Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական հետքը Ռումինիայում կամ ռումինական օրագիր

Սեպտեմբեր 24,2025 12:30

Ինչ գույն են բերել հայերը Ռումինիային

Հայերը Ռումինիայում հաստատվել են միջնադարից եւ ապրում են առ այսօր: 16-րդ դարում եղել է մի փուլ, որ երկրի իշխանությունը նույնիսկ անցել է Սերպեգա հայազգի գերդաստանին: Ռումինահայերից շատերը հայտնի անուններ են, նրանք մեծ ներդրում են ունեցել Ռումինիայի պատմության, տնտեսության, արվեստի եւ այլ բնագավառներում: Օրինակ, 19-րդ դարի ռումինահայ հայտնի գործիչներից է դիվանագետ Մանուկ Բեյը, որը ազնվականի տիտղոս ուներ, իսկ 1877-78 թթ. Թուրքիայի դեմ ազատագրական պայքարում գեներալի կոչման է արժանացել հայազգի ռազմական գործիչ Միհայիլ Չերքեզը։

Ռումինահայ համայնքում ժամանակին ստեղծվել են գրչության կենտրոններ, տպարաններ, հրատարակվել թերթեր ու ամսագրեր, իսկ 1948-1955 թվականներին Ռումինիայի հայոց թեմակալ առաջնորդն էր Վազգեն Պալճյանը, որը հետագայում դարձավ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջին: Ռումինիայի Հայոց թեմն ամենահներից է Սփյուռքում: Ռումինական տարածքներում Հայոց եպիսկոպոսական աթոռը հաստատվել է 1401թ. Սուչավայում, Մոլդովայի իշխան Ալեքսանդր Բարու հրովարտակով:

Հայերն այժմ հիմնականում կենտրոնացած են մայրաքաղաք Բուխարեստում եւ Կոնստանցայում: Հայկական գլխավոր հաստատությունները գտնվում են Բուխարեստի կենտրոնում՝ Արմենեասկա փողոցում գտնվող Սուրբ Հրեշտակապետաց հայկական եկեղեցու շուրջ. դրանք են Հայոց թեմի Առաջնորդարանը, Հովսեփ եւ Վիկտորիա Դուդյան մշակույթի կենտրոնը: Առաջնորդարանի բակում գտնվում են Զորավար Անդրանիկի կիսանդրին եւ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի կոթողը:

Հայկական ծագում ունեցող գիտնական, աստղագետ, մաթեմատիկոս, փիլիսոփա եւ պետական գործիչ Սպիրու Հարեթը (1851–1912) ռումինացիների հպարտությունն է: Նա լուրջ լուսավորչական աշխատանք է իրականացրել երկրում, ամեն գյուղում հիմնել է դպրոց: Երեք անգամ եղել է Ռումինիայի կրթության նախարարը, նրա ռեֆորմները մեծապես բարելավել են երկրի կրթական համակարգը: Հարեթը հիմնադրել է Ռումինիայի աստղադիտարանը: Այժմ Սպիրու Հարեթի կիսանդրին գտնվում է Ռումինիայի կրթության նախարարության շենքի առաջ, նաեւ նրա անունով համալսարան եւ քոլեջ է գործում Բուխարեստում:

Ներկայումս Ռումինիայում հայտնի անուն է ռումինահայոց միության երկարամյա նախագահ, քաղաքական գործիչ եւ գրող Վարուժան Ոսկանյանը, որը եղել է Ռումինիայի նախկին սենատորը, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարը։

Ինչ վերաբերում է մայրաքաղաք Բուխարեստին, այն հայտնի է գեղեցիկ շինություններով ու հուշարձաններով, դրանցից մեկը խորհրդարանի շենքն է, որն աշխարհի ամենամեծ վարչական շենքերից է, այն ունի ավելի քան 1000 սենյակ:

Նման հսկա շենք կառուցելու մտահղացումը պատկանում է Ռումինիայի նախագահ Նիկոլաե Չաուշեսկուին, ով եւ նրա կինը հետագայում՝ 1989թ. մի քանի բարձրաստիճան զինվորականների կողմից գնդակահարվեցին: Ռումինիայի խորհրդարանի շենքի վրա ծախսվել է այդ երկրի 5 տարվա բյուջեի չափ գումար, ինչը ծանր գին է եղել աղքատության մեջ հայտնված ժողովրդի համար:

Բուխարեստի սրտում է գտնվում Չիշմիջու չքնաղ այգին, որն անգամ գիշերը մարդաշատ է, գեղեցիկ լճակը, հաստաբուն ծառերն ուղղակի աչք են շոյում: Բուխարեստը հաճախ անվանում են փոքր Փարիզ՝ գեղեցիկ ճարտարապետության եւ փարթամ այգիների համար: Այն ունի նաեւ հաղթական կամար, որը մի քանի անգամ քանդվել ու վերականգնվել է:

Եվրոպական այլ քաղաքների համեմատ Բուխարեստում ամեն ինչ ավելի մատչելի է, թեեւ տեղացիները պնդում են, որ ռուս-ուկրաինական պատերազմն անդրադարձել է նաեւ իրենց վրա, եւ ամեն ինչ թանկացել է 30 տոկոսով, էլեկտրաէներգիան այստեղ խիստ խնայողաբար են օգտագործում: Եթե նախկինում քաղաքը գիշերը հրաշալի լուսավորվում էր, այժմ թաղված է մթության մեջ: Այդ փաստը ստիպում է անընդհատ հիշել, որ Դրակուլայի լեգենդը ծագել է Ռումինիայից:

Այստեղ տաքսին բավականին մատչելի է, սակայն, ինչպես Երեւանում, Բուխարեստում նույնպես տաքսիստները փորձում են «ֆռռացնել» անփորձ զբոսաշրջիկներին: Բուխարեստում հրաշալի գրախանութներ կան, որոնք կարող են առաջացնել անգամ հարուստ մայրաքաղաքների նախանձը: Այստեղ մարդիկ բարի են, պատրաստակամ՝ օգնելու օտարերկրացիներին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Բուխարեստ-Երեւան
Լուսանկարները՝ հեղինակի

«Առավոտ» օրաթերթ
23.09.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930