Ստրուգացկի եղբայրների «Մարսեցիների երկրորդ ներխուժումը» վիպակը (1967) կոնֆորմիզմի եւ կոլաբորացիոնիզմի մասին է: Ըստ սյուժեի՝ սկզբից բոլորը վախեցած են այն սարսափելի դղրդյունից, որն առաջացել է ներխուժման պատճառով: Բայց որոշ ժամանակ անց գլխավոր հերոսը՝ Ապոլոնը սկսում է հետաքրքրվել՝ արդյո՞ք նոր կառավարությունը նոր դրոշմանիշներ է հրատարակելու, եւ որքան են դրանք արժենալու, քանի որ դրոշմանիշներ հավաքելը նրա կիրքն է:
Աստիճանաբար քաղաքի հիմնական զանգվածը հաշտվում է այն մտքի հետ, որ քաղաքը զավթած է: Փոքրաթիվ մտավորականների բողոքն անտեսվում է: Մարսեցիների կառավարությունը լուծարում է բանակը եւ հայտարարում է կոյուղու կառուցման մասին: Իսկ վերջում Ապոլոնը հրճվանքով նկարագրում է մարսեցիների ներխուժումը, որն, ի դեպ, նա չէր տեսել. «Որքա՜ն գեղեցիկ էր, որ քաղաքի վրա հայտնվեցին տիեզերանավերը՝ որպես խաղաղության եւ անվտանգության խորհրդանիշներ»:
Մարդկային հիշողությունն ունի ադապտացիայի, հարմարվելու հատկություն՝ հատկապես, եթե պետության կողմից գալիս են համապատասխան ազդակներ: 5, 10, 20 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները, կարծես, մոռացվում են, «չեղարկվում են», ու դրանց տեղը գալիս են այլ հիշողություններ, որոնք այդ իրադարձությունների հետ կապ չունեն: Դրանք, ըստ էության, հիշողություններ չեն, պատմություններ են, եւ բացարձակապես պարտադիր չէ, որ այդ «հիշողություներով» կիսվողը լինի դրանց ականատեսը: Հնարավոր է, օրինակ, որ այսօր 20 տարեկան երիտասարդը «հիշի», որ «իր աչքով է տեսել, թե ինչպես էին 1990-ականների սկզբին մարդիկ հացի հերթերում սովից մահանում»: Եվ ամենակարեւորը՝ նա կարող է իսկապես հավատացած լինել, որ «իր աչքով» տեսել է այն, ինչ տեղի է ունեցել իր ծնվելուց 20 տարի առաջ:
Այնպես որ՝ ամենեւին չեմ բացառում (որքան էլ հրեշավոր հնչի, բայց դե՝ հիմա ամեն օր նման հրեշավոր մտքեր հնչում են), որ մի 20 տարի հետո «ՀՀ 4-րդ հանարապետության քաղաքացի» որեւէ երիտասարդ գրի իր ֆեյսբուքյան էջում. «Այսօրվա պես հիշում եմ, թե ինչպես փառապանծ ադրբեջանական բանակը գրավեց Իշխանասարը՝ խաղաղություն եւ անվտանգություն բերելով Հայաստանին, ամրապնդելով նրա ինքնիշխանությունը եւ ազատագրելով մեզ ռուսական լծից»:
Կարդացեք նաև
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Նկարը գեներացվել է արհեստական բանականության միջոցով