Մատենադարանում ընթանում է ՀՀ առաջին նախագահ, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեւոն Տեր-Պետրոսյանի 80-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը։
Լրագրողները մի քանի հարց են ուղղել Լեւոն Տեր-Պետրոսյանին վերջին զարգացումների վերաբերյալ։ Հարցին, թե ինչո՞ւ է վերջին շրջանում ակտիվացել ու քննադատում Նիկոլ Փաշինյանին, դա նախընտրական փուլո՞վ է պայմանավորված, առաջին նախագահը կարճ պատասխանել է․ «Հարկ համարեցի, խոսեցի»։
Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, թե Ղարաբաղի հարցով բանավեճի է հրավիրում նախկին նախագահներին։ Հարցին, թե ինչո՞ւ ինքը չի գնում Նիկոլ Փաշինյանի հետ բանավճելու, Լեւոն Տեր-Պետրոսյանը պատասխանել է․ «Ասել եմ՝ թող հրապարակի Ղարաբաղի վերաբերյալ բոլոր փաստաթղթերը, որոնք իր ձեռքի տակ են։ Չի հրապարակում, թող հրապարակի»։ Հարցին՝ եթե Նիկոլ Փաշինյանը հրապարակի այդ փաստաթղթերը, ինքը կգնա՞ նրա հետ բանավեճի, առաջին նախագահը պատասխանել է․ «Եթե հրապարակի, արդեն վեճը վերջացած կլինի, որովհետեւ ամեն ինչ ասված է այնտեղ»։
Լեւոն Տեր-Պետրոսյանի հասցեին մեղադրանքներ են հնչում, թե Նիկոլ Փաշինյանն իր հոգեզավակն է։ Նա, անդրադառնալով այս մեղադրանքներին, ասել է․ «Ուրիշներն են ասում, ես ասե՞լ եմ, որ իմ հոգեզավակն է»։ Դիտարկմանը, որ Փաշինյանն իր կողքին էր կանգնած 2008 թվականին, նա պատասխանել է․ «Իմ կողքին էնքան մարդ էր կանգնած։ Էն ժամանակ շատ լավ էլ աշխատեցին իրենք բոլորը»։
Կարդացեք նաև
Դիտարկմանը, որ 2018 թվականին աջակցել է Նիկոլ Փաշինյանին, Լեւոն Տեր-Պետրոսյանը պատասխանել է․ «Հեղեղը ինչպե՞ս գնահատես, դա մի այնպիսի փոթորիկ էր, մարդը հաջողեց, պիտի գնահատես՝ մարդը ինչ նպատակ դրել էր, հասավ իր նպատակին»։
Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել է նաեւ, որ իր՝ փոխզիջման մասին թեզերը Նիկոլ Փաշինյանը կործանեց՝ Ստեփանակերտում հայտարարելով՝ «Արցախը Հայաստան է, եւ վերջ»։
Այն դիտարկմանը, որ կա կարծիք, թե իր խաղաղության թեզերով է առաջնորդվում Նիկոլ Փաշինյանը, Տեր-Պետրոսյանը պատասխանեց․ «Դա կեղծ համեմատություն է, բացարձակ ոչ մի կապ չունի իմ ղարաբաղյան քաղաքականոթյունն իր ղարաբաղյան քաղաքականության հետ»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ