Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատի սիմվոլիկայի դեմ պայքարը հայկական ինքնության դեմ պայքար է և կարող է հաջողության հասնել միայն հայության վերացումով աշխարհի երեսից

Սեպտեմբեր 23,2025 12:29

Գործարար Վահրամ Միրաքյանի ՖԲ գրառումը.

Արարատ լեռը մոտ 2500 տարի Հայաստանի հիմնական սիմվոլներից է, դեռ Ուրարտուից սկսած։ Քրիստոնեությունից հետո Արարատ լեռան սիմվոլային նշանակությունն ավելի է մեծացել՝ Աստվածաշնչի ու Նոյի պատմության տարածմանը զուգահեռ։

Արարատը հայության սիմվոլ է եղել նույնիսկ այն ժամանակ, երբ այն գտնվել է պարսիկների, թուրքերի կամ արաբների տիրապետության տակ։ Ճիշտն ասած՝ չեմ հիշում նման դեպք, երբ, ասենք, Արարատը լիներ արաբների տիրապետության տակ, և տեղի իշխանները որոշեին այլևս չընկալել Արարատը որպես հայկական սիմվոլ։ Թե բա՝ «Արարատն հիմա արաբներին է պատկանում, եկեք անտեղի երազանքների հետևից չընկնենք, ավելի լավ է կենտրոնանանք ներկայի վրա»։

Զգո՞ւմ եք չէ, թե արաբների իշխանությանը մեր հաղթանակից 1200 տարի անց ինչքան աբսուրդ են թվում նման թեմաները։ Իսկ արաբներն ընդամենը 200 տարի են իշխել Արարատին, և իրենք շատ ավելի ուժեղ աշխարհի դերակատար են եղել, քան, ասենք, ներկա Թուրքիան։

Արարատի սիմվոլիկ ուժը միշտ եղել է ավելի բարձր, քան քաղաքական սահմանները։ Սահմանները փոխվել են տասնյակ անգամներ, պետություններ են եկել ու անցել, բայց լեռը մնացել է անշարժ՝ որպես ժողովրդի հավաքական հիշողության և պատմության խորհրդանիշ։ Սա է պատճառը, որ Արարատը ոչ միայն լեռ է, այլև Հայաստանի շարունակականության կենդանի վկայություն։

Հեսա կասեք՝ տարբերություն կա, Արարատ լեռան շրջապատում նախկինում հայեր էին ապրում, իսկ հիմա չեն ապրում։ Իսկ Արարատյան դաշտավայրը Արարատ լեռան շրջապատը չի՞։

Ինձ համար էլ Արարատը միշտ էլ եղել է հայկական ինքնության կարևորագույն խորհրդանիշը:

Բացի այդ, պետք է հասկանալ, որ սիմվոլները երբեք չեն սահմանափակվում միայն ֆիզիկական ներկայությամբ։ Հրեաները դարեր շարունակ Երուսաղեմում չէին ապրում, բայց այն մնաց նրանց հավատի ու ինքնության կենտրոնը։

Ասածս ինչ է․ եթե քաղաքական իշխանությունը որոշում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, քաղաքական պահանջներ չներկայացնել և այլն, դա հասկանալի ու տրամաբանական կարող է լինել՝ կախված ենթատեքստից։ Բայց ո՞վ կարող է իրեն թույլ տալ որոշել, որ Արարատը հայության սիմվոլը չի լինելու․ 2500 տարի եղել է, ու այսուհետ չի լինելու, այլ Արագածն է լինելու մեր սիմվոլը, վերջ։ Ո՞վ կարող է իր վրա պատասխանատվություն վերցնել արգելելու 2500 տարեկան ծեսը, սիմվոլը, որը չի կտրվել մեր պատմության ընթացքում սիմվոլ լինելուց ոչ մի պահ, նույնիսկ ամենադժվար պահերին։

Քանի հայեր կան աշխարհում՝ ոչ մեկն էլ չի կարող։ Արարատի սիմվոլիկայի դեմ պայքարը հայկական ինքնության դեմ պայքար է և կարող է հաջողության հասնել միայն հայության վերացումով աշխարհի երեսից։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930