Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մինասյան. «Նա չի հանդարտվի, քանի դեռ չի հասել իր պարտականության երկրորդ կտորի իրականացմանը՝ Հայաստանը պետք է դարձնի էրմանիստան»

Սեպտեմբեր 22,2025 20:11

«Հայելի» ակումբում անդրադառնալով սեպտեմբերի 19-ին եւ 21-ին Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին՝ ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը ասաց. «Ինչ վերաբերում է սեպտեմբերի 19-ին, դա մեծ ծավալուն աշխատանքի արդյունքն էր, որ իրականացրեց ազգակործան պատուհասը՝ 2018 թվականին գալով իշխանության: Ինքն, ըստ էության, միտումնավոր քանդեց ամբողջ պաշտպանական կարողությունները սկսած բանակից, ավարտած միջազգային հարաբերություններով:

Ստեղծեց իրավիճակ, որի արդյունքով հնարավոր դարձավ 44-օրյա պատերազմը: Քանդեց արյուն-քրտինքով սարքած մեր զինվորների, դիվանագետների, պետական գործիչների ստեղծած այն կառույցը, որը պարտադրում էր, որ Իլհամ Ալիեւը իր կառավարության նիստում ասեր. «Փակ դռների հետեւում ինձ պարտադրում են՝ ճանաչել Արցախի անկախությունը»:

Բերեց պատերազմ, պատերազմով չբավարարվեց եւ վերջապես ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում: Հետո 2023 թվականին տեղի ունեցավ մեկօրյա պատերազմը, որում արցախցիներն իսկապես աննախադեպ հերոսական ճակատամարտ տվեցին բացարձակ անհամապատասխան ուժերի դեմ: Որեւէ մեկը, ոչ թուրքերը, ոչ իր տերերը չէին սպասում, որ այդպիսի հզոր հակահարված կստանան:

Ի դեպ, Արցախն իսկապես դավաճանված էր: Ըստ էության, որեւէ մեկը Հայաստանում մատը՝ մատին չխփեց, որպեսզի բլոկադան վերանա: Բանակում, ինչքան էլ ցավալի է, պետք է ասենք, որ պարենի պակասություն կար: Եվ զինվորները, որոնք իրենց մարտական հերթապահությունն էին անում, սննդի պակաս էին զգում:

Սակայն էլի եմ ասում. այն, ինչ տեղի ունեցավ, իսկապես հերոսական մի բան էր: Պետք է հասկանանք, որ արցախյան պատմությունը ոչ միայն հերոսական է եղել իր առաջին պատերազմի ժամանակ, հերոսական է եղել 44-օրյա դավաճանված պատերազմի ժամանակ, այլեւ իր ամենավերջին ճակատում եւս անբնական հերոսական է եղել: Եվ հետո արտագաղթը:

Արցախի Ազգային ժողովը տոների եւ հիշատակի տոների մասին Արցախի Հանրապետության օրենքում փոփոխություն մտցրեց եւ այդ օրը այլեւս որպես հիշատակի օր, կոչվում է «Բռնի տեղահանման եւ պահանջատիրության օր»: Ես մտածում եմ ու շատ բնական կհամարեի, եթե  հնչեր «Բռնի տեղահանման եւ հայրենադարձության օր», որովհետեւ, գուցե, պահանջատիրությունը գործիք է հայրենադարձության համար, բայց նպատակը պետք է շեշտվի:

Ես այդ օրը մեր կուսակցության հետ Եռաբլուրում էի: Եվ շատ բնական էր, որ այդ օրը իշխանության որեւէ ներկայացուցիչ չկար, որ ժողովրդի ցավը եւ ընդվզումը իրենը չէր: Այո, դա բնական է, որովհետեւ իրենք այդ ամեն ինչի կազմակերպիչն են եղել, մատը մատին չեն խփել, որպեսզի այդ ողբերգությունը տեղի չունենա:

Սակայն ես համոզված եմ, որ միայն Արցախով չեն սահմանափակվել իրենց չարագործությունները: Տեսեք, երկու օր հետո մեր Անկախության օրն էր՝ սեպտեմբերի 21-ը: Եվ ի՞նչ վերաբերմունք այդ տոնին: Մեր պետության ամենաբարձր տոնը: Կա՞ր վերաբերմունք: Այո, կար՝ անտարբերություն, նույնիսկ թշնամանք: Ինքը ամեն ինչ հո պատահական չի՞ անում: Ինքը եկել է, որպեսզի խնդիր լուծի: Ասել եմ, առաջինն ինքը արդեն լուծել է՝ Արցախի ադրբեջանացում, իսկ երկրորդը Հայաստանի էրմանիստանացումն է: Ինքը մեր արժեքները, մեր սրբությունները սղոցում է արմատից:

Գուցե, սիմվոլիկ է, որ սեպտեմբերի 19-ը եւ 21-ը իրար այդքան մոտ են: երկու օր, մեկը, փաստորեն ողբերգության օր, երկրորդը, մեր մեծագույն հաղթանակի օրը, որին դարեր շարունակ մեր բոլոր սերունդները երազել են, մեր Անկախությունը, որին հասել են մեծագույն ջանքերի, զոհողությունների գնով: Ու մեկը, որը ներդրված թուրք-ադրբեջանական գործակալ է եղել, ինչի մասին բազմաթիվ հրապարակումներ կան, հետեւողականորեն քանդում է այդ ամենը: Եվ չի հանդարտվի, քանի դեռ չի հասել իր պարտականության երկրորդ կտորի իրականացմանը՝ Հայաստանը պետք է դարձնի էրմանիստան»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930