«Կեմերովոյի մարզի-Կուզբասի հայերի միություն» տարածաշրջանային կազմակերպության ուղերձ-կոչը հայ ժողովրդին
Նիդերլանդական օրագիր. 2021 թվականի մարտի 10-ին Կեմերովոյի մարզի հայերի միությունը դիմեց Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարությանը՝ նախագահ Վլադիմիր Պուտինին, Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյին և Պետական դումայի նախագահ Վլադիմիր Վոլոդինին։ Դիմումը ստորագրել էր կազմակերպության նախագահ Գ. Ա. Անտոնովը։ Հիմնական պահանջը հստակ էր՝ չերկարաձգել և չեղյալ հայտարարել Թուրքիայի հետ կնքված 1921 թվականի Մոսկվայի և Կարսի ամոթալի պայմանագրերը, որոնք, ըստ կազմակերպության, պատմական անարդարության խորհրդանիշ են։
Միությունը հիմնավորում է իր դիրքորոշումը հետևյալ փաստերով․ պայմանագրերը կնքվել են բոլշևիկյան Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի միջև՝ առանց Հայաստանի մասնակցության, այն ժամանակ, երբ երկու պետություններն էլ չունեին միջազգային ճանաչում։ Այս համաձայնագրերը, ըստ հայ համայնքի ներկայացուցիչների, խախտել են հայ ժողովրդի իրավունքները և նպաստել պատմական հայկական հողերի կորստին։ Բացի այդ, դիմումում ընդգծվում է, որ Թուրքիան բազմիցս խախտել է պայմանագրերի դրույթները, իսկ նրա քաղաքականությունը հակառուսական բնույթ է կրել։
Կազմակերպությունը նաև դիմել է Ռուսաստանի Գերագույն դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել նշված պայմանագրերը։ Սակայն առաջին ատյանի դատարանը մերժել է հայցը՝ նշելով, որ միջազգային պայմանագրերը վերանայելու կամ չեղյալ համարելու իրավասություն չունի։ Գերագույն դատարանի վերաքննիչ խորհուրդը թողել է որոշումը ուժի մեջ՝ ընդգծելով, որ Ռուսաստանի ներքին դատարանները նման հարցերի լուծման լիազորություն չունեն։ Ըստ էության, Գերագույն դատարանը պարզաբանեց, որ այդպիսի գնահատական կարող է տալ միայն միջազգային իրավասու մարմին, մասնավորապես՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների միջազգային քաղաքացիական դատարանը։
Այս իրադարձությունները կրկին հիշեցրել են մեկ կարևոր փաստ․ անկախ Հայաստանի գոյության 35 տարիների ընթացքում որևէ պետական քայլ չի ձեռնարկվել 1920 թվականի նոյեմբերի 22-ի Վուդրո Վիլսոնի իրավարար որոշման գործարկման ուղղությամբ, որը միջազգային իրավունքի համաձայն մնում է միակ օրինական հիմքը հայկական հողերի հարցում։
Այսօր «Կեմերովոյի մարզի-Կուզբասի հայերի միություն» տարածաշրջանային կազմակերպությանը պատրաստում է փաստաթղթերի ամբողջական փաթեթ՝ ՄԱԿ դիմելու համար՝ պահանջելով վերանայել և անվավեր ճանաչել Մոսկվայի և Կարսի պայմանագրերը և գործարկել Վուդրո Վիլսոնի իրավարար որոշումը։
Ուղերձ-կոչ հայ ժողովրդին
Մենք՝ Կեմերովոյի մարզի հայերի միության ներկայացուցիչներս, դիմում ենք Հայաստանի, և աշխարհասփյուռ հայությանը․
մեր ժողովուրդը դարեր շարունակ կրել է ծանր կորուստներ և անարդարություններ։ Այսօր եկել է միասնության պահը։ Մենք խնդրում ենք բոլոր շահագրգիռ հայկական հասարակական և քաղաքական կազմակերպություններին, մտավորականներին և հայրենասեր անհատներին միանալ մեր նախաձեռնությանը։ Սա պայքար է անցյալի պատմական արդարության վերականգման, օրենքի հանդեպ անարդար ու խայտառակ պայմանագրերը բեկանելու, մեր ժողովրդի իրավունքների վերականգնման և մեր ապագայի ամրապնդման համար։
Միասնաբար բարձրացնելով մեր ձայնը միջազգային իրավունքի հարթակներում՝ մենք կարող ենք հիշեցնել աշխարհին Վուդրո Վիլսոնի իրավարար որոշման և Սևրի պայմանագրի մասին։ Դրանք շարունակում են մնալ իրավական փաստաթղթեր, որոնք արձանագրում են մեր ժողովրդի արդար պահանջները։
Մենք հավատում ենք, որ միասնական ջանքերով հնարավոր է վերականգնել ճշմարտությունը և ամրապնդել հայության ապագան։ Թող այս կոչը դառնա մեր ժողովրդի համախմբման նոր սկիզբ։
«Կեմերովոյի մարզի-Կուզբասի հայերի միություն» տարածաշրջանային կազմակերպության նախագահ`
Գ. Ա. Անտոնով