Պետական այլ մարմիններում ծառայած եւ Պրոբացիայի ծառայության պաշտոններում նշանակված պրոբացիայի ծառայողներին հերթական կոչումը շնորհելիս հաշվի է առնվում նաեւ այդ մարմիններում տվյալ կոչումով (դասային աստիճանով) ծառայության ժամկետը: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանը՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելով «Պրոբացիայի ծառայության մասին» օրենքում նախատեսվող փոփոխություններն ու լրացումը: Զեկուցողը նշել է, որ այս կարգավորումը գործում է բոլոր ուժային կառույցներում, եւ ստեղծվել է մի իրավիճակ, երբ, օրինակ, Ոստիկանության ծառայությունից ծառայողն անցնում է Պրոբացիայի ծառայության եւ ծառայության տարիները հաշվի չէին առնվում կոչումներ շնորհելու համար: Գեւորգ Քոչարյանի խոսքով փոփոխության նպատակն է լրացնել Պրոբացիայի ծառայությունում առաջացած բացը:
Օրինագծով առաջարկվում է նաեւ կատարել լրացում եւ պրոբացիայի ծառայողներին՝ որպես խրախուսանք, հնարավորություն ընձեռել շնորհելու զբաղեցրած պաշտոնի համապատասխան կոչումից 1 աստիճանով ավելի բարձր կոչում, բացառությամբ՝ արդարադատության գնդապետի կոչումի:
Հարակից զեկուցող, պատգամավոր Լիլիթ Մինասյանը կարեւորել է օրենքի նախագծի ընդունումը եւ առաջարկել կողմ քվեարկել: Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Առաջարկվել է այն ընդգրկել առաջիկա ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում:
Հարցն առաջին ընթերցմամբ քննարկվել է հանձնաժողովի՝ սեպտեմբերի 22-ի նիստում:
Կարդացեք նաև
ԱԺ