի իշխանությունների խղճի կամ բարեսրտության վրա։ Հենց սա է պատճառը, թե ինչու է հայ հասարակությունը տեսնում գերիների ազատ արձակումը՝ որպես ցանկացած խաղաղության գործընթացի նախապայման։ Առանց հայ ռազմագերիների ազատ արձակման հայ հասարակությունը չի կարող վստահություն ունենալ խաղաղության գործընթացների նկատմամբ»։
Perseus Strategies-ի գործադիր տնօրեն, Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերն էլ ի պատասխան հարցերի, թե ի՞նչ կարող է անել ԱՄՆ վարչակազմը հայ ռազմագերիների ազատ արձակման հարցում, կարևորեց, որ Սպիտակ տան վարչակազմից ճնշում լինի Ալիևի վրա, որպեսզի նա ազատ արձակի հայ ռազմագերիներին։ Նա վստահեցրեց՝ հայ ռազմագերիների ազատ արձակման հարցում ԱՄՆ վարչակազմի կարծիքը միասնական է։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ