Լրահոս
Օրվա լրահոսը

«Հոգեզավակի» թեման հուզիչ է, բայց՝ ոչ ռելեվանտ

Սեպտեմբեր 25,2025 10:00
Levon ter-petrosyan

Մեծագույն հաճույքով լսեցի Լեւոն Տեր-Պետրոսյանի 80-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովում Պետերբուրգից ժամանած հրաշալի գիտնական Ալեքսանդր Խոսրոեւի զեկույցը՝ Քրիստոսի համբարձման տարեթվի մասին: Լրագրող գործընկերներս, սակայն, ինձ իջեցրին մեր ոչ այնքան հաճելի իրականություն  եւ դրդում էին առաջին նախագահին, որ նա խոսի Փաշինյանի մասին:

Լրագրողների վարքը նորմալ է, ես էլ այդպես կվարվեի. 1-ին դարի իրադարձությունները եւ դրանց արտացոլումը տարբեր տեքստերում հետաքրքրում է ընթերցողների 0.01 տոկոսին (ինձ էլ՝ նրանց հետ միասին), իսկ 99.99 տոկոսին հետաքրքրում է, թե ով ում ինչ «քաղաքական ապտակ» տվեց, իսկ ավելի շատ այն, թե ինչպես է «քաղաքական ապտակ» ստացածը, ներողություն արտահայտությանս, «աբառոտկա ֆռացել»:

Այդ շրջանակներում ընթերցողների համար ամենահետաքրքիրը, թերեւս, ոչ թե ղարաբաղյան խնդրի կարգավորման տարբեր ծրագրերն են եւ 2019 թվականի ծրագրի վերաբերյալ ՔՊ-ականների ստերը, այլ «հոգեզավակի» թեման: Մարդկանց ամենուր ու միշտ ավելի հետաքրքիր է ոչ թե այն, թե ինչպես են լուծվել կամ լուծվում պետության խնդիրները, այլ՝ զուտ անձնական հարաբերությունները: Տվյալ դեպքում՝ այս թեման ունի երկու տեսանկյուն. 1/ որպես մեղադրանք Փաշինյանին՝ նա քեզ մարդ սարքեց, իսկ դու նրան փնովում ես, 2/ որպես մեղադրանք Տեր-Պետրոսյանին՝ էս ո՞ւմ էիր քո շուրջը հավաքել, քո կադրն է, ինչի՞ց ես բողոքում:

Որպես լրագրողական նյութ դա, կրկնեմ, հետաքրքիր է եւ նույնիսկ հուզիչ, բայց որպես քաղաքական վերլուծություն, իմ կարծիքով՝ ռելեվանտ չէ, որովհետեւ քաղաքականության մեջ մարդկանց ճանապարհները խաչվում են եւ բաժանվում են, «հոգեզավակության» մասին այստեղ խոսք չի կարող լինել: Մանավանդ այս պարագայում, երբ առկա է կրթության, դաստիարակության եւ ինտելեկտի խորը անդունդը:

Ուրիշ հարց, որ այսօր Փաշինյանը, որպես վարչապետ, այնպիսի բաներ է ասում Հայաստանի Հանրապետության անցած ուղու մասին, որոնք, իմ կարծիքով, բացարձակապես համատեղելի չեն նրա պաշտոնի հետ: Եթե նա համաձայն է Ալիեւի հետ եւ իսկապես կարծում է, որ Հայաստանը, Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, «օկուպացրել» էր հարեւան երկիրը, ապա 2018-ին, ստանձնելով վարչապետի պաշտոնը, նա պետք է դրա մասին հայտարարեր եւ վերջ դներ «օկուպացիային», ոչ թե մի քանի անգամ այցելեր «օկուպացված գոտի», Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս, այնտեղ շփվեր մեր զինվորների հետ եւ բոցաշունչ ճառեր արտասաներ:

Բայց դա անձնական հարաբերությունների հետ ոչ մի կապ չունի:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    Առնվազն երեք անգամ պատերազմից առաջ (բայց հայտնի «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»-ից հետո) և դրանից հետո, Տեր Պետրոսյանն ուղղակի կամ անուղղակի պաշտպանել է Նիկոլին, ինչպես ինքն էր ասում, «չգնահատված հանճարներից, սադրիչներից ու չարակամներից, հայտնի ուժերի վերահսկողության տակ գտնվող անթիվ լրատվամիջոցներից ու հարյուրավոր ֆեյքերից » (!!!!)։ 22 թվին՝ դիմադրության շարժման ժամանակ, նա հայտարարեց․ «Հետևաբար, ով էլ լինի Փաշինյանի փոխարեն՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը կամ թեկուզ Իշխան Սաղաթելյանը, միևնույն է՝ նրանք հլու-հնազանդ ընդունելու են այն լուծումը, ինչը փաթաթվելու է Հայաստանի վզին։ Խնդիրն, ըստ այդմ, Հայաստանի ղեկավարի անձից կախված չէ»։ Հիմա հղում է անում 2019 թ․ Նիկոլի մերժած խաղաղության պլանին, ասում է․ «Փաշինյանը թող հրապարակի Ղարաբաղի վերաբերյալ բոլոր փաստաթղթերը, որոնք իր ձեռքի տակ են։ Եթե հրապարակի, արդեն վեճը վերջացած կլինի, որովհետեւ ամեն ինչ ասված է այնտեղ»։ Ինչ է, 22 թվին չգիտե՞ր դրա մասին․ պարբերաբար հանդիպում էր եռանախագահ երկրների դեսպանների հետ։
    Գիտե՞ք ինչն է «ոչ ռելեվանտ», այն որ մեր եռանախագահները, ներառյալ Տեր Պետրոսյանը, դեռ երես ունեն պարբերաբար քաղաքական հայտարարություններ անելու ու դրանով խաղալու պատուհասի խաղը։

  2. Հ.Շ. says:

    Անձնականը լրիւ մէկդի դնենք: Ինչպէս նաեւ բոլոր դաւադրական տեսութիւնները:

    Իրողութիւնը այն է որ՝ Փաշինյանի քաղաքական ասպարէզը ծայր տուաւ, որ՝ Փաշինյանը քաղաքական ուժ եւ հեղինակութիւն ստացաւ, որ՝ Փաշինյանը մտաւ քաղաքական դաշտ, շնորհիւ Լևոն Տեր-Պետրոսյան-ին: 2007էն սկսեալ:

    Առաջին նախագահն է որ, բառացիօրէն եւ փոխաբերական իմաստով՝ Փաշինյանի ձեռքէն բռնեց ու զայն բարձրացուց քաղաքական բեմ:

    Լևոն Տեր-Պետրոսյան-ի նպատակը այն էր, որ այդ երիտասարդը իրեն ծառայէր: Սակայն վերջինս իրեն անցա՜ւ ու գնաց: Եւ հիմա արհամարհում է իրեն:

    Ինծի համար անհասկնալի է թէ ինչպէ՞ս այդքան մեծ թիւով՝ հասուն, փորձառու, խելացի մարդիկ, չտեսան թէ ի՞նչ տեսակի արարած մըն է Փաշինյանը: Բացատրութիւնը այն է որ բոլորն ալ կուրացած էին իրենց հաշիւներով եւ/կամ անվայել զգացումներով: Եւ ուրեմն ինք, իրենց բոլորին յաղթեց: Սրա համար է որ ինք համարում է թէ ինք չէ պարտուած, այլ յաղթական է:

    Մ. Հայդուկ Շամլեան

  3. Սարգիս Զեյթունյան says:

    Հասուն, փորձառու մարդկանց տեսնելը քիչ էր։ Հայաստանն արդեն այնքան թույլ էր ու խոցելի, որ փոխանակ մենք իր թերությունները տեսնեինք ու դեմն առնեինք, դրսից իր առավելությունները տեսան ու օգտագործեցին իրենց նպատակների համար։

    • Հ.Շ. says:

      բայց խօսքս հայաստանցիներուն մասին է. Հայաստանի մէջ, հայաստանցի քաղաքական անձերուն. ներառեալ ուրեմն Առաջին նախագահը. ինչպէս նաեւ այժմու պաշտօնական ընդդիմութեան բոլոր ղեկավարները, կարկառուն դէմքերը. սրանք բոլորե կամ ձայն-ձիւն չհանեցին, կամ էլ – ԱԺում – ուղղակի մասնակցեցան Փաշինյանի նախնական ընտրութեան որպէս վարչապետ.

      անդրոյ առարկայ անձիքը, եթէ կարծեցին թէ պիտի կարենան զինք շահագորել, ուրեմն բոլորն ալ՝ ոչ հասուն էին, ոչ փորձառու, եւ ոչ խելացի.

      2007էն մինչեւ 2018, իրենց համար գինէ բացայայտ պէտք է որ լիներ թէ այս ինչ տեսակի վտանգաւոր արարած մըն է, եթէ տիրանայ իշխանութեան.

  4. Ս. Զեյթունյանը իզուր չէ որ կրկնում է ‘դրսից’-ը: Հայաստանի թուլանալը ու խոցելի դառնալը նաև շնորհիվ էր հետևողական տարվող աշխատանքի դրսից: Հետևողականությունը բնորոշ չէ հայերին: Չէ որ թուլանալը ու գնալով ավելի խոցելի դառնալը շարունակվում է: Դրսից չէ՞ր 1999-ի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը: Չեմ կարող բացառել` այն որ մինչ այժմ չկան հարցերի պատասխանները կարող է նշանակել, որ mastermind-ը դեռ մեծ ‘կարևորություն’ ունի ՀՀ-ում ու անհասանելի է (ամեն իմաստով):

    Ես խնդրում, պաղատում եմ դադարեցնենք բաժանարար քննարկումները: Հաշված օրեր են մնացել 2026-ի հունիսի 27-ի ընտրուտյուններից: ‘Ո՞վ է բերել նիկոլին’ հարցը այս փուլում irrelevant է: Այս փուլում նման բաներով մեզ զբաղեցնելը կտրուկ թուլացնում ու ավելի խոցելի է դարձնում հականիկոլական դաշտը` սնուցող հեղուկ է մղում նիկոլ-հրեշի քաղաքական և ֆիզիկական օրգանիզը: Ես պատկերացնում եմ իրեն նման քննարկումները կարդալուց, խաշլամայի հաջորդ պատառը բերանը տանելուց ասելիս. ‘Պառակտվեք, պառակտվեք: Ես մատս մատին չպիտի տամ, դուք ինքներդ եք իրար տալով ազատելու իմ ճանապարը հավիտենական իշխանության:’

    Եթե չկա խորը գիտակցված մեկ պահանջ, որ նիկոլը չպիտի լինի ղեկին, համարեք որ 2026-ի ընտրությունները մենք կորցրել ենք: Ճակատամարտ գնացողը չի կարող հաղթել եթե միտքը զբաղեցնում են նրանով թե ով բերեց թշնամուն քաղաքի դարպասներից ներս` այն արդեն այնտեղ է: Փրկել է պետք պետականությունը:

    • Հ.Շ. says:

      Փաշինյանը տեղը կը բերէք՝ ո՜վ որ ուզէք, ով որ կարենաք բերել, յաջողութիւն: Սակայն ՀՀէն դուրս, ոչ-հայաստանցի, մի քանի միլիոն հայեր կան… Ուրեմն դուք հիմա ուզում էք որ՝ բան չասենք, նոյնիսկ եթէ Փաշինյանին տեղը պիտի գան անձեր, որոնք իրենք Փաշինյանը բերին !

      Դուք բերիք Փաշինյանը: Հիմա եթէ ձեր ամբողջ երկրին մէջ, անկարող էք գտնելու, ճարելու մէկը, որ կապ չունենայ նրանց հետ որոնք Փաշինյանը բերին, դեհ ուրեմն, Փաշինյանը թող մնա՛: Փաշինյնաը բերո՞ղները պիտի փոխարինեն Փաշինյանին: Որպէս իրենց վարձատրութի՞ւնը , արդեօք:

      2018ին գարնան ալ իմ նմաններին լռեցնում էին, երբ որ ահազանգ էինք հնչեցնում որ դադարեցուցէք այդ փողոցային յիմարութիւնը, Փանինյանի մը մի յանձնէք Հայ Ազգի ճակատագիրը: Ու հիմա էլ պիտի լռենք, որպէսզի՝ էն վախտ, այդպէս մեզ լռեցնո՞ղները կարենան հասնիլ իշխանութեան:

      Ի դէպ, կայ մի թեկնածու, որ ինք վստահաբար չբերեց Փաշինյանը: Բանտում նստած է: Չեմ ասում որ բացառիկ անձ մըն է, վստահաբար սուրբ մը չէ, բայց գոնէ ինք չէ գործած մահացու մեղքը՝ Փաշինյանը բերելու: Միւս բոլորի՛ն՝ ով եւ ինչ լինելը շատ յստակ է: Եւ նրանք իրաւունքը չունին տիրանալու իշխանութեան, նոյնիսկ եթէ այդպէսով, Փաշինյանը պիտի մնայ իր գահին վրայ: Որուն վրայ զինք բազմեցուցիք դուք՝ հայաստանցիներդ – ՀՀի մէջիններն ու հայաստանցիների սփիւռքը որոնք իբրեւ թէ պիտի խուռներամ վերադառնային իրենց երկիրը, Փաշինյանի յաղթանակէն ետք – : (Ի դէպ, Արցախի հայերն ալ ծափահարեցին 2018 պետական յեղաշրջումը, եւ Փաշինյանին չըրախը ընտրեցին որպէս իրենց վարչապետը: Ապա, իրենց այդ յատուկ իրականութեան մէջ, սկսան ռուսների դէ՛մ բաներ ասել: )

      Փրկել է պէտք պետականութիւնը՝ պետականութիւնը յանձնելով նրանց, որոնք պետականoւթիւնը յանձնեցին՝ պետականութիւնը խորտակողին ?!?! Եւ ամէն դէպքում, այդտեղ, երբեւիցէ՝ ի՞նչ «պետականութիւն»…

      • Սարգիս Զեյթունյան says:

        Իզուր եք հաճախ տուրք տալիս Ձեր զգացմունքներին։ Դրանք ավելի համոզիչ չեն դարձնում Ձեր փաստարկները։ Իզուր եք հայաստանցի – ոչ հայաստանցի ջրբաժան դնում Ձեր մեկնաբանություններում։ Ես չգիտեմ, թե Դուք որտեղ եք ապրում, բայց այնտեղ, ուր ապրում եք, մարդիկ իրենց հավաքականության մեջ ավելի հասուն ու գիտակից չեն, քան հայաստանցիները կամ արցախցիները։ Եթե լինի ծրագիր ու գտնվի մեկը, որ մարդկանց ատելության խոսքով կկարողանա ամբոխ դարձնել, ապա այդ ծրագիրը հնարավոր կլինի իրականացնել․ ոչ միայն Հայաստանի պես երկրում, այլ նաև Գերմանիայի։ Նույնիսկ մտավորականների դիմադրության հարցում ենք մենք համեմատելի․ Գերմանիայում էլ առանձնապես դիմադրություն չեղավ։ Միայն Թոմաս Մանն ու Բերթոլդ Բրեխտը, այն էլ՝ դրսից։ Իրենց մոտ էլ, հաստատ, գտնվել են Հենրիկ Հովհաննիսյանի նման կրթված ու ինտելեկտուալ մտավորականներ, որ ձոներ են նվիրել իրե՛նց պատուհասին։ Երևի բոլոր ժողովուրդների մոտ էլ եղել են այսպիսի «Գոդոյին սպասելիս» վիճակներ։ Շատերի մոտ Գոդոն, այնուամենահյնիվ, եկել է։ Երևի վաղ թե ուշ մեզ մոտ էլ կգա։

        • Հ.Շ. says:

          Բայց… «Գոդոյին սպասելիս» ի աւարտին, Գոդոն երբեք չի գար:

          Իսկ այդ բաղդատականները ինքզինք մխիթարելու զուր ջանքեր են: Եւ իմ գրածս է, որ զուտ մտային է:

          Որեւէ երկրի մէջ, այդ տարողծութեամբ պարտութեան մը եւ կորուստներուն համազօր աղէտի մը ժամանակ երկիրը ղեկավարողը, անկէ ետք, երբեք չէ վերընտրուած:

          ՀՀի էական խնդիրը Փաշինյանը չէ: Այլ այն իրողութւնը, որ այդ երկում չկան բաւարար չափով – ոչ իսկ տարրական չափով – ազգային ուժեր: Որեւէ ոլորտում, որեւէ մակարդակի վրայ:

          • Սարգիս Զեյթունյան says:

            …«Որեւէ երկրի մէջ, այդ տարողութեամբ պարտութեան մը եւ կորուստներուն համազօր աղէտի մը ժամանակ երկիրը ղեկավարողը, անկէ ետք, երբեք չէ վերընտրուած:»
            Եթե մի երկրում հնարավոր է եղել այդպիսի անհեթեթություն, ուրեմն մի բացառեք նաև Գոդոյի գալը:

Պատասխանել Անանուն

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930