Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջադեմ» ՔՊ-ն ու «հետամնաց» հոգեւորականները

Սեպտեմբեր 19,2025 10:00

Պաշտոնական քարոզչությունը ցանկանում է մեզ համոզել, որ հոգեւորականները մեր հասարակության ամենատգետ եւ ամենահետամնաց մասն են: Եվ այդ իր ենթադրություններում հասնում է մինչեւ Սահակ-Մեսրոպ եւ Գրիգոր Լուսավորիչ՝ իրենց «հնամաշ գաղափարներով»: Պետք է ասել, որ «ժողովրդին», այսինքն՝ այն զանգվածին, որի վրա աշխատում է ներկայիս իշխանությունը, այդ գաղափարները սրտամոտ են. «Արա ախպեր, էդ սաղ փիլոնավորները գող-ավազակ-թալանչի են, ու միշտ էլ էդ ձեւ ա էղե»:

Իշխանությունների եւ նիկոլական զանգվածի այդ համոզմունքը հիմնված է, մեղմ ասած, ինֆորմացիայի պակասի վրա: Առնվազն մինչեւ 18-րդ դարը Հայաստանում եւ աշխարհում ամենազարգացած մարդիկ գրեթե բացառապես հոգեւորականներն էին: Գիտությունը, մշակույթը կենտրոնացած էր վանքերում, տաճարներում եւ այլ հոգեւոր կենտրոններում: Այնպես չէ, որ Եզնիկ Կողբացին, Մխիթար Գոշը կամ Գրիգոր Տաթեւացին անգրագետ եւ հետամնաց մարդիկ էին: Նաեւ 18-րդ դարից ի վեր մեր խոշորագույն գիտական ու մշակութային կենտրոնը Մխիթարյան միաբանությունն է:

Համալսարանները նույնպես կրոնական կենտրոններ էին: Ավելին ասեմ՝ ժամանակակից առաջատար համալսարանների մի մասն այսօր էլ կրոնական ուղղվածություն ունի: Այդպիսիք են Լյուվենի, Միլանի, Հռոմի կաթոլիկ եւ Հեյդելբերգի, Տյուբինգենի, Մարբուգի բողոքական համալսարանները: Մի խոսքով, աշխարհի ողջ իմաստությունը կենտրոնացած չէ Հայաստանում՝ ՔՊ գրասենյակներում եւ իշխանամետ հ/կ-ներում:

Հիմա պատկերացրեք, որ Ֆրանսիայի, Իտալիայի կամ Իսպանիայի իշխանության ներկայացուցիչներն ասեն՝ «Դե, զզվացրիք ձեր Օգստինոսով, Բոնավենտուրայով, Թովմաս Ակվինացիով: Համբուրգերը կա, կարտոֆիլ ֆրին ու կոլան կան, ի՞նչ եք մեր կյանքը բարդացնում»: Շատ հնարավոր է, իհարկե, որ ծայրահեղ ձախ երիտասարդների խմբակներում հենց այդպիսի կարծիքներ են հնչում, բայց այդ մոտեցումն Արեւմուտքում մարգինալ է: (Առայժմ՝ համենայնդեպս): Հայաստանում դա դարձել է պաշտոնական, «ժողովրդական» գաղափարախոսություն:

…Նույն Գրիգոր Տաթեւացին գրում էր. «Դիւրին է զգազանս ընտելացնել, քան ձտգետ անձն ի գիտութիւն ածել»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Հայոց Այբուբենը ստեղծած է հոգեւորական մը, վանական մը, երկնային ներշնչումով:

    Նպատակը, Աստուածաշունչի գրաւոր թարգմանութիւնն էր՝ հայերէնի: Որպէսի հայ ժողովուրդը փրկուի հեթանոսական դաւանանքներից, բարքերից սովորոյթներից:

    Անկէ ետք սկսաւ հայ գրականութեան Ոսկեդարը, Հայոց մշակութային գոյացումը: Հոգեւորականներու շնորհիւ: Ի դէմ աշխարհական իշխանաւորներին, դիմադրելով նրանց ծայրագոյն հալածանքներին…

    Աւելի քան 1600 տարիներ ետք, ուրեմն, ՀՀ այժմու իշխանութիւնը իր ժողովուրդը վերադարձուց՝ չորրորդ դար: Եւ իրե՞նք են՝ առաջադէմները…

    Մ. Հայդուկ Շամլեան

Պատասխանել Հ.Շ.

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930