Օրեր առաջ «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել էր ՀՀ կառավարության «Ինտերակտիվ բյուջեն» և պարզել, որ այստեղ ներկայացվող տեղեկատվությունը չի արտացոլում բյուջեի կատարման իրական պատկերը։
Ինտերակտիվ բյուջեի միջոցով, նկատենք, քաղաքացիները կարող են տեղեկանալ, թե ինչ նպատակով, ուղղությամբ և ինչպես են ծախսվում բյուջեի գումարները, ինչպես նաև տեսնել բյուջեի եկամուտներն ու ծախսերն առցանց ռեժիմով։
«Ինտերակտիվ բյուջե» համակարգի բարեփոխումները միտված են էլ ավելի թափանցիկ և հաշվետվողական դարձնել ՀՀ կառավարության գործունեությունը», — նշված է Ֆինանսների նախարարության պաշտոնական կայքէջում։
Այսպես, 2025 թվականի սեպտեմբերի 9-ի դրությամբ «Ինտերակտիվ բյուջե» բաժնում նշված էր, որ այս տարվա համար նախատեսված 3 տրլն 441 մլրդ դրամից ծախսվել է ընդամենը 223 մլրդ դրամը (մոտ 6․5%)։ Նույն իրավիճակն էր նաև առանձին ոլորտների դեպքում։
Կարդացեք նաև
Fip.am-ի ուսումնասիրությունը ցույց էր տվել, որ այս էջում հրապարակված տվյալները չեն արտահայտում բյուջեի կատարման ներկա ընթացքը, այսինքն՝ ճշգրիտ և արդիական չեն ներկայացված ծախսերը, որոնք կարևոր են հանրության տեղեկացված լինելու համար։
Հաշվի առնելով այս հանգամանքը, գրավոր հարցմամբ դիմել էինք ՀՀ վարչապետի աշխատակազմին՝ խնդրելով պարզաբանել, թե որն է պատճառը, որ բյուջեի իրական ծախսերի ու ինտերակտիվ բյուջեով ներկայացված ցուցանիշների մասով անհամապատասխանություն կա։
Հարցմանն ի պատասխան՝ վարչապետի աշխատակազմը, ընդունելով մեր դիտարկումները, պատասխանել է, որ ինտերակտիվ բյուջեի՝ e-gov.am կայքում հասանելի տվյալների մեջ կատարվել են անհրաժեշտ շտկումները։
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հավաստիացրել են, որ «Ինտերակտիվ բյուջեի նոր մշակված գործիքը ֆունկցիոնալ առումով ավելի արդիական է և գերազանցում է նախորդ տարբերակին»։
Գայանե ՄԱՐԿՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստերի ստուգման հարթակում»