Լրահոս
Օրվա լրահոսը

«Գալու է օրը, որ կարողանալու եմ աշխարհի չեմպիոն դառնալ». Արսեն Հարությունյան

Սեպտեմբեր 22,2025 20:55

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի կենտրոնում ամփոփելով մասնակցությունը աշխարհի առաջնությանը՝ Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը նշեց, որ թիմում ընդգրկված հինգ ըմբիշներից Արսեն Հարությունյանը նվաճեց բրոնզե մեդալ, իսկ Արման Անդրեասյանը գրավեց 5-րդ տեղը:

«Կոնկրետ Արսենի պահով բրոնզե ակնկալիքով չէինք գնացել: Մինչեւ կիսաեզրափակիչ Արսենն ավելի լուրջ մրցակիցների հաղթեց Կոնկրետ  ¼ եզրափակչում իր հիմնական մրցակիցը օլիմպիական փոխչեմպիոն Սպենսեր Լին էր, որին հաղթեց բացարձակ առավելությամբ: Ոչ միայն ես, այլեւ մենք ու տեղի մարզաշխարհը Արսենից սպասում էր, որ նա գոնե եզրափակչում պետք է լիներ, բայց ինչ-որ մի վրիպում խանգարեց: Ինքս էլ չգիտեմ դա ինչպես կոչել: Սա Արսենի 4-րդ բրոնզե մեդալն էր աշխարհի առաջնություններում:

Մյուս մասնակիցների մասին: Արման Անդրեասյանը լավ ելույթներ ունեցավ՝ հաղթելով էլի բարձրակարգ մարզիկների: Արմանի ելույթներն էլ կգնահատեմ լավ: Ուղղակի աշխարհի առաջնությունը բարդ մրցաշար է մեր համար: Ընդ որում ասեմ, որ Թուրքիայի ու Վրաստանի ըմբիշները մեդալ չեն նվաճել: Բայց սրանով չեմ արդարացնում տղաների պարտությունը, մեր թերությունները»,-ասաց մարզիչը:

Հաբեթնակ Կուրղինյանի գնահատմամբ, ավելի լավ կարող էր մասնակցել Վազգեն Թեւանյանը, բայց ստացվեց այն, ինչ ստացվեց: իսկ ինչ վերաբերում է մյուս երկու ըմբիշներին, մարզիչները նրանցից մեդալի մեծ ակնկալիք չեն ունեցել: Նրա խոսքով, ըմբշամարտում տենդենցը փոխվում է դեպի ասիական դպրոց եւ Ասիայի մարզիկներն սկսել են ավելի շատ հաջողությունների հասնել: Նա տեղեկացրեց, որ բոլոր քաշերում էլ ուժեղագույն ութնյակում գերազանցապես Ասիայի ներկայացուցիչներն են տեղ զբաղեցնում:

Աշխարհի ու Եվրոպայի քառակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը նշեց, որ այս աշխարհի առաջնությունում շատ լավ մարզավիճակում է եղել: «Ուղղակի մի փոքր չհերիքեց, որ աշխարհի չեմպիոն դառնամ: Բայց համբերատար կսպասեմ այդ օրվան, չեմ դադարի նույն տեմպով մարզումները: Մի օր գալու է այն օրը, որ կարողանալու եմ աշխարհի չեմպիոն դառնալ: Ես հավատում եմ:

Լավ գոտեմարտեր ունեցա: Ուղղակի կիսաեզրափակչում չհասկացա ինչ կատարվեց: Չկարողացա այդ պահի մեջ ինձ տեսնել: Պահը կորցրեցի, բայց չեմ ընկճվում: Նույն տեմպով պարապելու եմ ու փորձելու եմ մյուս աշխարհի առաջնությանը դառնալ չեմպիոն»,-ասաց Արսեն Հարությունյանը:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930