Լրահոս
Օրվա լրահոսը

Ես անմեղ եմ, բայց ինձ համառորեն ուզում եք հանցագործ ներկայացնել. Միքայել Սրբազան

Սեպտեմբեր 23,2025 17:56

Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ ավարտվեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատավարությունը:

Սրբազանը դատարանում փաստեց, որ մեղադրող կողմն այդպես էլ չի անդրադարձել իր բարձրացրած հարցերին, թե ինչու  իրեն չեն մեղադրել, օրինակ, 2022թ,․ 2023թ․, 2024թ․, կամ 2025թ․ կես տարի չի մեղադրվել, ու հանկարծ հունիսին որոշել են նրա ձեւակերպմամբ՝ «մասկի շոու»-ով դա անել:

Սրբազան հայրը նշեց, որ դատարանի հանդեպ չարություն չունի, ընդամենը խղճում է, որովհետեւ զբաղված են ոչնչով: Նաեւ ընդգծեց՝ եթե այսօր դատարանի առաջ որպես մեղադրյալ չկանգներ, զոհված եղբայրներն ու ընկերները  չէին ների. « 1992-94թթ․ զոհված իմ եղբայրները, որոնք իմ տարեկիցներն էին, չեն թողնում, որ ես այլ տեղ լինեմ, 2020թ․ իմ զոհված զավակները չեն թողնում, որ ես այլ տեղ լինեմ… Այս իշխանությունը, որ զրոյացրել է եւ՛ 1992-94թթ․ իմ եղբայրների ձեռքբերումները, եւ 2020թ․ 18 տարեկան 5000 տղաների՝ իմ զավակների նահատակությունը, ես այլ տեղում չեմ կարող լինել։ Ես ամենաշահեկան տեղում եմ։

Չէի ցանկանա լինել պաշտպանների տեղը, որ խոսում են պատի հետ։ Չէի ուզենա լինել իմ ժողովրդի տեղը, որ  տվայտվում է այս  անարդարությունից։ Առավել եւս չէի ցանկանա մեղադրողների տեղը լինել… Այս իշխանության պայմաններում մեղադրյալ լինելը, նաեւ քաղաքական պատճառներով, միայն պատիվ է ու երջանկություն»։

Միքայել սրբազանը հիշեց զինվորական ծառայության տարիներին հավատացյալ լինելու համար  խոշտանգվելու մասին, ասաց, որ ներել է նրանց, ներել է օտարներին, սակայն չի ներում հիմա իր հետ այսպես վարվողներին. «Ես ներեցի օտարներին, բայց մերոնց չեմ ներում, որովհետև նրանք օտար էին, իսկ դուք ճանաչում եք ինձ, գիտեք, որ ես անմեղ եմ, ես ՀՀ քաղաքացի եմ ու որեւէ այլ հետաքրքրություն չունեմ, ես այս դրոշին անմնացորդ ծառայած մարդ եմ, ու  դա իմանալով՝ ինձ համառորեն ուզում եք հանցագործ ներկայացնել»։

Մանրամասն՝ տեսանյութում.

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930