Լրահոս
Օրվա լրահոսը

Կատարել է հիմնականում Ֆրանսիայի եւ ԱՄՆ քաղաքացիների կողմից հայազգի երեխաների որդեգրում

Սեպտեմբեր 20,2025 13:00

Տարիներ առաջ` 2019թ. 73 հատորանոց աղմկահարույց քրեական գործ հանձնվեց դատարան: Տասնմեկ հոգի մեղադրվում էին ապօրինի որդեգրումների գործով, մասնավորապես, քսան երեխա Իտալիա են ուղարկվել, որդեգրվել:

Այդ գործը բացահայտել էր Ազգային անվտանգության ծառայությունը:

Մի քրեական գործ էլ կա, որի դատաքննությունը շարունակվում է, հոկտեմբերին նշանակված է հերթական դատական նիստը:

Դ. Գ.-ն մեղադրվում է 2003 թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 34-168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 44-242-րդ հոդվածի 1-ին մասին՝ 2 դրվագով) եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին) նախատեսված հանցավոր արարքները կատարելու համար: Ծանր հիվանդությամբ տառապող մեղադրյալը, որի համար հինգ միլիոն գրավ է ընտրվել որպես խափանման միջոց, մեղադրվում է ոչ միայն փողերի լվացման մեջ, այլ` 20.000 եվրոյով եւ 5.000 ԱՄՆ դոլարով փորձել է վաճառել նաեւ երկու երեխաների, սակայն այն ավարտին չի հասցվել իր կամքից անկախ: Այս ծանր բազմանուն, բազմադրվագ գործը, որն ավելի քան երեսունհինգ հատոր է, սկզբնապես ուղարկվել է մի դատարան, որը երեք նիստ անելուց հետո, այն ուղարկել է մեկ այլ դատարան` ըստ ընդդատյացության:

Այս նոր դատարանը յոթ նիստ է հրավիրել այս տարի, միայն մեկ անգամ է հետաձգվել, կապված վկայի բացակայության հետ:

Բազմադրվագ այս գործը, պիտի նկատեմ, ունի անձնական գաղտնիք, որդեգրման գաղտնիք պարունակող, անգամ ընտանեկան տվյալներ, տեղեկություններ, որոնք մի դատարանից ընդդատյա դատարան ուղարկվելով պահպանվել են, հարկ եղած դեպքում, կարող եմ ասել թե գործը, թե գործի համարը:

Երկու տարի է՝ գործը դատարաններում է:

2019 թ. դեկտեմբերի 1-ին մեղադրյալ Դ. Գ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել գրավը՝ 20.000.000 ՀՀ դրամ չափով, որը դատախազի 2021 թ. մայիսի 12-ի որոշմամբ նվազեցվել է եւ սահմանվել 5.000.000 ՀՀ դրամ:

Դատալսումներից մեկի ժամանակ հանրային մեղադրողը միջնորդել է գրավի հետ կիրառել բացակայելու արգելք խափանման միջոցը՝ մեղադրյալի կողմից ՀՀ-ից հեռանալու հնարավորությունը բացառելու նպատակով, պատճառաբանելով, որ առկա է վերջինիս կողմից քննությունից խուսափելու հավանականություն:

Սակայն պաշտպաններն առարկել են, նշելով, որ մեղադրյալն ունի առողջական լուրջ խնդիրներ եւ բուժում է ստանում արտերկրում:

Նախաքննության ընթացքում մեղադրյալին թույլատրվել է մի քանի անգամ լքել Հայաստանի Հանրապետության սահմանը բուժման նպատակով:

Չնայած օրենսդրական արգելքին՝ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 115-րդ հոդվածը սահմանել է. Երեխաների որդեգրման միջնորդական գործունեություն (այսինքն՝ որդեգրել ցանկացող անձանց անունից եւ նրանց շահերից բխող այլ անձանց կողմից իրականացվող՝ երեխաներ ընտրելուն եւ որդեգրման հանձնելուն ուղղված յուրաքանչյուր գործունեություն) չի թույլատրվում։ Այդպիսի գործունեություն չի համարվում խնամակալության եւ հոգաբարձության մարմինների եւ մարզպետարանի (Երեւանի քաղաքապետարանի) եւ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի գործունեությունը: Երեխաների որդեգրման միջնորդական գործունեություն իրականացնող անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով: Դ. Գ.-ն, ըստ դատարանում առկա քրգործի նյութերի, օգտագործելով արտերկրի՝ իրենց քաղաքացիներին որդեգրման հետ կապված օժանդակություն ցուցաբերող տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ունեցած անձնական հարաբերությունները, շուրջ 15 տարի շարունակ Հայաստանում կատարել է օտարերկրացիների՝ հիմնականում Ֆրանսիայի եւ ԱՄՆ քաղաքացիների կողմից հայազգի երեխաների որդեգրում, համապատասխան տեղեկատվություն ստացել որդեգրման ենթակա երեխաների մասին, կազմակերպել նրանց եւ որդեգրման ցանկություն հայտնած անձանց հանդիպումները, նախապատրաստել եւ պատրաստել որդեգրման համար անհրաժեշտ փաստաթղթերը, դրանք ներկայացրել դատարան եւ այդ ամբողջ պրոցեսում իրականացրել ֆրանսերեն եւ անգլերեն լեզուներից հայերեն թարգմանություններ։

Նա տիրապետել է որդեգրման գործընթացին, պահանջվող փաստաթղթերի ցանկին, ինչպես նաեւ մտերիմ հարաբերություններ է ձեւավորել մի քանի ՊՈԱԿ-ների տնօրենների հետ,  նախարարությունների, Երեւանի քաղաքապետարանի համապատասխան աշխատակիցների հետ, յուրաքանչյուր որդեգրման համար ստանալով ավելի քան 10.000 եվրո, իրականացրել է այն:

Նա մանկատների տնօրեններից, պետական կառույցների աշխատակիցներից պարբերաբար նախապես ստացել է հնարավոր որդեգրվող երեխաների թեկնածուների վերաբերյալ տեղեկություններ:

Նա երեխաների՝ «գնորդների» համար հնարավորինս առաջադրել է նախընտրելի թեկնածուներ, կազմակերպել որդեգիրների եւ երեխաների հետ հանդիպումները, ըստ քրեական գործն առաջադրած մարմնի. «այսինքն, կատարել է երեխաների վաճառքին անմիջականորեն ուղղված դիտավորյալ գործողություններ»:

Նախաքննական մարմինը նշել էր, որ վաճառքը տեղի չի ունեցել, անկախ հանգամանքներով պայմանավորված: Այն է` պարզվել է, որ որդեգրի կողմից   «նախընտրած երեխան», որդեգրման ենթակա չի եղել, մի որդեգիր էլ նախապատվություն չի տվել ներկայացված երեխաներից որեւէ մեկի որդեգրմանը:

Այս գործով, զարմանում ես, որ բաց են նաեւ գործարքներ իրականացրած բանկերի անունները, հաշվեհամարները, փոխանցումները, երբ գործարքների համար Դ.Գ.-ն ստացել է առանձնապես խոշոր չափերով գումարներ, իբրեւ որդեգրման գործընթացում անհրաժեշտ ծախսեր: Նշված էին ընկերությունների անուններ, երբ մեկին գումարի ծագման աղբյուրը թաքցնելու նպատակով, գումարն է փոխանցվել, փոխանցման նպատակ նշելով «փոխառություն» նպատակը, ըստ նախաքննական մարմնի` «վերջնարդյունքում օրինականացնելով հանցավոր ճանապարհով՝ երեխաների վաճառքի արդյունքում ձեռքբերված գույքը»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.09.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930