Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանրային մեղադրողը անընդհատ վիրավորանքի մասին էր հարցերը տալիս, որպեսզի հանրության մոտ թյուր կարծիք ձեւավորվի, որ Էդգար Ղազարյանին վիրավորանքի համար է մեղադրանք առաջադրվել». Ռուբեն Մելիքյան

Սեպտեմբեր 18,2025 23:45

«Բավականին դրական եմ համարում այսօրվա նիստը երկու պատճառով: Առաջին: Երկու խափանման միջոցներից մեկը մեր միջնորդություններից հետո բավարարվեց եւ վերացվեց: Դատարանը տվյալ պարագայում խափանման միջոցը չդիտարկեց որպես պատժի միջոց: Այդպես էլ կարելի է: Մարդը երկրից դուրս գալու հնարավորություն չուներ եւ շատ անկեղծ պատասխանեց, թե ինչի համար է ուզում դուրս գալ:

Հիշեցնեմ նաեւ, որ Էդգար Ղազարյանը ունի նաեւ վարչական հսկողություն խափանման միջոց, ինչը ենթադրում է շաբաթը մեկ անգամ գնալ, ստորագրել եւ ձեռնպահ մնալ որոշակի հանրային խոսքից: Երկրորդ: Վերջապես, քրեական վարույթում հայտնվեց այն ամենը, ինչ նկատի է ունեցել Էդգար Ղազարյանը, որը շատ կարեւոր նշանակություն ունի: Մեղադրանքում առկա է ձեւակերպում առանց որոշակի փաստեր ունենալու: Ամեն դեպքում կարծում ենք, որ դատարանը հնարավորություն կունենա գնահատել, թե որքանով է եղել քննադատությունը որոշակի փաստարկների վրա հիմնված, ինչը շատ կարեւոր է այս վարույթի համար:

Ես ուզում եմ նաեւ հատուկ նշել, որ հանրային մեղադրողը անընդհատ վիրավորանքի մասին էր հարցերը տալիս, որպեսզի հանրության մոտ թյուր կարծիք ձեւավորվի, որ Էդգար Ղազարյանին վիրավորանքի համար է մեղադրանք առաջադրվել:

Հայտնում եմ, որ Էդգար Ղազարյանին վիրավորանքի համար որեւէ մեղադրանք առաջադրված չէ: Մեղադրանքի ձեւակերպումը հետեւյալն է, «արատավորող տեղեկություններ տարածելը»: Որեւէ վիրավորանքի մասին այս ձեւակերպումը ոչինչ չի պարունակում: Արատավոր տեղեկությունը եւ վիրավորանքը, իմ իրավական գիտելիքների համադրմամբ, իրավաբանորեն տարբեր հասկացություններ են»,-ասաց պաշտպանը:

Հարցին, թե արդյո՞ք դա չի նշանակում, որ հանրային մեղադրողը իրավաբանորեն չի տիրապետում այդ երկու հասկացությունների տարբերությանը, Ռուբեն Մելիքյանը պատասխանեց. «Ոչ: Ես այդպիսի պնդում չեմ անում: Պիտի նշեմ, որ հանրային մեղադրողը բավականին պրոֆեսիոնալ էր իր հարցերը ձեւակերպել եւ փորձում էր ստանալ իր համար ցանկալի պատասխաններ, որը հետո կարող էր օգտագործել եզրափակիչ ելույթներում: Եվ պետք չի սա դիտել որպես հանրային մեղադրողի կողմից ոչ պրոֆեսիոնալիզմի դրսեւորում, ինչը այդպես չէ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930