2025 թվականի երրորդ եռամսյակում արձանագրված 12-ամսյա գնաճն օգոստոսին արագացել է՝ հասնելով մինչև 3,6 %-ի: Չնայած այն հանգամանքին, որ գնաճը դեռևս գտնվում է ԿԲ-ի նպատակային միջակայքում, նշաններ կան, որ որոշ ծառայությունների ու ապրանքների գները կարող են հատել կանխատեսելիության սանդղակները։ Տնտեսության ներսում պահանջարկի ազդեցությունը գնաճի վրա դեռևս գնահատվում է չեզոք, սակայն առաջարկի գործոնները՝ մասնավորապես պարենի, էներգետիկայի և ներմուծվող ապրանքների գների աճը, գնալով մեծացնում են գնաճային ճնշումները։ Պարենային շուկայում միջազգային գների բարձրացումները անմիջապես փոխանցվում են ներքին շուկա, քանի որ Հայաստանի պարենային ինքնաբավության մակարդակը ցածր է, իսկ հիմնական ապրանքախմբերը ներկրվում են Ռուսաստանից, Չինաստանից, ԵՄ-ից, Կենտրոնական Ասիայից և Իրանից։ Փոխարենը զգալի չէ ազդեցությունը գնանկումների ժամանակ:
Պետք է հաշվի առնել, որ մատակարարման շղթաների խախտումները, լոգիստիկ ծախսերի աճը, ինչպես նաև արժութային շուկաների տատանումները լրացուցիչ խթան են ներքին գնաճի համար։ Այս ֆոնին, աշխատավարձերի ու թոշակների չնչին աճը կամ դրա բացակայությունը, ինչպես նաև ծառայությունների, հատկապես անշարժ գույքի, տրանսպորտի, առողջապահության ու կրթության ոլորտներում գների բարձրացումը նպաստում է բնակչության ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակի վատացմանը։ Մյուս կողմից էլ՝ գնաճը խաթարում է ներդրումային միջավայրը, քանի որ բիզնեսի համար առաջանում է անկայունության և անորոշության մթնոլորտ։ Երբ գները մշտապես աճում են, ընկերությունների համար դժվար է պլանավորել արտադրական ծախսերը, կանխատեսել շուկայի պահանջարկը և հաշվարկել շահութաբերությունը։ Դա կարող է հանգեցնել ներդրումների կրճատման, նոր աշխատատեղերի ստեղծման դանդաղեցման և տնտեսության ընդհանուր դինամիկայի թուլացման։
Փաստացի, վերջին մի քանի ամսվա իրադարձությունները վկայում են, որ Հայաստանի տնտեսությունն անցնում է նոր որակի մարտահրավերների փուլ՝ խորացող աշխարհաքաղաքական ռիսկերի, մեծացող գնաճային ճնշումների և տնտեսական ակտիվության տատանվող դինամիկայի պայմաններում։
Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում