Լրահոս
Օրվա լրահոսը

Պահպանողական մոտեցումներն ու խաղաղության բանալին

Սեպտեմբեր 24,2025 16:35

2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին՝ ինչպես և ակնկալվում էր քաղաքական քննարկումների հիմնական թեման դառնում է Արցախի հարցի արծարծումը Հայաստանի պետականության ծիրում։ Նախկին նախագահները ներկա իշխանություններին մեղադրում են արկածախնդրության մեջ, իսկ ներկաները նախկիններին՝ այդ արկածախնդրության հիմքերը դնելու մեջ։

Անկեղծ լինենք

 Քաղաքական-նախընտրական դիրքավորումներից դուրս, սակայն, լուսանցք է մղվում քաղաքական ուժերի կողմից հասարակությունն առաջնորդելու բարոյական պարտավորությունը։ Կանխատեսելի է, որ ընտրությունների արդյունքում ձևավորված իշխանություններն, ինչպես միշտ, կարդարանան, թե ժողովուրդն իրենց համապատասխան մանդատով չի օժտել, և զերծ կմնան պետության համար հույժ կարևոր որոշումներ ընդունելուց։ Անկեղծ լինելու պարագայում, սակայն, պիտի ընդունենք մեր անցյալի սխալները, ինչի նախապայմանն է ճիշտ ախտորոշել խնդիրները։

«Արցախը Հայաստան է և վերջ» արտայատությունն անելու մեջ մեղադրվող իշխանություններն արդարանում են, թե իրենք վերարժևորել են իրենց անցյալն ու դարձի եկել դեպի պետականություն, որ այդ արտահայտությունն անելիս փաստացի առաջնորդվել են ժողովրդի տրամադրություններով։ Այլ կերպ ասած ժողովրդին առաջնորդելու, նրան նոր՝ ավելի լուսավոր, պետականամետ ուղի առաջարկելու փոխարեն զբաղվել են ամբողխահաճությամբ, առաջարկել են այն, ինչը ժողովուրդը կընդուներ ծափերով։ Որպես այսպես վարվելու արդարացում՝ ներկայացվում է, մասնավորապես՝ 2018 թվականին սին հաղթանակներով սրսկված ժողովրդին ռացիոնալ առաջարկներով առաջնորդելու անհնարինությունը։ Այսօր էլ շատ դժվար է պատկերացնել, թեկուզ հանրային լայն աջակցությամբ, խաղաղության ՔՊ-ական մոդելի մասին խոսելով իշխանության մնալն ու այն իրագործելը։ Իրականության հետ աղերս ունեցող այս արդարացումը թե՛ իրատես քաղաքական գործիչների կողմից, թե՛ ժողովրդի կողմից ընկալվում է որպես զուտ արդարացում՝ Հայաստանը ղեկավարելու նոր մանդատ ձեռք բերելու նպատակով։ Իրականում՝ ոչ միայն սխալի ընդունումն է կարևոր, այլև սխալը ճիշտ ու լիարժեք ախտորոշելը, ինչը չի արվում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում անընդհատ կրկնում է խորհրդային իշխանությունների կողմից ձևավորված ապապետական արժեհամակարգի մասին։ Սակայն նա ոչ վաղ անցյալում հիանում էր այդ արժեհամակարգը ձևավորած խորհրդային ֆիլմերով։ Խորհրդային միությունը ներկայացնում է որպես անկախ պետականության խոչընդոտ, սակայն խորհրդային բռնազավթման ժամանակաշրջանը կոչում Երկրորդ հանրապետություն ու հռչակում 4-րդը որպես անելիք։ Այսպիսով, իրականում, գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ կրկին գործի է դրվում ոչ թե ժողովրդին առաջնորդելու անկեղծ, արդիական, ապագային միտված գործելակերպը, այլ քաղաքական մանիպուլյացիաների միջոցով ժողովրդի քվեն ստանալու, իսկ հետո իշխանության անգործությունը կամ հակառակն քայլերն ավելի լայն և խիստ մանդատի բացակայությամբ արդարացնելու արատովոր սովորույթը։

Ուրախալի է, որ կարծես թե՝ շրջանառությունից դուրս է եկել պետականության կործանման մասին դժոխային տեսարանների ներկայացումը։ Սակայն անկախության աստիճանի բարձրացման արագությունը գոհացուցիչ չէ։ Այս տեսակետից կարևոր եմ համարում պետական-արժեքային հենքի վրա առողջ քաղաքական առաջնորդության հաստատմանը նպաստող պահպանողական դիրքորոշումը․

 

  1. Թշնամանքն ու վրեժը քաղաքական կատեգորիաներ չեն

Թվում է, թե այս պարզ ճշմարտության մասին խոսելն անգամ ավելորդ է։ Սակայն մեր հասարակությունն առաջնորդելու հավակնություն ներկայացնող քաղաքական համայնքի որոշ միավորներն անգամ խթանում են այս խոսույթն ու ձևավորում այնպիսի ակնկալիքներ, որոնք անվտանգային նոր խնդիրներ են հասունացնելու։ Երբ դու ունես թշնամի կամ վրեժի իռացիոնալ զգացողություն, դու պոտենցիալ թիրախ ես, հիբրիդային զինվոր քո ենթադրյալ թշնամուն թեկուզ մարտավարական նկատառումներով վատություն անողի համար։ Որպես ասվածի կարևորության հիմնավորում, փորձենք պատասխանել պարզ հարցի․ Եթե Ռուսաստանը պատերազմ հայտարարի Թուրքիային կամ Ադրբեջանին, ապա քանի՞ հայ զենքը կվերցնի ձեռքը և կմասնակցի այդ պատերազմին հանուն ռուսների հաղթանակի։ Ողջամիտ կամ պահպանողական գործիչներն առաջնորդվում են իրավունքով, օրենքով։ Օրինակ՝ Արծվաշենը, ՀՀ-ից զավթված տարածքները հետ բերելը ազգային իրավունքի հարց է, դրանք ՀՀ անբաժան տարածքներ են։ Դրանք ազատագրելու հարցերը կարող են լուծվել խաղաղ կամ ռազմական ճանապարհով, բայց երկու դեպքում էլ հիմքում իրավունքն է, ոչ թե թշնամանքը, ատելությունը, վրեժը։

 

  1. Հայաստանի Հանրապետության ազգային շահ

Իշխանություններն իրենց քաղաքական գիծն արդարացնելու համար, և խուսափելով Հայաստանի ինքնիշխանության աստիճանի կտրուկ բարձրացման հնարավոր հետևանքներից, գնում են անհարկի զիջումների՝ դրանք փաթեթավորելով պետականության սահմաններն ամրապնդելու մասին արդարացումներով։ Այս մոլուցքով տարվելով, մոտ ապագայում հնարավոր է նաև Հայաստանի Հանրապետության փոխարինումն Իրական Հայաստանով։ Այս մտավարժանքի արդյունքում երկրորդվում է պետականության կարևոր ատրիբուտներից մեկը՝ Հայաստանի Հանրապետության ազգային շահը, տպավորություն ստեղծելով, թե Հայաստանի ազգային շահը տարածվում է միայն ՀՀ ինքնիշխան տարածքի վրա։ Իրականում, սակայն, բոլոր պետություններն ունեն կապուղիների, էներգակիրների, հաղորդակցության, սեփական քաղաքացիներին և ազգային ու քաղաքակրթական արժեքներն այլ պետություններում պաշտպանելու խնդիրներ։ ՀՀ-ն ևս ունի ազգային շահեր ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս, այդ թվում՝ Արցախում։ Եվ այդ շահերը իրավունք ունի պաշտպանելոը պետության գործիքներով, հարկ եղած դեպքում՝ բանակով։

 

  1. Սահմանադրություն և անկախության հռչակագիր

Մենք՝ պահպանողականներս, դեռևս 1990 թվականին խորհրդային Հայաստանի (խորհրդային բռնազավթման տարիներին) վերջին իշխանությունների կողմից նախաձեռնված անկախության գործընթաց սկսելու մասին հռչակագիրը համարել ենք Հայաստանի անկախության հռչակումը հնարավորինս ձգձգելու, ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունների ենթադրյալ հակազդեցությունից խուսանավելու միջոց։ Անկախությունը մեզ համար մշտապես եղել է գերնպատակ, ոչ երբեք՝ միջոց կամ սակարկման ենթակա։ Մենք թե՛ 1990-ի օգոստոսին, թե՛ հիմա համոզված ենք, որ պետությունը, որպես քաղաքականության գլխավոր նպատակ, չի կարող խարսխված լինել ապաքաղաքական մոտեցումների, վախերի, կասկածների վրա։ Հետադարձ հայացքով ենթադրելի է, որ եթե 1990-ի օգոստոսին Հայաստանը հռչակվեր անկախ, ինչպես առաջարկում էինք մենք ու այդ ժամանակ գործող բազմաթիվ այլ ուժեր, ապա հաջորդ 1 տարվա մեջ ՀՀ-ն առաջ կանցներ բախտակից երկրներից, և Արցախն էլ դե յուրե կհայտնվեր ՀՀ կազմում։ Նույնն է տեղի ունենում այսօր։ Եթե այսօրվա իշխանությունը անկախության ջատագով լիներ, ապա 2025-ի մարտի 26-ին ՀՀ-ն ոչ թե ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսկելու մտադրության մասին օրենք կընդուներ, այլ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ կներկայացներ։ Եթե ՔՊ-ն խաղաղության ջատագով լիներ, ապա Սահմանադրության հանրաքվեն կաներ առաջիկա կիրակի, ոչ թե 2026-ի ընտրություններից հետո։

Պահպանողական կուսակցությունն առաջնորդվում է վերոշարադրյալ մոտեցումներով, ինչը տակավին չի հաջողել դարձնել տարածված կարծրատիպ հանրության իներցիոն վախերի, ապապետական պատկերացումներով առաջնորդվող իշխանությունների հակազդեցության պատճառով։ Պահպանողական այս մոտեցումների ընկալման պարագայում է հնարավոր ձևավորել բովանդակային, առողջ քաղաքական բանավեճ՝ զերծ պոպուլիստական և վտանգավոր սպեկուլյացիաներից, սյուռեալիզմից։ Եվ պահպանողական այս մոտեցումներն են նաև խաղաղության բանալին ու պետության հարատևության առհավատչյան։

 

Հայկ Միրզոյան

Պահպանողական կուսակցության նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930