Մեծագույն հաճույքով լսեցի Լեւոն Տեր-Պետրոսյանի 80-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովում Պետերբուրգից ժամանած հրաշալի գիտնական Ալեքսանդր Խոսրոեւի զեկույցը՝ Քրիստոսի համբարձման տարեթվի մասին: Լրագրող գործընկերներս, սակայն, ինձ իջեցրին մեր ոչ այնքան հաճելի իրականություն եւ դրդում էին առաջին նախագահին, որ նա խոսի Փաշինյանի մասին:
Լրագրողների վարքը նորմալ է, ես էլ այդպես կվարվեի. 1-ին դարի իրադարձությունները եւ դրանց արտացոլումը տարբեր տեքստերում հետաքրքրում է ընթերցողների 0.01 տոկոսին (ինձ էլ՝ նրանց հետ միասին), իսկ 99.99 տոկոսին հետաքրքրում է, թե ով ում ինչ «քաղաքական ապտակ» տվեց, իսկ ավելի շատ այն, թե ինչպես է «քաղաքական ապտակ» ստացածը, ներողություն արտահայտությանս, «աբառոտկա ֆռացել»:
Այդ շրջանակներում ընթերցողների համար ամենահետաքրքիրը, թերեւս, ոչ թե ղարաբաղյան խնդրի կարգավորման տարբեր ծրագրերն են եւ 2019 թվականի ծրագրի վերաբերյալ ՔՊ-ականների ստերը, այլ «հոգեզավակի» թեման: Մարդկանց ամենուր ու միշտ ավելի հետաքրքիր է ոչ թե այն, թե ինչպես են լուծվել կամ լուծվում պետության խնդիրները, այլ՝ զուտ անձնական հարաբերությունները: Տվյալ դեպքում՝ այս թեման ունի երկու տեսանկյուն. 1/ որպես մեղադրանք Փաշինյանին՝ նա քեզ մարդ սարքեց, իսկ դու նրան փնովում ես, 2/ որպես մեղադրանք Տեր-Պետրոսյանին՝ էս ո՞ւմ էիր քո շուրջը հավաքել, քո կադրն է, ինչի՞ց ես բողոքում:
Որպես լրագրողական նյութ դա, կրկնեմ, հետաքրքիր է եւ նույնիսկ հուզիչ, բայց որպես քաղաքական վերլուծություն, իմ կարծիքով՝ ռելեվանտ չէ, որովհետեւ քաղաքականության մեջ մարդկանց ճանապարհները խաչվում են եւ բաժանվում են, «հոգեզավակության» մասին այստեղ խոսք չի կարող լինել: Մանավանդ այս պարագայում, երբ առկա է կրթության, դաստիարակության եւ ինտելեկտի խորը անդունդը:
Կարդացեք նաև
Ուրիշ հարց, որ այսօր Փաշինյանը, որպես վարչապետ, այնպիսի բաներ է ասում Հայաստանի Հանրապետության անցած ուղու մասին, որոնք, իմ կարծիքով, բացարձակապես համատեղելի չեն նրա պաշտոնի հետ: Եթե նա համաձայն է Ալիեւի հետ եւ իսկապես կարծում է, որ Հայաստանը, Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, «օկուպացրել» էր հարեւան երկիրը, ապա 2018-ին, ստանձնելով վարչապետի պաշտոնը, նա պետք է դրա մասին հայտարարեր եւ վերջ դներ «օկուպացիային», ոչ թե մի քանի անգամ այցելեր «օկուպացված գոտի», Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս, այնտեղ շփվեր մեր զինվորների հետ եւ բոցաշունչ ճառեր արտասաներ:
Բայց դա անձնական հարաբերությունների հետ ոչ մի կապ չունի:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ