«Ընթացիկ վարչատարածքային բարեփոխումը ներառում է մի քանի համայնքների միավորումը ավելի մեծ միավորների մեջ, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ փոքրամասնությունների լեզուների պաշտպանության վրա: ՀՀ իշխանությունները պետք է ապահովեն, որ վարչատարածքային բարեփոխումները չհանգեցնեն փոքրամասնությունների լեզուների դասավանդման և դրանց ծավալի կրճատմանը»,- ամրագրված է Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի փորձագետների կոմիտեի կողմից այսօր հրապարակված 7-րդ զեկույցում։
Խարտիան ՀՀ-ում ուժի մեջ է մտել 2002-ին։ Խարտիայով պաշտպանված են ասորերենը, հունարենը, քրդերենը, ռուսերենն ու եզդիերենը, ինչպես նաև գերմաներենն ու ուկրաիներենը։ Զեկույցում ներկայացված են 2025-ի մարտի դրությամբ տվյալներ։
Փաստելով, որ ՀՀ իշխանությունները ջանքեր գործադրում են խթանելու մշակութային և լեզվական բազմազանությունը, այնուամենայնիվ, փաստաթղթում ամրագրված է անհրաժեշտությունը՝ ապահովելու, որ օրենսդրական շրջանակը հստակորեն ապահովի փոքրամասնությունների լեզուների պաշտպանությունն ու խթանումը, և որ փոքրամասնությունների լեզուները բացի ռուսերենից, ավելի լայնորեն դասավանդվեն և խթանվեն:
Մասնավորապես ՀՀ իշխանություններին առաջարկվում է․ «Համալսարանական մակարդակով ներդնել ասորերենի, ուկրաիներենի և եզդիերենի դասընթացներ և ապահովել ասորերենի, հունարենի, քրդերենի, ուկրաիներենի և եզդիերենի ուսուցիչների հասանելիությունը։ Որդեգրել նախաձեռնողական մոտեցում ասորերեն, հունարեն, քրդերեն եզդիերեն լեզուների պաշտպանության և խթանման հարցում հասարակական կյանքի բոլոր ոլորտներում և քայլեր ձեռնարկել Խարտիայի վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու համար։ Ավելացնել ազգային փոքրամասնությունների միավորումների ֆինանսավորումը՝ փոքրամասնությունների լեզուների խթանումն ապահովելու համար։ Ապահովել, որ օրենսդրական շրջանակը հստակորեն նախատեսի փոքրամասնությունների լեզուների պաշտպանությունն ու խթանումը՝ համաձայն Հայաստանի կողմից Խարտիայի շրջանակներում ստանձնած պարտավորությունների»։
Կարդացեք նաև
Խարտիայի փորձագետների կոմիտեն զեկույցում կարևորում է այն, որ ՀՀ իշխանությունները ներկայումս ավարտին են հասցնում «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը և նշում․ «Դա կարևոր հնարավորություն է ընձեռում ապահովելու փոքրամասնությունների լեզուների հստակ պաշտպանությունն ու խթանումը, ինչպես նաև համապատասխան օրենսդրությունը համապատասխանեցնելու Խարտիայի շրջանակներում՝ ՀՀ-ի պարտավորություններին»։
Նշենք, որ ՀՀ-ն մշակել է դպրոցների համար «Մշակութային բազմազանություն» ծրագիր, որի նպատակն է խթանել տարբեր մշակույթների նկատմամբ հարգանքը: Ծրագրի շրջանակներում 2024-ի ընթացքում ՀՀ շուրջ 170 դպրոցներում խթանվել է փոքրամասնությունների լեզուների ուսուցումը՝ բաց դասերի, երաժշտական և պարային ներկայացումների միջոցով: Փորձագետների կոմիտեի բոլոր զրուցակիցները հաստատել են նախաձեռնության կարևորությունը, ինչին աջակցում է ՀՀ կառավարությունը։
Փաստելով, որ ՀՀ օրենսդրությունը դեռևս չի երաշխավորում փոքրամասնությունների լեզուները դատական մարմինների առջև օգտագործելու իրավունքը, եթե փոքրամասնության լեզվով խոսողը տիրապետում է հայերենին, զեկույցում ամրագրված է․ «Սա շարունակում է հակասել Հայաստանի կողմից վավերացված Խարտիայի 9-րդ հոդվածին»։
Զեկույցում նաև ամրագրումներ կան ռուսերենի հետ կապված։ Մասնավորապես նշված է․ «Ռուսերենը միակ փոքրամասնության լեզուն է, որը լայնորեն օգտագործվում է տնտեսական և հասարակական կյանքում։ Այս ոլորտում մյուս փոքրամասնությունների լեզուների դեպքում արդյունքների հասնելու համար անհրաժեշտ է ավելի ռազմավարական և նպատակային մոտեցում»։
Նշենք, որ ԵԽ Նախարարների կոմիտեն ՀՀ իշխանություններին հորդորում է ներկայացնել անհապաղ գործողությունների առաջարկությունների կատարման վերաբերյալ տեղեկատվությունը մինչև 2026 թվականի նոյեմբերի 1-ը, իսկ հաջորդ պարբերական զեկույցը՝ մինչև 2029 թվականի մայիսի 1-ը։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































