«Բոլոր վարկածների ուղղությամբ իրականացվում է քննություն՝ դրանք հերքելու կամ հաստատելու նպատակով»,-Մերձավանում, լրագրողների հետ զրույցում ասաց հատկապես կարևոր գործերով քննիչ Արտակ Հովհաննիսյանը։ Նա ղեկավարում է Վալոդյա Գրիգորյանի եւ Կարեն Աբրահամյանի սպանության գործը քննող քննչական խումբը։
Արտակ Հովհաննիսյանը վստահեցնում է, որ հնարավոր բոլոր քննչական ու ապացուցողական գործողությունները կատարվում են, բայց սպանությունները կատարած անձը դեռ չի հայտնաբերվել։
Նա տեղեկացրեց, որ ՔԿ նախագահի հանձնարարականով նախաձեռնված վարույթը Վաղարշապատի քննչական բաժնից տեղափոխվել է Հատկապես կարևոր գործերի քննության վարչություն․ «Տեսախցիկները, մնացած հետքերը, իրերն ու առարկաները, որոնք նշանակություն ունեն վարույթի համար, ֆիքսվել են, արձանագրվել են ու վերցվել»։
Արտակ Հովհաննիսյանը նաեւ տեղեկացրեց, որ քրեական վարույթով առաջադրվել են մի շարք վարկածներ, այդ թվում՝ ամիսներ առաջ Մերձավանում տեղի ունեցած սպանության հետ կապված վարկածը։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Երեկ գիշեր, հիշեցնենք, Մերձավան համանքում տեղի ունեցած սպանության արդյունքում մահացել են Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը եւ Արարատի մարզային վարչության քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը։ Մեկ մարդ վիրավորվել է՝ Արծրուն Գալստյանը։ Նա վիրահատվել եւ այս պահի դրությամբ նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Վիրավորը ոստիկանության ծառայող չէ։
ՆԳՆ խոսնակի փոխանցմամբ, մահացած ոստիկանության ծառայողը ընկերական հարաբերությունների մեջ է եղել Վալոդյա Գրիգորյանի հետ եւ այդ պահին եղել են միասին։ Դեպքի պահին նա ծառայության մեջ չի եղել։
Հիշեցնենք նաեւ, որ փետրվարի 5-ին Մերձավան համայնքում կրկին կրակոցներ էին հնչել։ Դեպքի առթիվ քրեական հետապնդում էր հարուցվել 9 անձի նկատմամբ, որոնցից 3-ը ձերբակալվել էին։ Հնչած կրակոցների հետևանքով մեկ մարդ զոհվել էր։ Սպանվածը «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակով ապագանու անդամ Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին էր՝ 29-ամյա Գրիգոր Օհանյանը։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ