Մի քանի օր առաջ Мoody’s-ը, որն աշխարհի ամենահեղինակավոր վարկանիշային ընկերություններից է, նվազեցրեց Հայաստանի էլեկտրական ցանցերի վարկանիշը եւ ընկերության հետագա գործունեության կանխատեսումը «կայունից» դարձրեց «բացասական»։ Ըստ այդմ, ՀԷՑ-ի երկարաժամկետ կորպորատիվ վարկանիշը (CFR) «Ba2»-ից «Ba3» է իջեցվել, իսկ դեֆոլտի հավանականության վարկանիշը (PDR)՝ «Ba2-PD» մակարդակից՝ «Ba3-PD»: Հեղինակավոր կազմակերպության կանխատեսմամբ՝ ՀԷՑ-ի վարկանիշն առաջիկա 12-18 ամիսներին, ըստ ամենայնի, չի բարձրանա։
ՀԷՑ իրացման գծով նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում շեշտեց, որ 2020 թվականից ի վեր Мoody’s-ը ՀԷՑ-ին շնորհել է «Ba2» վարկանիշը` այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության տնտեսական կայունության ցուցանիշը կազմել է «Ba3», այսինքն՝ պետությանը տրված վարկանիշն ավելի ցածր է եղել, քան ՀԷՑ-ինը:
«Դա նշանակում է, որ ՀԷՑ-ի կառավարումը, տնտեսական կայունությունը գտնվում են ավելի բարձր մակարդակում, քան պետության կառավարումը: Այս ամբողջ գործընթացներից հետո Мoody’s-ը երկու-երեք ամսով սառեցրեց եւ որոշում կայացրեց ՀԷՑ-ի ցուցանիշը «Ba3» դարձնելու մասին, այսինքն՝ միանշանակ է, որ միջազգային հեղինակավոր կազմակերպությունը ՀԷՑ-ի հետ կատարվողը գնահատել է բացասական: Եթե համարեր, որ պետությունն ավելի լավ պետք է կառավարի, գոնե վարկանիշը կթողներ նույնը, եթե ոչ բարձրացներ, բայց իջեցրել է»,- ասում է Դավիթ Ղազինյանը՝ ընդգծելով, որ տարածաշրջանում չկա որեւէ այլ կազմակերպություն, որին Мoody’s-ը տված լինի ավելի լավ գնահատական, քան պետությանը, որտեղ այդ ընկերությունը գործում է:
Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում