Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազատություն սրբազանին, կանխել նզովյալ դատավաճիռը». բողոքի երթ՝ ի պաշտպանություն Միքայել սրբազանի

Սեպտեմբեր 22,2025 14:45

– Այսօր Միքայել սրբազանի ապօրինի դատավարության վերջին դատական նիստն է, մենք խիստ անհանգստացած ենք ոչ միայն մեր ընդհանրապես արդարադատության համակարգի համար, ոչ միայն նրանով, որ Նիկոլը շարունակաբար ընդվզումներ է  անում Հայ Առաքելական եկեղեցու դեմ, ոչ միայն նրանով, որ այս ընթացքում է՛լ ավելի է սաստկացել սահմանների վիճակը, ազգային անվտանգության հարցերը, անհանգստացած ենք նաեւ նրանով, որ ամբողջ քաղաքական դաշտը, քաղաքական ուժերը սեւեռվել են ընտրությունների վրա այն պարագայում, երբ ասել ենք, որ հանցագործներին չեն թողնում ընտրություններին: Այսինքն՝ Նիկոլին չպետք է թողնել ընտրությունների մասնակցի, իրեն անհապաղ պետք է դատել իր կատարած  հանցագործությունների համար -, այսօր Ազգային ժողովի շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Բուդդայականության հոգեւոր ուսուցիչ Էլեոնորա Մանանդյանը:

Մանանդյանի մատնանշած մտահոգություններն այսօր համախմբել էին մի խումբ քաղաքացիների: Նրանք «Ազատություն սրբազանին, կանխել նզովյալ դատավաճիռը»  կոչերով հավաքվել էին  Ազգային ժողովի դիմաց ու երթով շարժվեցին դեպի Ազգային անվտանգության ծառայության շենք:

Հիշեցնենք, որ այսօր Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում Միքայել սրբազանի գործով վերջին դատական նիստն է  նախատեսված: Ավելի քան երկու ամիս անազատության մեջ գտնվող Միքայել սրբազանը մեղադրվում է  իշխանությունը զավթելու կոչերի համար:

Էլեոնորա Մանանդյանը նկատեց, որ կրթությունից անընդհատ խոսող Փաշինյանը  7 տարում այնքան աղավաղեց ազգային արժեքները, որ այսօր ունենք ոչ մի բանի ուշադրություն չդարձնող քաղաքացիներ. «Ցավոք սրտի, զգալի զանգվածը մեզ մոտ ստրկամտությամբ է տոգորված: Իսկ իշխանական ռեսուրսը, որ ասում են, բավականին լուրջ տոկոս է կազմում՝ անկախ նրանից խրտվիլա՞կ է հայտնվում պաշտոնին, թե ով: Մարդկանց ստրկամտական մոտեցումն աշխատում է: Վերջին շրջանում ընդդիմադիր դաշտի ճնշող մեծամասնությունն այլեւս ոչ մի լուրջ պայքարի  չի գնում, նույնիսկ տապալում են պայքարը, հենց Քոչարյանը: Նա տապալում է  ցանկացած բողոք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930