Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է տեղի ունենա որոշակի անկալվների կամ տարածքների փոփոխություն, որոշ տարածքներից Հայաստանը կամ Ադրբեջանը պետք է դուրս գան»․ ադրբեջանցի պատվիրակ

Սեպտեմբեր 22,2025 15:20

«Ըստ Հայաստանի Սահմանադրության՝ Հայաստանն ունի տարածքային պահանջներ Ադրբեջանից։ Դա կարող է միակ խոչընդոտը հանդիսանալ, որ չի ստորագրվում խաղաղության պայմանագիրը։ Դա պոտենցիալ ձեւով ստեղծում է իրավական հիմքեր, որն այս պահին խոչընդոտ է հանդիսանում համաձայնագրի ստորագրման համար»,- Երեւանում անցկացվող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարի շրջանակներում լրագրողների հետ զրույցում ասաց ադրբեջանցի պատվիրակ Մուրադ Մուրադովը։

Լրագրողները հիշեցրին, որ Ադրբեջանի սահմանադրությունն է տարածքային պահանջներ պարունակում Հայաստանի նկատմամբ։ Ի պատասխան՝ Մուրադովն ասաց․ «Մեր Սահմանադրությունը չունի որեւէ տարածքային պահանջ։ Ավելի շատ Ադրբեջանի՝ Հարավային Կովկասի արեւելյան տարածաշրջանի մաս կազմելու մասին է խոսքը։ Բայց որպես այդպիսին Ադրբեջանը որեւէ տարածքային պահանջ կամ ամբիցիա չունի Հայաստանի նկատմամբ՝ ըստ մեր Սահմանադրության»։

Հարցին, իսկ ինչի՞ մասին է այն, որ Ադրբեջանում պաշտոնական մակարդակով հնչող հայտարարություններում ամբողջ Հայաստանի տարածքը անվանվում է այսպես կոչված «արեւմտյան Ադրբեջան», ադրբեջանցի գործիչը պատասխանեց․ «Ոչ, «արեւմտյան Ադրբեջան» ասելով՝ մենք նկատի ունենք, որ միմյանց տարածքային ամբողջականությունը պահպանում ու հարգում ենք։ Դա ՀԿ է, որը սպասարկում է ժողովրդի շահերը, եւ ավելի շատ մշակութային ժառանգությանն է վերաբերում, որովհետեւ մարդիկ երկար տարիներ ապրել են տվյալ տարածքներում, ցանկանում են այցելել իրենց հարազատների գերեզմաններին։ Դա ավելի շատ ժողովրդի շահերը եւ մշակութային ժառանգությունը սպասարկող կոնցեպտ է»։

Բաքվում շինծու դատավարություններ են ընթանում հայ գերիների, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ։ Ադրբեջանցի պատվիրակը Երեւանում հայտարարեց, թե Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը «մեղադրյալ» է համարվում՝ ըստ Ադրբեջանի օրենսդրության։ Ինչո՞ւ ազատ չեն արձակվում հայ գերիները, հարցին նա նման պատասխան տվեց․ «Շատ մանրամասներ չեմ կարող հաղորդել, որովհետեւ գործը քննության ընթացքում է, բայց կան մեղադրյալներ, որոնք, ըստ Ադրբեջանի օրենքի, համարվում են օրինախախտներ։ Այդ իսկ պատճառով Բաքվում են պահվում։ Գործընթացը պրոցեսի մեջ է, զինվորներին ամբողջությամբ բաց ենք թողել, ինչ վերաբերում է ռազմաքաղաքական իշխանությանը, հարցը քննության մեջ է, որովհետեւ մեղադրյալ են համարվում»։

Հարցին, որ ադրբեջանական զորքը օկուպացրել է ՀՀ տարածքը, պատրաստվո՞ւմ են դուրս գալ ՀՀ տարածքից, Մուրադ Մուրադովը նման պատասխան տվեց․ «Եվ Հայաստանը, եւ Ադրբեջանը ամբողջովին ճանաչում եւ գնահատում են միմյանց ամբողջականությունը։ Իսկ ինչ վերաբերում է ձեր հարցին, դելիմիտացիան մեկ ուղիով չէ, որ պետք է անցնի, այլ տարբեր հատվածներում է իրականացվում։ Ինչ վերաբերում է օկուպացված տարածքներին, ժամանակի ընթացքում պետք է տեղի ունենա որոշակի անկալվների կամ տարածքների փոփոխություն, որոշ տարածքներից Հայաստանը կամ Ադրբեջանը պետք է դուրս գան, տարածքների փոփոխություն պետք է տեղի ունենա»։

Մանրամասները՝ տեսանյութում.

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930