Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանն իսկական արջ է: Սխալ կլինի մտածել, որ Ուկրաինան կարող է վերադարձնել տարածքները. Պեսկով

Սեպտեմբեր 24,2025 16:14

Կրեմլը համաձայն չէ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ենթադրության հետ, թե Ուկրաինան կարող է հաղթել Ռուսաստանի հետ պատերազմում՝ պնդելով, որ Մոսկվան կշարունակի այն, ինչն անվանում է «հատուկ ռազմական գործողություն», քանի որ «այլընտրանք չի տեսնում»: Այս մասին հայտնում է The Moscow Times-ը:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո Թրամփը հայտարարեց, որ Ուկրաինան կարող է վերադարձնել 2022 թվականին Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո կորցրած տարածքները:

Ըստ Թրամփի՝ Ռուսաստանի կողմից արագ հաղթանակ տանելու ձախողումը ցույց է տալիս, որ ՌԴ-ն թույլ է, քան թվում էր: ԱՄՆ նախագահը գովաբանել է Ուկրաինայի ոգին՝ նշելով, որ այն «միայն ամրանում է»:

«Պարոն Թրամփը կատարվողի վերաբերյալ Զելենսկու տեսանկյունն է լսել: Եվ, ըստ երևույթին, այս պահին հենց այդ տարբերակն է հանգեցրել մեր լսած գնահատականին», – ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը RBC Radio-ին տված հարցազրույցում:

Ավելի ուշ՝ մամուլի ասուլիսում Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, թե սխալ կլինի մտածել, որ Ուկրաինան կարող է վերադարձնել տարածքները:

Պեսկովը RBC Radio-ին ասել է. «Ռուսաստանը կշարունակի հատուկ ռազմական գործողությունը՝ մեր ազգային շահերն ապահովելու համար… Մենք սա անում ենք երկրի ներկայի և ապագայի համար։ Գալիք շատ սերունդների համար»։

Նրա խոսքով՝ Ռուսաստանն «այլընտրանք չունի»։ Պեսկովը շեշտել է, որ Մոսկվան վճռականորեն է տրամադրված լուծելու Ուկրաինայում պատերազմի «հիմնական պատճառները»:

«Պուտինը բազմիցս փորձել և առաջարկել է լուծել այդ արմատական ​​պատճառները», – նշել է Պեսկովը։

Թրամփը Ռուսաստանին «թղթե վագր» է անվանել՝ նշելով պատերազմից գրեթե չորս տարի անց Ուկրաինայի մեծ մասի վրա վերահսկողությունը ստանձնելու նրա անկարողությունը։ Նա մատնանշել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի վերջին հարվածների ալիքը ռուսական էներգետիկ օբյեկտների վրա, որոնք բենզինի պակաս և ռեկորդային բարձր գներ են առաջացրել ամբողջ Ռուսաստանում։

«Ռուսաստանը դժվար թե վագր լինի», – RBC Radio-ին ասել է Պեսկովը։ «Այն ավելի հաճախ ասոցացվում է արջի հետ։ Եվ թղթե արջ գոյություն չունի։ Ռուսաստանը իսկական արջ է։ Պուտինը մեր արջին բազմիցս է նկարագրել և տարբեր տոներով։ Դրանում թղթե ոչինչ չկա»։

Թրամփը նաև, որպես Մոսկվայի վրա ճնշում գործադրելու միջոց, մի շարք երկրների՝ այդ թվում՝ Չինաստանին, Հնդկաստանին և ԵՄ անդամներին կոչ է արել դադարեցնել ռուսական նավթի գնումները:

Պեսկովը մերժել է այդ գաղափարը՝ ասելով, որ Ամերիկայի նախկին գործարար նախագահը փորձում է մեծացնել ամերիկյան էներգակիրների վաճառքը։

«Ամենապարզ բանը ամբողջ աշխարհին ստիպելն է գնել ավելի թանկ ամերիկյան նավթ և ավելի թանկ ամերիկյան հեղուկ գազ», – ասել է Կրեմլի խոսնակը: «Եվ առանց որևէ բարդ դիվանագիտական ​​​​մանևրի դիմելու, Թրամփն, ըստ էության, դա է անում»։

Չնայած Ռուսաստանի վերաբերյալ իր հռետորաբանության խստացմանը, ԱՄՆ նախագահը մինչ այժմ խուսափել է ուղղակիորեն մեղադրել նախագահ Վլադիմիր Պուտինին Ուկրաինայի դեմ պատերազմ սկսելու համար: Ի պատասխան լրագրողների հնչեցրած հարցի, թե արդյոք նա կարծո՞ւմ է, որ Պուտինին կարելի է վստահել բանակցություններում, Թրամփն ասել է. «Ես ձեզ կտեղեկացնեմ մոտ մեկ ամսից»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930