Հատկապես հասարակագիտական և հայագիտական ոլորտների զարգացման խնդիրն ունի կենսական նշանակություն։ Տեխնոլոգիական նորարարությունները, որքան էլ կարևոր լինեն տնտեսության և արդյունաբերության համար, չեն կարող ինքնին ապահովել ազգային ինքնության, արժեքային համակարգի, պատմական հիշողության և հասարակական կայունության պահպանումը։ Հասարակագիտությունն ու հայագիտությունը, լինելով ոչ միայն գիտական, այլև մշակութային, կրթական ու գաղափարական հենասյուներ, ձևավորում են հանրային գիտակցությունը, ազգային ինքնությունը, պատմական համախմբվածությունը և պետականության ամրությունը։ Սակայն հենց այս ոլորտներն են ամենախոցելին Հայաստանում. պետության կողմից ռազմավարական մոտեցման բացակայությունը (սա մեղմ ասած, քանի որ հաճախ պարզապես ամեն ինչ արվում է հատկապես հայագիտության դեմ), ֆինանսավորման պակասը, արժեհամակարգային անորոշությունները և կրթական դաշտի մասնատվածությունը հանգեցրել են նրան, որ շատ դեպքերում ոչ պրոֆեսիոնալ, մակերեսային կամ քաղաքականապես շահագրգիռ մոտեցումները սկսել են գերիշխել իրական գիտական աշխատանքի, խորքային վերլուծության և նորարարական մոտեցումների փոխարեն։
Այս իրավիճակում հատկապես վտանգավոր է դրսի կասկածելի ֆոնդերի և կազմակերպությունների միջամտությունը, որոնք հաճախ իրենց ներդրումների միջոցով կարող են ուղղորդել գիտահետազոտական օրակարգը, թելադրել արժեքային, գաղափարական կամ նույնիսկ քաղաքական առաջնահերթություններ, որոնք չեն համընկնում ազգային շահերի հետ։
Այս ամենի լուծման բանալին մնում է պետության ձեռքում։ Գիտության ֆինանսավորումը պետք է դառնա ոչ թե ձևական պարտավորություն, այլ ռազմավարական առաջնահերթություն, որը ենթադրում է ոչ միայն ծավալների, այլև որակի, թիրախայնության և արդյունավետության կտրուկ բարձրացում։ Պետական ֆինանսավորման ավելացումը պետք է ուղղված լինի համակարգային գիտական նախագծերի, հիմնարար և կիրառական հետազոտությունների, երիտասարդ գիտնականների ծրագրերի, միջբուհական և միջգիտական համագործակցության, միջազգային գիտական ցանցերում ներգրավվածության և գիտական արդյունքների բարձր որակի ապահովմանը։
Հատկապես կարևոր է, որ ֆինանսավորման քաղաքականության հիմքում դրվի ոչ թե քանակական արդյունքների՝ հոդվածների, հրապարակումների կամ զեկույցների թվի ավելացումը, այլ որակական առաջընթացը։ Հարկավոր է խրախուսել այնպիսի նախագծեր և գիտական աշխատանքներ, որոնք ունեն իրական նորարարական արժեք, նպաստում են ազգային գիտական դպրոցի զարգացմանը, հասարակության ինքնաճանաչմանն ու արժեհամակարգային ամրապնդմանը, իսկ այդպիսի աշխատանք կատարողները պետք է վարձատրվեն համարժեքորեն՝ անկախ ձևական չափորոշիչներից։
Կարդացեք նաև
Հայագիտական և հասարակագիտական ոլորտներում ներգրավված մասնագետների նկատմամբ պետությունը պետք է որդեգրի արժանապատիվ և խրախուսող քաղաքականություն (այնինչ հիմա հակառակն է արվում)։ Այդ մասնագետները պետք է վայելեն բարձր հեղինակություն ոչ միայն գիտական հանրույթում, այլև հասարակության մեջ, ինչը հնարավոր է միայն ոլորտի դերի բարձրացման, պետական աջակցության, կրթական համակարգի բարեփոխման և հանրային գնահատանքի ձևավորման միջոցով։
Վերջին տարիներին, ցավոք, իշխանությունների անտարբերությունը կամ նույնիսկ բացասական վերաբերմունքը հասարակագիտության ու հայագիտության նկատմամբ հանգեցրել են ոլորտի արժեզրկման, պրոֆեսիոնալների հեղինակության անկման, իսկ երբեմն էլ՝ անորակ ու պարտադրող նախագծերի առավելություն ստանալուն, ինչն իր հերթին բացում է դռները արտաքին շահերի սպասարկման և ազգային ինքնության թուլացման համար։
Ստեղծված իրավիճակում կարևոր է գիտության կառավարման նոր մոդելի ձևավորումը, որտեղ պետությունը, մասնավոր հատվածը, բարձրագույն կրթական հաստատությունները և միջազգային գործընկերները միասին կկառուցեն գիտահետազոտական և նորարարական կայուն էկոհամակարգ։ Այս համակարգի հիմքում պետք է լինի գիտական ազատությունը, պրոֆեսիոնալիզմը, ազգային շահերի առաջնահերթությունը և որակական առաջընթացը։ Միայն այսպիսի բազմաշերտ և ինտեգրված մոտեցմամբ հնարավոր կլինի դուրս բերել գիտությունը լուսանցքից, վերականգնել հասարակագիտության և հայագիտության դերը ազգային կյանքում, ապահովել գիտական արդյունքի կապիտալիզացիան ու ինովացիոն զարգացումը։
Վերջիվերջո, Հայաստանի ապագան կախված է նրանից, թե որքան կարող է երկիրը ներդնել գիտության ու հասարակագիտության մեջ, որքան կարող է ամրապնդել սեփական գիտական ինքնությունը, ապահովել նորարարական առաջընթացը և ստեղծել արժեքային հենք, որը կդառնա ազգային միասնության, զարգացող տնտեսության և միջազգային մրցունակության հիմքը։
Արսեն ՍԱՀԱԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում