Սեպտեմբերի 10-ին Հայաստանի Ազգային ժողովում ՀՀ վարչապետը, պատասխանելով պատգամավորների հարցերին, բացահայտեց իր քաղաքական փիլիսոփայության որոշ «նրբություններ»։ Այս անգամ նրա գլխավոր նպատակն էր բացատրել Հայաստանի եւ հակասական շահերով համաշխարհային տերությունների միջեւ ռազմավարական հարաբերություններ կառուցելու տրամաբանությունը։ Նա հայտարարեց, որ վերլուծաբանների գաղափարների ու իրականության միջեւ անհամապատասխանություն կա. մարդիկ չեն կարող բացատրել, թե ինչպես է հնարավոր ռազմավարական գործընկերությունը միաժամանակ Միացյալ Նահանգների, Չինաստանի եւ, նույնիսկ, Իրանի հետ։ Նրա կարծիքով՝ սա այն փաստի արդյունքն է, որ մենք ի սկզբանե դա անհնար ենք համարում. այդպիսին են մեր մտածողության հարթությունները։
Վերջին հայտարարությունը (անհնարինության նկատմամբ վստահության մասին) չափազանց հետաքրքրաշարժ է թվում, քանի որ «անհնարինության» թեզը շատ զարգացած է հայկական քաղաքական մտքում։ ՀՀ անկախության շրջանի վերջին տասնամյակներում այս թեզը ձեւավորել է բազմաթիվ քաղաքական գործիչների, այդ թվում՝ իշխանության գլուխ գտնվողների քաղաքական հայեցակարգերը։ Մասնավորապես՝ քննարկումն ընթացել է եւ շարունակվում է 1990թ. Անկախության հռչակագրի հիման վրա իրական պետություն ձեւավորելու հնարավորության կամ անհնարինության մասին: Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ այս Հռչակագիրը վկայում է հայտարարված սկզբունքների հիման վրա պետություն կառուցելու անհնարինության մասին: Անգամ չեմ խոսում այն պնդման մասին, որ Ադրբեջանի պահանջներից Արցախի ազատագրումն ի սկզբանե անհնար էր: «Ի սկզբանե անհնար» կատեգորիայի թեմաների ցանկը կարելի է շարունակել:
Եվ հիմա Հայաստանի վարչապետն ունի պատճառ հայտարարելու, որ «արտաքին քաղաքականության նպատակն այն է, որ մենք պետք է հորիզոններ բացենք մեզ համար: Մենք պետք է վստահ լինենք, որ մեր մտածողությունն ունի այնքան հարթություններ, որքան ունի աշխարհը»: Այդ ժամանակ, նրա կարծիքով, մենք կհասկանանք, թե ինչն է հնարավոր, իսկ ինչը՝ ոչ:
Թվում էր՝ Փաշինյանը փորձում է բոլորին ստիպել ընդունել, որ աշխարհի մեր տեսլականը չի համապատասխանում այս աշխարհի տրամաբանությանը, ինչը սահմանափակում է հնարավորի մեր ընկալումը: Գործող աշխարհակարգի արագ քայքայման եւ միջազգային հարաբերություններում աճող անկայունության համատեքստում նման մտքերը միշտ հետաքրքիր են թվում: Մնում է այն զգացողությունը, որ Փաշինյանը կոչ է անում նոր տեսլականի եւ հնարավորի ու անհնարինի նոր գնահատականների:
Կարդացեք նաև
Սակայն նման սպասումները պատրանքային դուրս եկան։ Փաշինյանի «նոր տեսլականի» միայն մեկ հստակ օրինակ էր անհրաժեշտ։ Միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի էությանը տված նրա համապարփակ գնահատականը, որի լուծարումը վերջերս առաջարկեց Հայաստանը (Ադրբեջանի պահանջով), ցույց տվեց նրա քաղաքական տեսլականի ծայրահեղ նեղահայացությունը եւ զգայունությունը դարավոր հայկական քաղաքական առասպելների նկատմամբ։ Այդ մասին է վկայում նրա ընդամենը մեկ արտահայտությունը. «ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը եղել է նրա համար, որ հակամարտությունը խորանա եւ դառնա լծակ՝ խամաճիկային իրավիճակում պահելու ոչ միայն Հայաստանը, այլ նաեւ ողջ տարածաշրջանը: Արդյունքում լինելու է Հայաստանի տարածքային ամբողջականության մասնատում եւ ինքնիշխանության ու անկախության կորուստ»,- նշել է նա:
Փաստորեն՝ իր «մտածողության նոր հարթությունում» ՀՀ վարչապետը քաղաքական աշխարհն այսպես է տեսնում։ Այսինքն՝ նրա ընկալմամբ, աշխարհը տասնամյակներ շարունակ զբաղվել է միայն հայ ժողովրդի ձեւավորած Հայաստանի Հանրապետության ոչնչացմամբ։ ԵԱՀԽ-ի շրջանակներում միջազգային ինստիտուտի ստեղծումը, որը ճանաչում է ՀՀ-ն եւ նրա օրինական վեճը հարեւան Ադրբեջանի հետ, գնահատվում է ոչ այլ կերպ, քան որպես միջազգային խարդավանքներ մեր երկրի դեմ։ Համապատասխանաբար՝ այս մեխանիզմի, ինչպես նաեւ վեճի առարկայի (Արցախի) վերացումը գնահատվում է իբրեւ ինքնիշխանության հաղթանակ։ Մնացյալը դասակարգվել է անհնարինության կատեգորիայի շարքում։ Այն թեզը, թե ԵԱՀԽ ՄԽ-ի ի հայտ գալը հենց աշխարհակարգի արմատական փոփոխության արտացոլումն էր եւ նոր իրականության հետ առնչվելու փորձ, բացառվեց վարչապետի մտքից։
Որտեղի՞ց է գալիս այս աշխարհայացքը։ Արդյո՞ք այն ծագել է Փաշինյանի գլխում՝ նրա մտածողության բանաձեւի զարգացման եւ նոր հորիզոնների արդյունքում։ Թե՞ սա անկում է դեպի անցյալ հարյուրամյակների ավանդական հայկական մտածողության անդունդ։
Վերջինս սարսափելի կլիներ։ Ես կցանկանայի հավատալ, որ Փաշինյանի նման կարգի հայտարարությունները կապված են միայն Հայաստանի կողմից Արցախի մերժումն արդարացնելու եւ անցած տարիների ծանր կորուստների պատասխանատվությունից օձիքն ազատելու ցանկության հետ։ Բայց ինձ թվում է՝ գործ ունենք ավելի վտանգավոր երեւույթի հետ՝ հայկական քաղաքական մտքում անզորության փիլիսոփայության եւս մեկ «հաղթանակի», որն արտահայտվում է հետեւյալ թեզում. «աշխարհը մեր դեմ է, իսկ մենք՝ անզոր։ Մեր օգտին ինչ-որ բան փոխելու մեր բոլոր ձգտումներն անհույս են»։
Մանվել ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում