«2021 թվականին այս իշխանությունները մարդկանց խոստացել են արցախահայերի իրավունքների պաշտպանություն, նույնիսկ հայկական տարածքների դեօկուպացիա։ Ընտրվել են ամբողջությամբ այդ ծրագրով, ոչ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մանդատ են ունեցել, ոչ էլ Հայաստանի տարածքները Ադրբեջանին հանձնելու»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նա հավելեց, որ իրենց ցանկացած հանձնում արդարացնելու համար այս իշխանություններն ինչ-որ պատճառներն են գտնում։ «Աշխարհում միայն նիկոլական իշխանությունը կարա ասի՝ Արցախը հանձնեցինք, այսքան զոհ ունեցանք, պարտվեցինք, բայց Հայաստանը դարձավ ավելի ինքնիշխան կամ դարձավ ավելի անկախ։ Ինքը գործիք է դարձել թուրքերի ու ադրբեջանցիներին ձեռքին։ Սեպտեմբերի 19-ի Արցախի հայաթափման պատասխանատուն անձամբ Նիկոլ Փաշինյանն է։ Նիկոլ Փաշինյանը մինչեւ հիմա լեգիտիմացնում է Ալիեւի քայլերն ու գործողությունները, փորձում է լվանալ նրա արյունոտ ձեռքերը եւ վարած քաղաքականությունը։ Հիշեք, որ այդ ամենը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ինքն Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում»,- նշեց նա։
Իշխան Սաղաթելյանն ասաց, որ այլընտրանք միշտ կար, բայց «քանի որ իրենք դավաճան են, խամաճիկ են, իրենց ամբողջ քաղաքականությունը եղել է Արցախը հանձնելը, հետեւաբար, իրենց պարագայում որեւէ հնարավորություն չկար եւ չէր կարող լինել»։
Սաղաթելյանը հավելեց․ «Նիկոլ Փաշինյանը մի օր պետք է պատմի՝ հարձակումից ու պատերազմից հետո ինչ է պայմանավորվել Ալիեւի հետ, ինչ է խոսել Էրդողանի հետ, արդյոք ինքն ամբողջությամբ տեղյա՞կ էր 2023 թվականի հարձակման մասին եւ արդյոք ինքը նաեւ երաշխի՞ք էր տվել, որ Հայաստանը որեւէ կերպ չի հարձակվելու, որեւէ ծպտուն չի հանելու, լուռ նստելու է ու տեսնի, թե ինչպես են ցեղասպանություն իրականացնում Արցախում։ Ես վստահ եմ, որ ինքն այդ պայմանավորվածությունն ունեցել է եւ այդ երաշխիքը տվել է»։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ