Իսկ ո՞վ է որոշելու, թե ինչն է վրեժի ու պատերազմի քարոզ, իսկ ինչը՝ ոչ: Օրինակ՝ դպրոցական ծրագրերից ու գրադարակներից դո՞ւրս են նետվելու Սիամանթոյի, Շիրազի, Չարենցի, Սևակի, Վարուժանի և տասնյակ այլ գրողների ու բանաստեղծների ստեղծագործություննեը: Արգելվելո՞ւ են Պերճ Զեյթունցյանի հայտնի գործերը կամ Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմը: Ոչնչացվելո՞ւ են «Նահապետ» և «Ձորի Միրո» ֆիլմերը…
Ոչնչացվելու կամ լուծարվելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, թե՞ էապես նենգախեղվելու է տեղի ունեցած բովանդակությունը: Ազգային երգերն ու պարերը արգելվելո՞ւ են: Ոչնչացվելո՞ւ են հայկական տարազները, չէ՞ որ դրանց մի ահռելի մասը վերաբերում է Արևմտյան Հայաստանին, նաև՝ Արցախին: Ի դեպ, Արցախի տոհմագորգերի՞ հետ ի՞նչ է արվելու, հռչակվելու են ադրբեջանակա՞ն…
Փաշինյա՞նն է այս ամենը որոշելու, ինչպես այն օրը, երբ, իրեն գրաքննիչի դեր վերապահած, որոշում էր, թե «Ցանկապատ» ներկայացման մեջ ինչ լինի կամ ինչ չլինի…
Ու այստե՛ղ է հենց ամենից վտանգավորը, որ արտացոլված է այդ միանձնյա «հայեցակարգի» տողատակում. ջնջել անցյալը, հիմնովին ջնջել, ջնջել պատմությունը և այն փոխարինել խեղաթյուրված, կամայական «մեկնություններով», ոչնչացնել արժեհամակարգը, ոչնչացնել պատմամշակութային, գրական-գեղարվեստական ժառանգությունը: Իսկ ամբողջ «գեղագիտությունն» էլ պարփակել Հայաստանի Հանրապետության տարածքով ու մի փոր հացով յոլա գնալ փաշինյանական «գաղափարախոսությամբ»:
Կարդացեք նաև
Ի լրումն ամենի, Փաշինյանի մշակած «հայեցակարգը» ենթադրում է տոտալ գրաքննություն և ամենահոռի վերահսկողություն ամեն ինչի վրա՝ ներկայացումներից մինչև գրահրատարակչություն:
…Եվ նման՝ վերը հիշատակված «հայեցակարգը», որքան էլ որ տարօրինակ հնչի, գալիս է լրացուցիչ անգամ հաստատելու, որ Հայաստանում ազգային իշխանություն վերականգնելուց հետո գաղափարախոսությունն առաջին բաներից մեկն է, ինչի վրա պետք է լրջորեն աշխատել:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում