ՀՀ կառավարությունը շրջանառել է «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման եւ աջակցության» հայեցակարգ անունով մի նախագիծ, որը 17 էջանոց խրթին ու ճոռոմախոս տեքստ է, որտեղ կարմիր թելի պես անցնում է նիկոլական «խաղաղության» պրոպագանդան:
«Պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերը պետք է բացառեն պատերազմի եւ վրեժի քարոզը, ուղղված լինեն տարածաշրջանում համակեցության միջավայրի ձեւավորմանն ու խրախուսմանը։ Ընդ որում, որպեսզի խաղաղությունն իրական բովանդակություն ստանա, այն պետք է հիմնված լինի տարածաշրջանի ճանաչողության, սեփական պատմության ճշմարիտ ու ազնիվ իմացության եւ քննական մտածողության վրա»,- ասված է նախագծում:
Նախագծում նշվում է, թե «բեմի գեղագիտության մեջ գերակշռել է վշտի ու ողբերգության թեման»։
«Այն, ինչից ձերբազատվել ենք, ավելի կոպիտ ձեւով ուզում են վերադարձնել: Մենք այն սերունդն ենք, որ տեսել ենք այդ ամենը՝ գրաքննություն, ազգայինի արժեքներն արգելելու փորձեր: Բայց պատուհանդ բացում ես՝ Արարատն է, տուն են ռեկլամ անում՝ ասում են՝ Արարատին նայող… Արարատը մեր արյան մեջ է: Չի՛ կարելի արյան ու հիշողության հետ խաղալ»,- «Հրապարակ»-ին ասում է գրող, հրապարակախոս Սպարտակ Ղարաբաղցյանը՝ հավելելով, որ այլեւս ոչ մի բանի վրա զարմանալ հնարավոր չէ: Մտավորականը համոզված է՝ իշխանությունն այս գործում չի հաջողելու, որովհետեւ սա արդեն վերջն է: «Վերջերս 2019-ի իմ գրառումներից մեկն աչքովս ընկավ: Թումանյանի հոբելյանական միջոցառումն էր ԵՊՀ-ում, ինձ էլ էին հրավիրել, հարցազրույցում ասացի, որ Նիկոլ Փաշինյանն Էլչիբեյին է նման, ինձ մոտեցավ մի դասախոս ու ասաց՝ ես Ձեզ շատ եմ հարգում, բայց չեմ ուզում, որ մեր վարչապետին համեմատեք Էլչիբեյի հետ: Ադրբեջանում, փաստորեն, ավելի շուտ գլխի ընկան, թե ով է Էլչիբեյը, մեզ մոտ դեռ մարդիկ կան, որ չեն հասկանում»,- ասում է Ղարաբաղցյանը: «Իրական Հայաստան» ձեւակերպումն անգամ նա ծիծաղելի է համարում, հարցնում է՝ «Իրական Հայաստանն» այն էր, ինչ Փաշինյանն օրերս Բյուրականո՞ւմ ասաց՝ «Ցանկապատ» ներկայացումից հետո:
Կարդացեք նաև
«Ես չգիտեմ՝ ով էր նրան խորհուրդ տվել Բյուրական գնալ, բայց, կներեք, պետք է ասեմ՝ նա «մկան շեռի» նման ավիրում է ամեն բան, ուր ոտք է դնում: Հոտած խնձորը, որ դնում ես առողջ խնձորների կողքը ու շուտ չես հեռացնում, առողջներն էլ են հոտում։ Հիմա մենք նման ենք այդ առողջ խնձորներին, որ իրեն հանդուրժել ենք ու չենք նկատում, որ մենք էլ ենք հոտել», – այլաբանորեն ստեղծված իրավիճակն է բնութագրում մեր զրուցակիցը:
Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: