Լրահոս
Թիթիզություն
Օրվա լրահոսը

Թրամփի «հավերժական» ընկերները

Սեպտեմբեր 19,2025 12:00

Սկիզբը՝ այստեղ:

Ադրբեջանի իշխանությունները միաժամանակ ամերիկյան մի քանի պատվիրակությունների հետ բանակցություններ վարեցին`«Թրամփի ուղու» նախագծի շուրջ

Անցյալ շաբաթ ամերիկյան մի քանի պատվիրակություններ էին ժամանել Բաքու` քննարկելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ ստորագրված փաստաթղթերի իրականացման հարցը: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նախ ընդունել էր Միջին միջանցքի հարցով ԱՄՆ հավաստագրված առեւտրային առաքելության ներկայացուցիչներին։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնեց, որ կողմերը քննարկել են օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված համաձայնագրերը։ Պաշտոնական Բաքուն հույս է հայտնել, որ այդ փաստաթղթերը «անխոչընդոտ կապ կապահովեն» Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի միջեւ՝ Հայաստանի տարածքով։

Իսկ Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի գործադիր տնօրեն Քենեթ Էնջելը Բաքվում հանդիպումների արդյունքներով հայտարարել է, թե «Թրամփի ուղու» հետ կապված աշխարհաքաղաքական բազմաթիվ գործոններ կան. «Մի կողմից՝ Ռուսաստանը, մյուս կողմից՝ Իրանը չեն ցանկանում, որ այս միջանցքը բացվի։ Թուրքիան, ընդհակառակը, կողմ է դրա բացմանը։ Հայաստանը նույնպես հետաքրքրված է այս գործընթացով, քանի որ նրանց համար շահավետ կլինի մաքսատուրք գանձել այդ երթուղով անցնող բեռների համար։ Ես կարծում եմ, որ այս հարցը կպահանջի որոշակի անվտանգության երաշխիքներ եւ դիվանագիտական մոտեցում»: Ամերիկացի պաշտոնյան, սակայն, չէր հստակեցրել, թե մասնավորապես ինչ նկատի ունի:

Այսպիսով, Էնջելը Բաքվում արձանագրել է, որ «Թրամփի ուղին» ներկայումս գտնվում է իրականացման վաղ փուլում: Սակայն, երբ այն գործարկվի, ամերիկյան ընկերությունները ուրախ կլինեն օգտվել նախագծերին մասնակցելու եւ իրենց առաջարկները մրցույթներին ներկայացնելու հնարավորությունից, ընդգծել է նա:

Հիշեցնենք, որ պաշտոնական Բաքուն մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե Սյունիքով անցնող ճանապարհը պետք է անվտանգ լինի ադրբեջանցիների համար՝ նկատի ունենալով հայ սահմանային ու մաքսային ծառայողների հետ շփման բացառումը:

Նկատենք նաեւ, որ ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի գործադիր տնօրեն Քենեթ Էնջելը դեռեւս անցյալ տարի նոյեմբերի վերջին էր Հայաստան ժամանել` դիտարկելու ներդրումային հնարավորությունները եւ հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության ընդլայնման նոր ուղիներն ու հեռանկարները։

Արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է նաեւ ԱՄՆ Պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենի հետ, որի հետ քննարկել են ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունները, ռազմավարական գործընկերության վերաբերյալ խարտիա պատրաստելու համար ռազմավարական աշխատանքային խմբի ստեղծման մասին փոխըմբռնման հուշագրից բխող հարցերը, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կարգավորման գործընթացը։ Նշվում էր, որ կողմերը նաեւ մտքեր են փոխանակել ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների պատմության եւ մի շարք ոլորտներում, մասնավորապես անվտանգության եւ էներգետիկայի ոլորտներում փոխշահավետ համագործակցության վերաբերյալ։ Հատկապես ընդգծվել է, որ այս տարվա օգոստոսին տեղի ունեցած բարձր մակարդակի այցելություններն ու շփումները կարեւոր դեր են խաղում հարաբերությունների զարգացման գործում։

«Շեշտվել է Վաշինգտոնում պատմական հանդիպման արդյունքում ձեռք բերված պատմական համաձայնությունների կարեւորությունը՝ Ադրբեջան-Հայաստան խաղաղության օրակարգը առաջ մղելու համար, ներառյալ՝ խաղաղության պայմանագրի նախաստորագրումը եւ անցյալի հակամարտության մնացորդ հանդիսացող կառույցների վերացման քայլերը», ասվում էր Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։

Այսպիսով, Ադրբեջանի իշխանություններն անցած օրերին միաժամանակ ամերիկյան մի քանի պատվիրակությունների հետ են բանակցություններ վարել`«Թրամփի ուղու» նախագծի շուրջ: Բաքու ժամանեցին ամերիկյան 3 պատվիրակություններ. Պետդեպի Եվրոպական եւ Եվրասիական հարցերի բյուրոյի պատվիրակությունը, ԱՄՆ Մաքսային պետական կոմիտեի պատվիրակները եւ Միջին միջանցքի հարցերով ԱՄՆ հավաստագրված առեւտրային հատուկ առաքելության ներկայացուցիչները:

Ի դեպ, այս ընթացքում ադրբեջանցի պատվիրակներն էլ մեկնել էին Վաշինգտոն: Միացյալ նահանգներում վերջին օրերին ակտիվ բանակցություններ է վարել Ադրբեջանի նախագահի օգնական, արտաքին քաղաքականության բաժնի պատասխանատու Հիքմեդ Հաջիեւը: Նա հանդիպել է Կոնգրեսի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Բրայեն Մասթի, մի խումբ սենատորների հետ:

Եւ մինչ ամերիկյան պատվիրակությունները Բաքվում էին` Ադրբեջանի խորհրդարանում քննարկեցին վաշինգտոնյան համաձայնագրերը: Միլլի Մեջլիսի արտահերթ նստաշրջանի շրջանակներում ընթացել է «Վաշինգտոնյան համաձայնագրեր. խաղաղ դիվանագիտության եւ իմաստուն առաջնորդության հաղթանակը» թեմային նվիրված հատուկ նիստ:

Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովան ընդգծել է, թե «Զանգեզուրի միջանցքը» փոխում է Եվրասիայի տրանսպորտային քարտեզը եւ բացում նոր հնարավորություններ, եւ «Զանգեզուրի միջանցքը» շատ լուրջ նշանակություն ունի։ Բանախոսը, անդրադառնալով սեպտեմբերի 1-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության դադարեցմանը, ընդգծել է, որ դա կնպաստի խաղաղության գործընթացին։

Գաֆարովան պատմական է անվանել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ձեռք բերված համաձայնությունները. «Նախագահ Իլհամ Ալիեւի Վաշինգտոն կատարած այցի ընթացքում ձեռք բերված համաձայնությունները պատմական նշանակություն ունեն Ադրբեջանի եւ ամբողջ տարածաշրջանի համար։ Դրանք ազդել են ոչ միայն ամերիկա-ադրբեջանական հարաբերությունների եւ խաղաղության օրակարգի, այլեւ ամբողջ Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների վրա»։

Գաֆարովան նաեւ ընդգծել է, թե վաշինգտոնյան համաձայնագրերը Ադրբեջանի վերջին տարիների ամենակարեւոր քաղաքական եւ դիվանագիտական հաջողություններից են. «Իլհամ Ալիեւի նախաձեռնած «Զանգեզուրի միջանցք» նախագծի իրականացումը ծառայում է տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը»:

Բանը հասել է նրան, որ Բաքվում առաջարկել են Հայաստանի տարածքով անցնող «միջանցքն» անվանել Իլհամ Ալիեւի անունով։ Ադրբեջանի Միլի Մեջլիսի առաջին փոխնախագահ Ալի Ահմեդովը խորհրդարանի արտահերթ նիստի հատուկ նիստում նշել է. «Վաշինգտոնում մեծ դիվանագիտական հաղթանակի միակ հեղինակը նախագահ Իլհամ Ալիեւն է։ Զանգեզուրի միջանցքը նոր պատմության շատ կարեւոր նախագիծ կլինի։ Ես կարծում եմ, որ ինչպես Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարը կրում է համազգային առաջնորդ Հեյդար Ալիեւի անունը, այնպես էլ Զանգեզուրի միջանցքը պետք է կրի նախագահ Իլհամ Ալիեւի անունը»։

Նկատենք, որ Ադրբեջանի նախագահն էլ իր հերթին նորից «Զանգեզուրի միջանցքից» սպասվող օգուտների մասին է խոսել՝ չհստակեցնելով, թե ինչ սկզբունքներով է գործելու այդ ճանապարհը: «Ադրբեջանը, որը գտնվում է Արեւելք-Արեւմուտք եւ Հյուսիս-Հարավ միջանցքների վրա, վերածվում է Եվրասիայի կարեւորագույն տրանսպորտային եւ լոգիստիկ կենտրոններից մեկի։ Ես նաեւ կասկած չունեմ, որ Զանգեզուրի միջանցքը, որպես Միջին միջանցքի երթուղիներից մեկը, մոտ ապագայում կդառնա կարեւոր տրանսպորտային կապ, որը կմիացնի մայրցամաքները։ Վստահ եմ, որ այս բոլոր տրանսպորտային գծերը կնպաստեն Ասիայում փոխգործակցության եւ վստահության միջոցառումների խորհրդակցության անդամների միջեւ համագործակցության զարգացմանը», նշել է նա` Ասիայում փոխգործակցության եւ վստահության միջոցառումների խորհրդակցության ուղեղային կենտրոնների ֆորումի 13-րդ նիստի մասնակիցներին ուղղված իր խոսքում։

Ինչպես նկատում ենք, «Թրամփի ուղին» Ալիեւը շարունակում է կոչել «Զանգեզուրի միջանցք», ասել է թե` Բաքուն այն հետեւողականերով ներկայացնում է որպես Ադրբեջանի մաս։ Իսկ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մասին, բնականաբար` ոչ մի խոսք:

Բաքվում, ապա` Երեւանում ամերիկյան պատվիրակությունների բանակցությունները, ըստ ամենայնի, նախագահ Թրամփին գոհացրել են: Սեպտեմբերի 16-ին Միացյալ Նահանգների նախագահը սոցիալական ցանցի իր էջում հրապարակել էր Սպիտակ տանը իր, Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիեւի լուսանկարն ու գրել. «Մեծ պատիվ էր օգնել կարգավորելու Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պատերազմը եւ միաժամանակ ընկերանալ այս երկու մեծ առաջնորդների ու մարդկանց՝ նախագահ Իլհամ Ալիեւի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Դա ինձ համար, բայց, որ ավելի կարեւոր է, նաեւ Միացյալ Նահանգների համար, հավերժական ընկերություն կլինի»։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.09.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930