Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատախազի ասածները սուտ դուրս եկան, ցածրակարգ մեղադրանք է». Արծվիկ Մինասյան

Սեպտեմբեր 19,2025 20:22

«Սա ոչ միայն վերից վար շինծու գործ է՝ իրավունքի հետ բացարձակ կապ չունեցող, ավելին, մեղադրանքը պարունակում է ձևակերպումներ, որոնք մեղադրանքը ներկայացնողներից, քննչականից սկսած, ավարտված դատախազի առումով մասնագիտական տեսակետից ընդհանրապես չի դիմանում որևէ քննադատության։ Այդ մարդիկ անգամ չգիտեն նախարարի լիազորությունները»,- ՀՀ հակակոռուպցիոն դատարանում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ եւ պաշտպանության ու բնապահպանության նախկին նախարարներ Սեյրան Օհանյանի եւ Արծվիկ Մինասյանի, ինչպես նաեւ՝ Աշոտ Գրիգորյանի, Լևոն Բարսեղյանի, Բենիամին Ղալեչյանի եւ Էդգար Գրիգորյանի գործով դատական նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Արծվիկ Մինասյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ հակակոռուպցիոն դատարանը որոշեց վերացնել Արծվիկ Մինասյանի նկատմամբ կիրառված բացակայելու արգելքը։

Հիշեցնենք, ԱԺ-ն բավարարել էր Սեյրան Օհանյանի եւ Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու՝ գլխավոր դատախազի միջնորդությունը։ Սեյրան Օհանյանի եւ Արծվիկ Մինասյանի նկատմամբ կիրառվել էր խափանման միջոց՝ ՀՀ-ից բացակայելու արգելքը ։ Գործի նախաքննությունն օրերս ավարտվել էր եւ ուղարկվել դատարան։ Սեյրան Օհանյանը մեղադրվում է Սեւանի ափին ապօրինի դղյակ կառուցելու մեջ, իսկ Արծվիկ Մինասյանը՝ ապօրինի շինարարության թույլտվություն տալու մեջ։ Երկուսն էլ չեն ընդունում մեղադրանքը, կատարվողը համարում են քաղաքական հետապնդում։

Ըստ Արծվիկ Մինասյանի՝ դատախազն ԱԺ-ում ակնհայտ կեղծ ու սուտ տեղեկություններ էր հրապարակել․ «Այն մեղադրանքները, որոնք իմ հասցեին են հնչել, ոչ միայն իրականության, այլև իրավունքի հետ առնչություն չունեն։ Այդ մարդիկ չեն հասկանում՝ ինչ է ազգային պարկը և այն գոտին, որտեղ հանգ գոտիների շրջանակում իրականացվում են կառուցապատումներ»։

Արծվիկ Մինասյանն իր դեմ ներկայացված մեղադրանքը ցածրակարգ համարեց ու նշեց․ «Նպատակը մեկն է՝ փորձել վարկաբեկել մարդկանց։ Նման մեղադրանք այսօր կարող են առաջադրել ցանկացած պետական աշխատողի։ Գործողություն անես, մեղադրանք է առաջադրվում, չանես մեղադրանք է առաջադրվում, գործողություններ անես ի շահ պետության, շրջակա միջավայրի և ի շահ Սևանի, էլի մեղադրանք է առաջադրվում։ Կամ հանձնարարություն է ստացել, կամ գլխավոր դատախազն ինքն է որոշել ինչ-որ ծառայություն մատուցի քաղաքական իշխանությանը և նման ցածրակարգ մեղադրանքով փորձում է մարդկանց մոտ պատկերացում, տպավորություն ստեղծել։ Իրենք բոլորը ոչ միայն ներողություն են խնդրելու իրենց ապօրինի գործողությունների համար,  այլև իրենք պետք է պատասխանատվություն կրեն այս ամենի համար։ Եթե դա չլինի հայկական արդարադատության մեջ, կլինի եվրոպական արդարադատության մեջ»։

Հարցին՝ սա կարելի՞ է դիտարկել՝ որպես ճնշում ընդդիմադիր գործիչների նկատմամբ, Արծվիկ Մինասյանն այսպես պատասխանեց․ «Մեղադրանքը ներկայացված է ԱԺ ամենամեծ ընդդիմադիր խմբակցության քարտուղարին ու ղեկավարին։ Զուգահեռ իրականացվում է արագացված ազատությունից զրկելու օպերացիա Արթուր Սարգսյանի  նկատմամբ, մեր քաղաքական ակտիվիստների նկատմամբ։ Այս բոլորը և այս շինծու գործերը մեկ սցենարի մեջ են գտնվում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930