Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինքնին նման նախագիծի գոյությունը ԱՄՆ օրենսդիրի օրակարգում ճնշման մեխանիզմ է, սակայն վստահ եմ՝ վարչակազմի դիրքորոշումը կլինի բացասական»

Սեպտեմբեր 22,2025 13:00

Ըստ Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր Սուրեն Սարգսյանի՝ եթե Դոնալդ Թրամփն ուզեր ճնշում կիրառել, 907-րդ բանաձեւն Ադրբեջանի համար չէր շրջանցի, եւ Ադրբեջանի նկատմամբ այդ ճնշումները կմնային օրակարգում» «ԱՄՆ-ն այստեղ ունի իր պրագմատիկ շահերը»։

«Ինքնին նման նախագիծի գոյությունը ԱՄՆ օրենսդիրի օրակարգում ճնշման մեխանիզմ է Ադրբեջանի նկատմամբ։ Եթե մենք ուզում ենք հասկանալ՝ ինչպիսին կլինի ԱՄՆ վարչակազմի դիրքորոշումը, ուստի վստահ եմ, որ վարչակազմի դիրքորոշումը կլինի բացասական։ Եթե սա նույնիսկ ընդունվեր՝ որպես օրենք, ԱՄՆ նախագահը, չեմ կարծում, որ կստորագրեր»,-փաստմանը՝ ԱՄՆ կոնգրեսականները ներկայացրել են «Ադրբեջանի պատժամիջոցների վերանայման մասին» օրենսդրական նախաձեռնություն, որը պարտավորեցնում է Թրամփ-Վենսի վարչակազմին վերանայել «Գլոբալ Մագնիցկու» ակտով սահմանված պատժամիջոցների կիրառելիությունը՝ Ադրբեջանի այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են ռազմական հանցագործությունների, մարդու իրավունքների խախտումների եւ հայ ռազմագերիների ու քաղաքացիական պատանդների շարունակվող ապօրինի բանտարկության համար եւ «Առավոտի» հարցին՝ ԱՄՆ գործադիր իշխանությունն ի՞նչ քայլերի կդիմի, արդյոք կկիրառի՞ պատժամիջոցներ Ադրբեջանի նկատմամբ, ինչպիսի՞ն է գործադիրի տրամադրվածությունը, այսպես պատասխանեց Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր Սուրեն Սարգսյանը։

Հիշեցնենք՝ կոնգրեսականներ Դինա Տիտուսը եւ Գուս Բիլիրակիսը ներկայացրել են «Ադրբեջանի պատժամիջոցների վերանայման մասին» երկկուսակցական օրենսդրական նախաձեռնություն, որը պարտավորեցնում է Թրամփ-Վենսի վարչակազմին վերանայել «Գլոբալ Մագնիցկու» ակտով սահմանված պատժամիջոցների կիրառելիությունը՝ Ադրբեջանի այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են ռազմական հանցագործությունների, մարդու իրավունքների խախտումների եւ հայ ռազմագերիների ու քաղաքացիական պատանդների շարունակվող ապօրինի բանտարկության համար։ Հիմնավորումներում ասվում է. «Ադրբեջանի կողմից գերիների շարունակվող պահպանումը, խոշտանգումները, արտադատական սպանությունները եւ մարդու իրավունքների այլ ծանր խախտումները լրջորեն կասկածի տակ են դնում նրանց պատրաստակամությունը՝ հարգել մարդու իրավունքները եւ բանակցել արդար ու երկարատեւ խաղաղության շուրջ»։

Սուրեն Սարգսյանը նաեւ նշեց՝ սա ընդամենը նախագիծ է ու մանրամասնեց. «Նախագիծ է ներկայացվել ԱՄՆ օրենսդիր մարմնին, մինչեւ այս նախագիծը դառնա օրենք, որ պարտադիր իրավական ուժ ունենա՝ այդ թվում նաեւ Թրամփի վարչակազմի համար, բավականին երկար ժամանակ է անցնելու։ Ծանր գործընթաց է։ Այս պահի դրությամբ գործընթացն արագացվելու մեծ հավականություն չունի։ Եթե անգամ նախագիծն ընդունվի, գոնե այս վարչակազմն այն ստորագրելու մտադրություն չունի, քանի որ տարածաշրջանում ՀՀ-ի եւ Ադրբեջանի հետ հարաբերություններում Թրամփի վարչակազմն այլ առաջնահերթություններ ունի, եւ Ադրբեջանի դեմ կիրառվող սահմանափակումներն, ընդհակառակը, վերացվել են։ Օրինակ՝ 907-րդ բանաձեւը Թրամփն այս տարի շրջանցեց եւ ըստ էության Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ չկիրառեց։ Այնպես որ, դեռ շատ ժամանակ ու ճանապարհ կա անցնելու, որպեսզի այս նախագիծը քաղաքական գործիք դառնա կամ քաղաքական կշիռ լինի Ադրբեջանի նկատմամբ իրավական ճնշումներ գործադրելու տեսանկյունից»։

Հետաքրքրվեցինք՝ իսկ քաղաքական առումով այն կար՞ող է ճնշման գործիք լինել եւ նպաստել հայ ռազմագերիների ազատ արձակման գործընթացին, Սուրեն Սարգսյանը պատասխանեց. «Վերջին հաշվով՝ Կոնգրեսի օրակարգում ընդգրկվում է հարց, որը անընդհատ քննարկման առարկա է դառնում, որին պարբերաբար միանում են տարբեր կոնգրեսականներ եւ նախագծի տակ դնում իրենց ստորագրությունները։ Այս գործընթացները, բնականաբար, անհանգստացնելու են Ադրբեջանին, եւ բնական է, որ դրանց ողջ ընթացքը խնդրահարույց է լինելու Ադրբեջանի համար։ Սա, իհարկե, քաղաքական ճնշման տեսանկյունից կարելի է  դիտարկել՝ որպես գործիք։ Չեմ կարծում, որ սա հենց այն ճնշումն է, որը կիրառվելու է Ադրբեջանի դեմ գերիների ազատ արձակման համար։ Նախագիծը երկար ճանապարհ ունի անցնելու, մինչեւ դառնա ինչ-որ տեսակի իրավական ակտ, որը ստիպված կլինի վարչակազմը հաշվի առնել Ադրբեջանի հետ փոխհարաբերությունում»։ Մեր այն դիտարկմանը՝ այսինքն՝ Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման հարցը շարունակելու է մնալ Ալիեւի գթասրտության վրա՞ կամ որ Դոնալդ Թրամփը նրան խնդրի դա անել, Սուրեն Սարգսյանն այսպես արձագանքեց. «Կարծում եմ՝ ցանկացած պարագայում պետք է աշխատանքը շարունակենք՝ թեկուզ հենց այսպիսի բանաձեւերի, օրենսդրական նախաձեռնությունների միջոցով։ Սրանք ինչ-որ առումով փոքր, բայց ազդեցություն ունեցող հանգամանքներ կարող են լինել, որ ճնշում լինի Ադրբեջանի նկատմամբ։ Կարծում եմ՝ համայնքն այս առումով ակտիվ աշխատում է. այդ աշխատանքը տալիս է իր արդյունքները։ Բոլորի համար պարզ է՝ այստեղ աշխատում է հայ համայնքը, այլ ոչ թե ՀՀ իշխանությունները»։

Սուրեն Սարգսյանին խնդրեցինք մանրամասնել՝ Թրամփի վարչակազմն այս պահին ի՞նչ առաջնահերթություններ ունի Ադրբեջանի հետ հարաբերություններում՝ մասնավորապես տնտեսական ու քաղաքական առումով, նա պատասխանեց. «Նախագահ Թրամփի համար խաղաղության օրակարգն է առաջնային՝ իր կողմից միջնորդավորված եւ նաեւ որպես այդ գործընթացի վկա եւ նաեւ այն ճանապարհը, որը տարբեր անուններով են կոչում՝ ճանապարհից մինչեւ Թրամփի անվան ճանապարհ, նաեւ միջանցք։ Համենայնդեպս, Թրամփի համար ավելի կարեւոր առաջնահերթություն է այս ճանապարհի ու գործընթացի կյանքի կոչումը։ Այնպես որ, այդ առաջնահերթությունը Թրամփի համար ավելի կարեւոր է, քան Ադրբեջանի նկատմամբ ճնշումներ կիրառելը։ Եթե նա ուզեր ճնշում կիրառել, 907-րդ բանաձեւն Ադրբեջանի համար չէր շրջանցի, եւ Ադրբեջանի նկատմամբ այդ ճնշումները կմնային օրակարգում։ ԱՄՆ-ն այստեղ ունի իր պրագմատիկ շահերը՝ այդ թվում Հարավային Կովկասում ներկայության պահպանման առումով, եւ այդ տեսանկյունից էլ ԱՄՆ-ն շարժվում է առաջ»։

Փաստեցինք՝ սեպտեմբերի 19-ին լրացավ Արցախի էթնիկ զտման եւ հայաթափման 2-րդ տարելիցը, ՀՀ իշխանությունները որեւէ անդրադարձ չկատարեցին եւ հարցին՝ ի՞նչ կարող էր արվել այս տարիներին արցախահայության իրավունքների պաշտպանության, հայ ռազմագերիների ազատ արձակման տեսանկյունից, որ չի արվել, Սուրեն Սարգսյանը պատասխանեց. «Իրականում շատ բան կար անելու, եթե հետեւենք տարբեր միջազգային հասարակական կազմակերպություններում, նախագծերում, հարթակներում հայ համայնքի ներառվածությանը, ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստների ներգրավվածությանը, կտեսնենք, որ  իրականում մեծ աշխատանք հնարավոր էր տանել, բայց դա տարվում է ոչ թե ՀՀ իշխանության կողմից, այլ ՀՀ-ի որոշ ակտիվ փորձագետների, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների կողմից, դրա մասին բարձրաձայնվում է ոչ թե իշխանության, այլ հասարակական կազմակերպությունների, ընդդիմության կողմից։ Եթե այսքան խոսվում է սրա մասին, նշանակում է՝ ինչ-որ մեխանիզմներ ու հնարավորություններ կային այդ հարցերով զբաղվելու, որոնք ՀՀ իշխանություններն ըստ էության բաց են թողել»։

 Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.09.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930